ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ ՎՏԱՆԳԱՒՈՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

Հայ-թրքական յարաբերութիւնների եւ արձանագրութիւնների վաւերացման մասին երէկ «Փաստարկ» ակումբում խօսեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցութեան նախագահ Արամ Գասպարի Սարգսեանը:
«Այն ամէնը, ինչ որ քաղաքական ուժերը, այդ թւում նաեւ ՀԴԿ-ն, նախանշում էին փաստաթղթի թերութիւնների մասին, Սահմանադրական դատարանը շտկեց եւ սրբագրեց բոլոր այն սխալները, որոնք կատարել էր արտաքին գործերի նախարարութիւնը: Ի սկզբանէ մենք ասում էինք, որ այդ փաստաթղթում ոչ թէ ուղղակի սխալներ են, այլ անճշտութիւններ, ու այդ ձեւակերպումներն անգրագիտութեան ու կամքի բացակայութեան նշան են, այսինքն` պետութեան ներկայացուցիչները չկարողացան պաշտպանել պետութեան շահերը: ՍԴ-ն, ի թիւս միւս բոլոր սխալների, նշում է, որ այդ 2 արձանագրութիւնները խօսում են սահմանի բացման պայմանաւորւածութեան մասին, որտեղ յատուկ շեշտւում է, որ Հայաստանն այստեղ մէկ դերակատարում ունի, որն է՝ սահմանի անցակէտերի աշխատանքն անխափան պահպանելն ու ապահովելը, այսինքն` սահմանը Թուրքիան է փակել, Թուրքիան էլ պէտք է բացի: Այսպիսի նրբութիւնները պէտք է հասկանային դիւանագէտներն ու իրենք իրականացնէին», ասում է Արամ Սարգսեանը:
Արձանագրութիւններում մտցւած է եղել երկկողմ պարտաւորութիւնների գաղափարը, որի տակ Թուրքիան հասկանում էր Կարսի պայմանագիրը, իսկ ՍԴ-ն ստիպւած եղաւ դա սրբագրել` ասելով, որ երկկրղմ պարտաւորութիւններ անկախ Հայաստանը Թուրքիայի հետ չի ունեցել եւ չունի:
Բանախօսը նշեց, որ մեր դիւանագիտական կորպուսը գտնւել է շատ ցածր մակարդակի վրայ, եւ այդպիսի մարդկանց արտաքին քաղաքականութիւն վարել վստահելը վտանգաւոր է պետութեան եւ ազգի շահերի համար:
«ՍԴ-ն բոլոր հարցերը չի լուծել, ՀԴԿ-ն Ազգային Ժողովի նախագահին վաղուց արդէն ուղարկել է իր դիմում-նամակը, որտեղ մենք առաջարկել ենք վերապահումներով ընդունել այս արձանագրութիւնները, հիմա, ճիշտ է, հարցն ընկնում է այլ հարթութիւն, բայց այստեղ կայ մի կարեւոր հանգամանք` արդեօք ԱԺ-ն, հիմք ընդունելով ՍԴ-ի որոշումը, կը կայացնի՞ իր սեփական որոշումը, թէ՞ հետ կը կանգնի, ու որոշումը յետ կը վերադառնայ ՍԴ` նորից ստուգւելու համար:
Միջնորդները պէտք է փորձեն գոնէ բազային սկզբունքներում համաձայնութեան բերել կողմերին: ՀԴԿ-ն չի ընդունում «մադրիդեան սկզբունքներ» հասկացութիւնը եւ գտնում է, որ դա պէտք էլ չէ քննարկել այնպէս, ինչպէս, օրինակ, արձանագրութիւնները:
«Բայց առաջին հերթին հայերս պէտք է ազատենք մեզ այն բարդոյթից, որ իբր թուրքերն ամենակարող են ու ամենախորամանկը: Թուրքիան իրականում մեզնից շատ աւելի է վախենում, մենք պէտք է պաշտպանենք սեփական շահերը` չնայած ծանրագոյն հանգամանքներին, բանակցութիւնների արւեստը հենց սեփական դիրքորոշումը պաշտպանելու մէջ է: Թուրքիան, հիմա պատճառաբանելով ե՛ւ Սահմանադրական դատարանի որոշումը, ե՛ւ Ղարաբաղեան հիմնահարցի խնդիրները, ձգձգելու է, հնարաւոր է` նոյնիսկ չվաւերացնի էլ փաստաթղթերը: Անկեղծ ասած, ես դրանից վատ չեմ զգայ, քանի որ մենք պարտաւոր ենք պաշտպանել ազգային շահերը», ասում է Արամ Սարգսեանը:
ՀԴԿ-ն, փաստօրէն, դէմ չէ արձանագրութիւնների վաւերացմանը, բայց դա չի նշանակում, թէ ամէն ինչ գոհացնում է կուսակցութեանը: Օրինակ, ԱԺ-ից պահանջելու է եւս մէկ հաւաստում, որ արտաքին քաղաքական օրակարգից դուրս չգան, օրինակ, Հայ դատի գաղափարախօսութեան հետ կապւած խնդիրները, եւ ԱԺ-ն պէտք է վերահաստատի, որ Հայաստանի քաղաքականութիւնը շարունակելու է սատարել ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը:
Եւ վերջում բանախօսը կանխատեսեց` 2010 թիւը շատ ծանր տարի է լինելու բոլոր տեսանկիւններով էլ, որովհետեւ եթէ անգամ արտաքին քաղաքականութեան հետ կապւած որոշ դրական բաներ կարելի է նշել, ապա ներքին խնդիրները մնացել են նոյն վիճակում, եթէ ոչ` աւելի վատ:


ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

0 Պատգամ: