Գագիկ Ծառուկեանը Բուլղարիայում ձեռք է բերել
Gorna Banya հանքային ջրերի գործարանը


«Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկեանը շուրջ 25 միլիոն եւրոյով Բուլղարիայում ձեռք է բերել Gorna Banya հանքային ջրերի գործարանը: Այդ մասին հաղորդում են բուլղարական The Sofia Echo պարբերականը եւ Novinite լրատւական գործակալութիւնը:

Ինչպէս մանրամասնում է The Sofia Echo-ն, բուլղարական ընկերութեան նոր տէրերը, արդէն իսկ գրանցւած գործարքի մասին փաստաթղթերի համաձայն, Գագիկ եւ Ջաւահիր Ծառուկեաններն են:
Ընկերութեան նախկին երեք սեփականատէրերից մէկը` Եւգէնի Գորանովը լրագրողներին փոխանցել է, որ գործարքը տեղի է ունեցել նախորդ շաբաթւայ վերջին:
Նախկին սեփականատէրերը պատրաստւում են ստացւած 25 միլիոն եւրոյից 20 միլիոնով մարել ընկերութեան կուտակած պարտքերը, իսկ 3,5 միլիոնը կփոխանցւի բրիտանական ներդրումային մի ընկերութեան:
Բուլղարական լրատւամիջոցները նշում են, որ այս ընկերութիւնը հայաստանցի գործարար, նախկին մարզիկ Գագիկ Ծառուկեանի առաջին ձեռքբերումն է Բուլղարիայի տարածքում:
Ըստ գրանցւած փաստաթղթերի` Gorna Banya-ն արդէն իսկ կառավարիչ ունի. այն կղեկավարի Զաւէն Ասատուրովը:
Gorna Banya Bottling Company-ն նաեւ մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնւող հանքային ջրերի երեք աղբիւրներ 25 տարով օգտագործելու իրաւունք ունի, որը, The Sofia Echo-ի փոխանցմամբ, երկրի բնապահպանութեան նախարարութիւնը կարող է երկարաձգել եւս 35 տարով:
Գագիկ Ծառուկեանի մամլոյ խօսնակ Խաչիկ Գալստեանը «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում հաստատեց Gorna Banya-ի ձեռք բերման մասին տեղեկատւութիւնը:

Աստղիկ Բեդեվեան

0 Պատգամ: