Մոսկւայում ընթանում են Սարգսեան-Մեդվեդեւ բանակցութիւնները


20:29 / 18.01.2010
Մոսկւայում սկսւել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցութիւնները:
Ինչպէս յայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, կողմերը ձեռնամուխ են եղել քննարկելու երկկողմ յարաբերութիւնների զարգացման հեռանկարներն ու Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը:
Ինչպէս յայտնել է Ռուսաստանի նախագահը՝ հանդիպման սկզբում, կողմերը քննարկելու է ընթացիկ օրակարգը. «Քննարկելու ենք ե՛ւ տնտեսական կապերը, ե՛ւ արտաքին քաղաքական ոլորտում մեր յարաբերութիւնները։ Խօսելու ենք գլոբալ խնդիրներից, այն լուրջ նախագծերից, որոնցով զբաղւում ենք: Իհարկէ, կը խօսենք եւ Ղարաբաղեան հակամարտութեան մասին, թէ ինչ պէտք է անել այս տարի, քանի որ այս տարի կարելի է շատ լաւ բաներ անել մեր յարաբերութիւնների եւ մեր ժողովուրդների համար»,- նկատել է Մեդվեդեւը: Նա նաեւ յոյս է յայտնել, որ «ճգնաժամի գագաթնակէտը կաւարտւի եւ կաշխատեն այն գործիքները, որոնց մասին իրենք պայմանաւորւել են՝ ինչպէս տնտեսական համագործակցութեան, այնպէս էլ ռազմական եւ արտաքին քաղաքականութեան ոլորտներում համագործակցութեան վերաբերեալ»:
Ինչպէս, իր հերթին, նկատել է Հայաստանի նախագահը, սա նրա առաջին միջազգային այցն է այս տարւայ ընթացքում: Սարգսեանի խօսքով, ժամանակը յարմար է եւ «թոյլ է տալիս ամփոփել մեր աշխատանքի արդիւնքները 2009թ. Հայ-ռուսական փոխյարաբերութիւնների ամրապնդման գործում եւ նոր ծրագրեր մշակել 2010թ. համար»: «Կարծում եմ՝ հիմքեր կան, որ 2010թ. հասնենք լուրջ յաջողութիւնների: Կարծում եմ՝ որ մենք պէտք է ամէն ինչ անենք, որ ամէն տարի մեր յարաբերութիւններում լուրջ յաջողութիւնների հասնենք»,- յայտարարել է Հայաստանի նախագահը: Սարգսեանն առանձնայատուկ շնորհակալութիւն է յայտնել Ռուսաստանի նախագահին՝ տարածաշրջանում խաղաղութեան եւ անվտանգութեան հասնելու գործում ունեցած աւանդի համար. «Մենք շահագրգռւած ենք բոլոր հարցերը լուծել խաղաղ ճանապարհով եւ այս հարցում մենք ոչ միայն ռազմավարական դաշնակիցներ ենք, այլեւ, հաւանաբար, միանման ենք մտածում»:
Համաձայնւելով իր հայ գործընկերոջ հետ՝ Մեդվեդեւը նկատել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական կապերը բաւական արագ են զարգանում, եւ 2008-2009 թւականներին ամենաբարձր մակարդակով 6-7 հանդիպում է կայացել:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: