Հռոմի Պապը Շնորհաւորել Է Գարեգին Բ Կաթողիկոսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գահակալութեան Տասնամեակի Առիթով
Նորին Սրբութեանը շնորհաւորական ուղերձ է յղել Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտ ԺԶ Պապը: Այս մասին յայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատւական համակարգը:
Ուղերձում ասւում է. «Փառք ենք տալիս Աստծուն այն օրհնուեան համար, որ Նա տւել է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն` Ձերդ Սրբութեան ծառայութեան միջոցով: Մեզ յայտնի է նաև Ձեր անձնական նւիրումը Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև երկխօսութեան, համագործակցութեան և բարեկամութեան հանդէպ... Աղօթում ենք, որ մեր միջև հաստատւած բարի յարաբերութիւնները շարունակեն աճել գալիք տարիներին:
Անցած դարավերջում Հայոց Եկեղեցին վերագտաւ անկախութիւնը, ինչը ուրախութիւն պատճառեց համայն աշխարհի քրիստոնեաներին: Եկեղեցական կեանքը վերակառուցելու հսկայական աշխատանքը ընկաւ Ձեր ուսերին: Նման կարճ ժամանակահատւածում ձեռքբերւածն իրապէս նշանակալի է. նոր նախաձեռնութիւններ երիտասարդների քրիստոնէական դաստիարակութեան, եկեղեցականների պատրաստութեան, նոր համայնքների հաստատման, նոր եկեղեցիների և համայնքային կենտրոնների կառուցման, ինչպէս նաև ազգի հասարակական և մշակութային կեանքում քրիստոնէական արժէքների հաստատման ուղղութեամբ»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են առաքւել շնորհաւորագրեր նաև այլ Քոյր-Եկեղեցիների պետերից, Հայ Եկեղեցու Նւիրապետական Աթոռներից, թեմակալ առաջնորդներից և ՀՀ պետական այրերից, Մայր Աթոռի բարերար հայորդիներից և հասարակական գործիչներից:
ԱՅՍՕՐ, 17:56

0 Պատգամ: