Փիթէր Սեմնէբին՝ Հայաստանում ժողովրդավարութեան եւ հայ-թուրքական մերձեցման գործընթացի մասին


«Թուրքիան անդամակցութեան ճանապարհին դեռ շատ անելիքներ ունի, սակայն միանշանակ դրական ազդեցութիւն կարող է ունեալ հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացումը»:



Ռուբէն Մելոյեան
Հարաւային Կովկասում Եւրամիության յատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ազատութիւն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրոյցում անդրադարձել է Հայաստանում քաղաքական իրավիճակին, ժողովրդավարութեան խնդիրներին, հայ-թուրքական մերձեցման գործընթացին եւ Ղարաբաղեան խաղաղ կարգաւորմանը:
Ներքաղաքական իրավիճակ եւ ժողովրդավարութեան հարցեր

«Քաղաքական իրավիճակը Հայաստանում դեռեւս մեծապէս կրում է անցած տարւայ մարտի 1-ի ողբէրգական իրադարձութիւնների ազդեցութիւնը, սակայն կան յոյսեր եւ ակնկալիքներ, որ քայլեր կձեռնարկւեն դրա հետեւանքները յաղթահարելու ուղղութեամբ», - ասաց Սեմնեբին՝ շարունակելով.- «Յուսով եմ, որ վճռական քայլեր կձեռնարկւեն եւ Հայաստանը կը շրջի պատմութեան այդ էջը, ինչպէս նաեւ ապագայի համար դասեր կքաղի եւ նման առճակատումները կբացառւեն։ Դա կը պահանջի ինչպէս իշխանութիւնների, այնպէս էլ ընդդիմութեան պատասխանատու մօտեցումը։ Դրա համար կպահանջւի նաեւ, որ Հայաստանը յստակեցնի քաղաքական խաղի կանոնները: Սա ներառում է ընտրական օրէնսդրութիւնը, ընտրութիւնների պատշաճ անցկացումը, լրատւամիջոցների հետ կապւած հարցեր եւ այլ: Հայաստանը դեռ չի հասել դրան»:
Թւարկւած հարցերը, նրա խօսքով, Հայաստանում խիստ վիճայարոյց են, եւ խանգարել են, որպէսզի երկրում ընտրական մրցակցութեան ժամանակ ուշադրութիւնը կենտրոնանայ երկրի համար առաւել կարեւոր հարցերի վրայ. - «Չափազանց մեծ ջանքեր են վատնւել ընթացակարգերի, թերութիւնների եւ ընտրախախտումների մեղադրանքների վրայ»։
Հարաւային Կովկասում Եւրամիութեան յատուկ ներկայացուցիչը իր անհամաձայնութիւնը հնչեցրեց Հայաստանում շրջանառւող տեսակէտի առնչութեամբ, թէ պաշտօնական Բրիւսելը աւելի մեծ ուշադրութիւն է դարձնում «ֆուտբոլային դիւանագիտութեանը», հայ-թուրքական յարաբերութիւններին, քան Հայաստանում ժողովրդավարութեան խնդիրներին. - «Ժողովրդավարութեան, օրէնքի գերակայութեան, արդար կառավարման, մարդու իրաւունքների, նոյն մարտի 1-ի ողբէրգական իրադարձութիւնների հետ կապւած հարցերը միշտ էլ Հայաստանի իշխանութիւնների հետ բանակցութիւնների օրակարգի առաջնահերթութիւններից են։
Ես դրանք քննարկել եմ իմ այս այցի ընթացքում Հայաստանի նախագահի եւ իշխանութիւնների այլ ներկայացուցիչների հետ: Այս հիմնարար հարցերը Հայաստան-Եւրամիութիւն սերտ յարաբերութիւններում վստահութեան եւ համագործակցութեան հիմք են եւ երբէք չեն անտեսւում»։
Հայ-թուրքական յարաբերութիւններ

Պիտէր Սէմնեբին վերահաստատեց, որ Եւրամիութիւնը ողջունում է հայ-թուրքական յարաբերութիւններում ձեռքբերւած առաջընթացը եւ ակնկալում այս գործընթացի հետագայ խորացում:
«Կարծում եմ կողմերը աւելիին են հասել, քան շատերը կարող էին մտածել: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր գործընկերները եւ Եւրամիութեան անմիջական հարեւանները` Թուրքիան եւ Հայաստանը, նորմալ յարաբերութիւններ ձեւաւորեն: Բնականաբար հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացման վերաբերեալ արձանագրութիւնների ստորագրումը ներքին գործընթաց է եւ պէտք է քննարկւի 2 խորհրդարանների կողմից», - շարունակեց եւրոպացի դիւանագէտը` յաւելելով. - «Յուսով ենք եւ ակնկալում ենք, որ արձանագրութիւնները կը վաւերացւեն որքան հնարաւոր է արագ, քանի որ համոզւած ենք, որ յարաբերութիւնների նորմալացումը եւ արձանագրութիւնների բովանդակութիւնը մեծապէս արտացոլում են 2 կողմերի շահերը»:
Փիթէր Սէմնեբին զրոյցում նշեց, որ չէր ցանկանայ շահարկել հարցը, թէ ինչ ազդեցութիւն կունենայ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը Եւրամիութեանը Թուրքիայի անդամակցութեան գործընթացի վրայ. - «Թուրքիան անդամակցութեան ճանապարհին դեռ շատ անելիքներ ունի, սակայն միանշանակ դրական ազդեցութիւն կարող է ունեալ հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացումը»:
«Եթէ առաջիկայ 2 ամսում հասնենք հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացմանը, դա շատ կարեւոր եւ կառուցողական տարրեր կը մտցնի Հայաստանի եւ Թուրքիայի հետ Եւրամիութեան յարաբերութիւններում», - նշեց դիւանագէտը:
Իսկ որքանով են փոխկապակցւած հայ-թուրքական յարաբերութիւնների նորմալացումը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորումը` հաշւի առնելով Թուրքիայի իշխանութիւնների կողմից անընդհատ հնչեցւող յայտարարութիւնները, թէ արձանագրութիւնների վաւերացումը եւ սահմանի վերաբացումը անհնար են առանց Ղարաբաղի հարցում լուրջ առաջընթացի:
«Ազատութիւն» ռադիոկայանի այս հարցին Փիթէր Սէմնեբին պատասխանեց, որ «պաշտօնապէս որեւէ կապ չկայ, սակայն որեւէ մէկը չի կարող անտեսել փաստը, որ հակամարտութիւններից իւրաքանչիւրը, կախւած դրա կարգաւորման ուղղութիւնից, ազդեցութիւն է ունենալու տարաշածրջանի երկրների միջեւ վստահութեան մթնոլորտի ձեւաւորման վրայ»:

0 Պատգամ: