Ռուսաստանի ԱԳՆ.– Հայ-թուրքական պայմանաւորւածութիւններից որեւէ մէկը չի կարող մեկնաբանւել որպէս երրորդ կողմին վնասող




15:05 / 04.11.2009
Հայ-թուրքական յարաբերութիւնների օրինաչափ կարգաւորման գործընթացին Ռուսաստանի դրական վերաբերմունքի վկայութիւնը Ցիւրիխում երկու երկրների միջեւ արձանագրութիւնների ստորագրմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լավրովի մասնակցութիւնն է:
Այդ մասին «Республика Армения» թերթին տւած հարցազրոյցում յայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը՝ ընդգծելով, որ Մոսկւան սրտանց ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դրական զարգացումները:
«Ե՜ւ Հայաստանը, ե՜ւ Թուրքիան մեզ բարեկամ երկրներ են, այդ պատճառով էլ շահագրգռւած ենք նրանց միջեւ բարի դրացիութեան մթնոլորտի ստեղծմամբ»,- յայտարարել է Կարասինը, որի կարծիքով յարաբերութիւնների կարգաւորումը կարող է օբյէկտիւօրէն նպաստել Հարաւային Կովկասում լարւածութեան նւազմանը, խաղաղութեան, անվտանգութեան եւ կայունութեան հաստատմանը:
Բացի այդ, նրա խօսքով, հայ-թուրքական կապերի առողջացումը կը յանգեցնի երկկողմ տնտեսական կապերի լաւացման, ինչն էլ իր հերթին դրականօրէն կազդի երկու երկրների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրայ:
«Ընդ որում, հայ-թուրքական պայմանաւորւածութիւններից որեւէ մէկը չի կարող մեկնաբանւել որպէս երրորդ կողմին վնասող»,- ընդգծել է փոխնախարարը:
Արձանագրութիւնների ստորագրումը Կարասինը համարում է հայ եւ թուրք գործընկերների՝ դժւարին հարցերի լուծման ուղղութեամբ նպատակամղւած եւ իրատեսական համատեղ աշխատանքի արդիւնք, որը հաստատում է երկու երկրների վստահ դիրքորոշումը՝ գործը յանգեցնել բարի դրացիական յարաբերութիւնների հաստատման:
Ռուսաստանը, իր հերթին, պատրաստ է աջակցել կարգաւորման գործընթացին՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցութեան ծրագրերի հետագայ իրացման միջոցով. «Առաջին հերթին, դա վերաբերում է էներգետիկ եւ տրանսպորտային-հեռահաղորդակցութեան ոլորտներին: Ռուսաստանյան „Ինտեր ՌԱՕ-ԵԷՍ“ ընկերութիւնը, որը ձեռնարկութիւններ ունի Հայաստանում, մասնակցում է Թուրքիային էներգիա առաքելու գործում:
„Ռուսական երկաթուղին“ պատրաստ է ապահովել երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցութիւնը՝ Դողուկափի-Ախուրեան սահմանային անցման միջոցով»,- յայտնել է փոխնախարարը՝ յաւելելով, թէ կան եւ այլ հեռանկարային ծրագրեր, որոնց իրականացումը իրական դրական օգուտ կտայ հայ եւ թուրք բնակչութեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: