«Թուրքիան կարող է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնը բաց թողնել».– փորձագէտ

19:55 20/ 01/ 2010
ԵՐԵՒԱՆ, 20 Յունւարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան կարող է Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման հնարաւորութիւնը բաց թողնել, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը:
«Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանի հրաժարականից յետոյ 1998թ.-ին ակադեմիական շրջաններում կարծիք էր պտտւում, որ Թուրքիան կորցրեց Հայաստանի հետ իր խնդիրները հարթելու հնարաւորութիւնը: Մեր օրերում յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի տապալման դէպքում Թուրքիան կարող է նորից «կոտրւած տաշտակի» առաջ կանգնել»,- ասաց Դեմոյեանը՝ նշելով, որ երրորդ հնարաւորութիւն Թուրքիան արդէն կարող է և չունենալ:
Ըստ նրա, պարզ էր, որ հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ գործընթացում պէտք է դադար յաջորդեր:
Այդ պահից, փորձագէտի կարծիքով, Թուրքիան սկսեց փորձեր կատարել ստեղծւած իրավիճակն իր օգտին շուռ տալու համար: Նա նշեց, որ Թուրքիան փորձում է ապահովագրել իրեն կարգաւորման գործընթացի «կնքահայր»-պետութիւնների կողմից հնարաւոր ճնշումից և դրա հետ է կապւած Ղարաբաղի առնչութեամբ բանաւոր նախապայմանների առաջադրումը:
«Թուրքական իշխանութիւնների դժգոհութիւնը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առնչութեամբ արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ հայկական կողմին բանաւոր նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի արդէն երկրորդ փորձն է»,- ասաց Դեմոյեանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տւած ասուլիսի ժամանակ:
Նա ընդգծեց, որ այս փորձը թուլացնում է առաջին նախապայմանը, երբ հնարաւոր էր համաձայնութեան գալ այն մասին, որ Ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորումը պէտք է Հայ-թրքական յարաբերութիւններին զուգահեռ գնայ:
«Չի բացառւում, որ Թուրքիան թւով երրորդ նախապայմանը դնի, որը հնարաւոր է վերաբերի Օսմանեան կայսրութիւնում Հայերի Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը վերաբերող ՍԴ որոշման ու ՀՀ Սահմանադրութեան կէտերին»,- կարծում է Դեմոյեանը:
Շախմատային տերմինաբանութեամբ արտայայտւելով, փորձագէտն այն դրութիւնը, որում Թուրքիան յայտնւել է, անւանեց «ցուգցվանգ» (շախմատային դրութիւն, երբ կողմերից մէկը ստիպւած է լինում իր համար անշահաւէտ հերթական քայլն անել):
Դեմոյեանի կարծիքով, նման գործողութիւններն ու նախապայմանների լեզուն կարող են հասկանալի չլինել միջազգային հանրութեանը:
«Նոր նախապայմանները թոյլ քայլ է: Թուրքիան պէտք է գոնէ պատրաստեր միջազգային հանրութեանը նման սցենարի: Չէ որ ունենալով Կիպրոսի խնդիրը ծայրայեղ աստիճանի անարդիւնաւէտ է Ղարաբաղեան հարցը բարձրացնելը»,- յայտարարեց փորձագէտը՝ նշելով, որ Թուրքիային ժամանակի ընթացքում կարող է «ցայտնոտ» սպառնալ:
Միևնոյն ժամանակ, Դեմոյեանը վստահութիւն յայտնեց, որ շուտով Հայ-թրքական կարգաւորման շուրջ նոր գործընթացներ կսկսւեն:
Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բաւականին լարւած յարաբերութիւնները սկսեցին կարգաւորւել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդւարդ Նալբանդեանն ու Ահմեդ Դաւութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցիւրիխի համալսարանում ստորագրեցին «Դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին արձանագրութիւնը» և «Երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին արձանագրութիւնը»: Փաստաթղթերը ստորագրումից յետոյ պէտք է հաւանութեան արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. Յունւարի 12-ին երկրի Սահմանադրութեանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետութեան և Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջև երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւններում ամրագրւած պարտաւորութիւնները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն է տարածել, որում նշւում է, որ 2009 թւականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների՝ Սահմանադրութեանը համապատասխան ճանաչելու վերաբերեալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրութիւնների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրոյթներ։
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի՝ յունւարի 20-ին նախազգուշացրեց այն մասին, որ Անկարայի և Երևանի միջև յարաբերութիւնների նորմալացման գործընթացը կարող է խափանւել, եթէ ՀՀ ՍԴ չվերանայի երկու երկրների միջև արձանագրութիւնների շուրջ իր որոշումը՝ ստորագրւած անցեալ տարւայ հոկտեմբերին Շւէյցարիայում:

0 Պատգամ: