ԹԲԻԼԻՍԻՆ ԱՆԿԱՐԱՅԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ


Վրաստանի ռազմական ղեկավարութիւնը դիմել է Թուրքիային՝ յատուկ գործողութիւնների համար նախատեսւած ուժերի ստեղծմանն օժանդակելու խնդրանքով: Այս մասին ռուսական «Վզգլյադ» թերթին տեղեկացրել են Ռուսաստանի յատուկ ծառայութիւնները:
«Մեր ունեցած տւեալներով՝ վրացական ռազմական ղեկավարութիւնը թուրքական կողմին խնդրել է աջակցել ռէյնջերների գումարտակի ձևաւորման հարցում, որը պէտք է հիմք դառնայ նախալեռնային և լեռնային շրջաններում յատուկ գործղութիւններ իրականացնող ուժերի ստեղծման համար»,- նշել է աղբիւրը:
Ենթադրւում է, որ ռէյնջերների գումարտակի թւաքանակը պէտք է գերազանցի 500-ը, իսկ յատուկ գործողութիւններ իրականացնող ուժերի ընդհանուր թւաքանակը՝ 1500-ը:
Նշենք, որ Ռուսաստանի զինւած ուժերի գլխաւոր շտաբում շաբաթւայ սկզբին յայտարարել էին, որ 2008թ. կովկասեան զինւած հակամարտութիւնից յետոյ Վրաստանի պաշտպանութեան նախարարութիւնում «Պատերազմի դասերի սերտում» անւամբ կառոյց է ստեղծւել, որի նպատակն է անյապաղ բարձրացնել վրացական բանակի՝ հակաօդային և հակատանկային պաշտպանութեան հնարաւորութիւնները:
Բացի դրանից՝ կառոյցն իր առջև խնդիր է դրել ունենալ բարձր շարժունակ և լեռներում արդիւնաւէտ գործելու ընդունակ, ժամանակակից միջոցներով զինւած յատուկ գործողութիւններ իրականացնող ուժեր:
Աւելի վաղ ՌԴ զինւած ուժերի գլխաւոր շտաբի գլխաւոր հետախուզութեան վարչութեան պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Շլեախտուրովը յայտարարել էր, որ Վրաստանը շարունակում է ռազմական տեխնիկայ ստանալ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ինչպէս նաև Իսրայէլից և Ուկրաինայից:
«Մեր ունեցած տւեալներով՝ Վրաստանը նախկինի նման, ինչպէս 2008թ. իրադարձութիւններից առաջ էր, ռազմական աջակցութիւն է ստանում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, Իսրայէլից և Ուկրաինայից: ՆԱՏՕ-ի անդամները, նախևառաջ՝ դաշինքի արևելա–եւրոպական անդամները Վրաստանին հիմնականում հրաձգային զէնք և հանդերձանք են մատակարարում: ԱՄՆ-ը վրացական բանակի՝ ՆԱՏՕ-ի մարտավարութեամբ պատրաստման աշխատանքներն է իրականացնում, Իսրայէլը Վրաստանին անօդաչու թռչող սարքաւորումներ է մատակարարում, իսկ Ուկրաինան՝ ծանր սպառազինութիւն, մասնաւորապէս՝ տանկեր և հակահրթիռային պաշտպանութեան միջոցներ»,- ասել էր Շլեախտուրովը:

0 Պատգամ: