ԵՄ նախագահի ամենահաւանական թեկնածուն դէմ է Թուրքիայի ԵՄ անդամութեանը

14:22 / 19.11.2009
Բելգիայի վարչապետ Հերման Վան Ռոմպէյը, ով համարւում է Եւրամիութեան նախագահի պաշտօնի ամենահաւանական թեկնածուն, դէմ է հանդէս եկել Թուրքիայի ԵՄ անդամակցութեանը, դա բացատրելով նրանով, որ Թուրքիայի անդամակցութեամբ խախտւում է Եւրոպայի քրիստոնէական ժառանգութիւնը: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph-ը:
Յիշեցնենք, որ ԵՄ առաջին նախագահի ընտրութիւնները տեղի են ունենում այսօր` Բրիւսելում: Ռոմպէյը դեռեւս 5 տարի առաջ էր յայտարարել, որ անհնար է մահմեդական Թուրքիային թողնել, որ դառնայ ԵՄ անդամ: «Թուրքիան Եւրոպայի մաս չէ եւ երբէք այդպիսին չի լինի: ԵՄ-ի ընդլայնումը չի կարող տեղի ունենալ Թուրքիայի անդամակցութեան ճանապարհով»,- ասել է նա ու կարծիք յայտնել, որ եւրոպական ունիվերսալ արժէքները, որոնք հիմնւած են քրիստոնէութեան վրայ, կը վերանան, եթէ ԵՄ անդամ դառնայ այնպիսի մեծ մահմեդական երկիր, ինչպիսին Թուրքիան է:
Յիշեցնենք, որ Թուրքիայի անդամակցութեան բանակցութիւնները սկսւել են 2005 թւականից, սակայն դրանց դէմ են դուրս եկել Ֆրանսիան ու Գերմանիան: Այդ երկրները առաջարկում են Անկարայի հետ տնտեսական համագործակցութիւն, որոշակի լիազորութիւններ, սակայն ոչ անդամութիւն:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: