Ադանայի Ջարդի Հարիւրամեակին Նւիրւած Համագումար
ԱՆԹԻԼԻԱՍ. Հինգշաբթի 29 Հոկտեմբերին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Արամ Ա. կաթողիկոսի, Անթիլիասի Մայրավանքի Վեհարանի մէջ բացումը կատարւեց Ադանայի ջարդի հարիւրամեակին նւիրւած համագումարի, մասնակցութեամբ Լիբանանից, Սուրիայից, Հայաստանից, Կիպրոսից, Յունաստանից, Իտալիայից, Ֆրանսիա, Իրանից եւ այլ երկրներից ժամանած մասնագէտների:
Համագումարի բարի գալստեան խօսքը արտասանեց կազմակերպիչ յանձնախումբի ատենապետ Նարէկ եպս. Ալեէմէզեանը: Ապա, հայրապետական իր օրհնութիւնը տալով համագումարին, վեհափառ կաթողիկոսը սոյն համագումարի արդիւնաւէտ աշխատանքի համար կատարեց մի շարք թելադրութիւններ:
«Զգացականի դիմաց՝ իրապաշտը, ընդհանրացումների փոխարէն՝ մասնաւորը, նկարագրողականի տեղ՝ վերլուծականը տալ», թելադրեց նա: «Մենք ասելիք ունենք, սակայն մեր խօսքը չէ՛ այդ միայն, այլ մեր նահատակների խօսքը, որ պէտք է ասենք յստակօրէն», աւելցրեց նա:
Բացման նիստին, Մկրտիչ Պուլտուգեանը ներկայացրեց համագումարի առաջին նիւթը, որ Ադանայի մէջ հայութեան ներկայութեան մասին համապարփակ ծանօթացում էր, իր հոգեւոր, կրթական, ընկերային, թւային ու այլ բնագաւառներով: Ապա, առաջին նիստը յատկացւեց ականատեսների վկայութիւններին եւ ուսումնասիրութիւնների:
Սոյն բաժնի մէջ, դասախօսութիւններ ներկայացրեցին Արմէն Գլոտ Մութաֆեանը («Ադանան Եւրոպացի ճամբորդների համաձայն»), Ժերար Տէտէյեանը («Միջամուխ լինելու իրաւունքի մի ռահվիրայ ՝ ֆրանսիացի հիւպատոս Ֆերտինանտ Ռօք-Ֆէրիէ»), որի դասախօսութիւնը իր բացակայութեան պատճառով կարդացւեց, եւ Նազարէթ Բէրբէրեանը («Ազատախոհ Եւրոպայի պատասխանատուութեան բաժինը Ադանայի կոտորածի նախաձեռնողները անպատիժ ձգելու յանցագործութեան մէջ»):
Երեւանից ժամանած զեկուցաբերներ Վերժինէ Սվազլեան եւ Քնարիկ Աւագեանը ներկայացրեցին «Ադանայի կոտորածը ըստ ականատես վերապրողների վկայութիւնների» եւ «Ադանայի կոտորածը եւ ամերիկահայութիւնը» զեկոյցները: Ապա ներկաները ունկնդրեցին Գրիգոր Ծ. վրդ. Չիֆթճեանի «Մուշեղ եպս. Սերոբեանի օրագիրը» զեկոյցին:
Մուշեղ եպս. Սերոբեանը եղել է Ադանայի առաջնորդ, ու թէեւ ջարդի օրերին նա բացակայ է եղել Կիլիկիաից, սակայն նրա օրագրութիւնները Ադանայի մասին կատարւած ուսումնասիրութիւնների մէջ կարեւոր տեղ էր գրաւում: Պատմաբան Երւանդ Փամպուքեանը զեկուցեց «Սիմոն Զաւարեան եւ Ադանայի աղէտը» թեմայի շուրջ: Աղէտի օրերին Զաւարեանը գտնւում էր Պոլիս:
Իր կուսակցական ընկերներին գրած նամակների մէջ նկարագրւում էին ջարդերի ահաւոր տեսարանները: Հոկտեմբեր 29ին, համագումարի երկրորդ օրը ելոյթներ ունեցան նաեւ Կիպրոսի թեմի կաթողիկոսական փոխանորդ Վարուժան արք. Հերկելեանը, որ ներկայացրեց «Ադանայի կոտորածը եւ Կիպրոսը», եւ Կարօ Յովհաննէսեանը՝ «Հայութեան նիւթական եւ մարդկային կորուստը Ադանայի մէջ» զեկոյցը:
Վարուժան արք. Հերկելեանի զեկոյցից իմացանք, որ հաւանաբար Կիլիկիայի աղէտի զոհերի առաջին յուշարձանը Լառնակայի Ս. Ստեփանոս մատուռն է՝ կառուցւած 1912 թւականին:
Բոլոր նիստերին յաջորդեցին լայն քննարկումներ:
0 Պատգամ:
Post a Comment