Թբիլիսիում փլւել է Հայկական եկեղեցին


17:48 / 19.11.2009
Նոյեմբերի 19-ին, գիշերը փլուզւել է 1356թ. կառուցւած Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գէորգ գմբէթաւոր եկեղեցին: Այդ մասին NEWS.am-ին յայտնեցին Վիրահայոց թեմի մամլոյ դիւանից:
Բացի մեծ գմբէթից, եկեղեցու երեք անկիւններում դրսից շինւած էին փոքր գմբէթներ, որոնցից մէկը ծառայում էր որպէս զանգակատուն: 1763թ. Մուղնեցոց Սուրբ Գէորգ եկեղեցին յիշատակւում է որպէս Յաղպատի թեմի մէջ մտնող Թիֆլիսի եօթ եկեղեցիներից մէկը: 1789թ. եկեղեցու արեւմտեան մասում կառուցւում է զանգակատունը: 1795թ. եկեղեցին թալանւում է պարսիկների կողմից, բայց շնորհիւ Տ. Գրիգոր աւագ քահանայ Տէր-Շմավոնեանի՝ հնարաւոր է դառնում պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը: 1852-93թ.թ. եկեղեցում կատարւել են մասնակի նորոգումներ: Մուղնեցոց Սուրբ Գէորգ եկեղեցու բակում են ամփոփւած մանկավարժ-խմբագիր Նիկողայոս Խոտորեանը, բարեգործ Բարսեղ Յովսեփեան-Խոջաեանցը, ինչպէս նաեւ եկեղեցու սպասաւորներ:
Խորհրդային տարիներին եկեղեցին փակւելով, վերածւել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990թ., որակւելով որպէս վթարային եւ ոչ ենթակայ վերանորոգման, վերջնականապէս փակւեց:
Մուղնեցոց Սուրբ Գէորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մէկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի եւ թեմի կողմից բազմաթիւ դիմումներ են յղւել Վրաստանի ղեկավարութեանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպութիւններին: Խնդիրը բազմիցս բարձրացւել է նաեւ մամուլի միջոցով, աւաղ, բոլոր դիմումները Վրաստանի իշխանութիւնների կողմից մնացել են անպատասխան:
Մուղնեցոց Սուրբ Գէորգը Թիֆլիսի Նորաշէն, Շամխորեցոց Սուրբ Աստւածածին, Սուրբ Նշան, Երեւանցոց Սուրբ Մինաս եւ Ախալցխային Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականօրէն հռչակւել է վիճելի, որով էլ արդարացւում է եկեղեցիների չվերադարձւելը: Յարկ է նշել, որ սա երկրորդ փլուզւած եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզւեց 1989թ.-ին:
«Կարծում ենք այս ամէնի պատասխանատւութիւնը պէտք է կրի Վրաստանի մշակոյթի եւ յուշարձանների պահպանութեան նախարարութիւնը, որի բալանսում է գտնւում եկեղեցին:
Այս ամէնը այն տպաւորութիւնն է թողնում, թէ Վրաց պատրիարքարանը եւ իշխանութիւնները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը եւ պատշաճ ուշադրութիւն չդարձնելով նշւած եկեղեցիների պահպանութեանը, միտումնաւոր ոչնչացնում են հայ մշակոյթի կարեւոր յուշարձանները»,- ասւած է Վիրահայոց թեմի մամլոյ դիւանի տարածած յայտարարութեան մէջ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: