Հայաստանում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները դէմ են Հայ-թրքական յարաբերութիւնները ԼՂ խնդրին կապելուն


14:36 / 16.01.2010
Ճիշտ չեմ համարում Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման ճանապարհին լրացուցիչ նախապայմաններ դնելը:
NEWS.am-ի թղթակից հետ զրոյցում նշել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Եոհան Շմիդտը: Նա ընդգծել է, որ արձանագրութիւնների վաւերացումը ոչ մի կերպ կապւած ԼՂ խնդրի կարգաւորման գործընթացի հետ: Դեսպանի խօսքով, վաւերացումը ԼՂ խնդրով պայմանաւորելը ճիշտ չէ եւ չի բխում առաջին հերթին Թուրքիայի շահերից: «Եթէ Թուրքիան ցանկանում է մեծացնել իր ազդեցութիւնը տարածաշրջանում, իսկ դա, անկասկած, այդպէս է, ապա պէտք է լաւ յարաբերութիւններ հաստատի տարածաշրջանի բոլոր երկրների, ոչ թէ միայն մէկի հետ: Որքան շուտ Թուրքիան դա հասկանայ, այնքան լաւ իր համար: իսկ Հայ-թրքական արձանագրութիւնները ԼՂ հարցով պայմանւորելը չի նպաստում Հայաստանի հետ յարաբերութիւնների նորմալացմանը»,- յայտարարել է Հանս-Եոհան Շմիդտը:
Նրա խօսքով, արձանագրութիւնների հնարաւորինս շուտ վաւերացումը բխում է ե՛ւ Հայաստանի ե՛ւ Թուրքիայի շահերից: Միաժամանակ, նա յիշեցրել է, որ այդ փաստաթղթերի ստորագրման ճանապարհին կողմերը շատ դժւարութիւններ են յաղթահարել եւ անգամ վերջին պահին առաջ եկած տհաճ խնդիրները չկարողացան խանգարել այդ արձանագրութիւնների ստորագրմանը: Հենց այդ պատճառով էլ, ըստ դեսպանի, կողմերը պէտք է, վաւերացնելով արձանագրութիւնները, առաջին քայլերն անեն յարաբերութիւնները նորմալացնելու ուղղութեամբ:
«Անհրաժեշտ է արագ աւարտել արձանագրութիւնների վաւերացումը, որպէսզի ողջ ուշադրութիւնը կենտրոնացւի ԼՂ խնդրի վրայ»,- նշել է նա: Դեսպանը նաեւ գոհունակութիւն է յայտնել ԼՂ կարգաւորման գործընթացից՝ ընդգծելով, որ բանակցութիւնները շատ ինտենսիւ են ընթանում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ արդիւնաւէտ է աշխատում:
Իր հերթին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսոֆը նոյնպէս նշել է, որ Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացումը չպէտք է կապւի ԼՂ խնդրի հետ, քանի որ դրանք միմեանց հետ առնչութիւն չունեն: Նա ընդգծել է, որ որպէս բարի կամքի դրսեւորում՝ երկու երկրները պէտք է ամենակարճ ժամանակում վաւերացնեն արձանագրութիւնները: «Իհարկէ, կան որոշակի քաղաքական պահեր, բայց Թուրքիան պէտք է յաղթահարի դրանք եւ վաւերացնի արձանագրութիւնները»,- ասել է Սմեսոֆը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: