Բաքուն բողոքի նոտայ է ուղարկել Մոսկւա՝ Ժիրինովսկու արած յայտարարութեան պատճառով


13:37 / 16.01.2010
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտայ է ուղարկել Ռուսաստանի Դաշնութեան արտգործնախարարութեանը՝ Պետդումայի փոխխօսնակ Վլադիմիր Ժիրինովսկու կատարած այն յայտարարութեան պատճառով, թէ Մոսկւան պէտք է ճանաչի Ղարաբաղի անկախութիւնը։
«Интерфакс»-ը, վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարութեան մամուլի պատասխանատու Էլհան Փոլուխովին, հաղորդում է, որ լատւիական «Neatkarigas Rita Avize» պարբերականին տւած հարցազրոյցում Ժիրինովսկին կոչ է անում ճանաչել «հայերի կողմից բռնազաւթւած Ադրբեջանի տարածքները»։
«Նամակում բողոք ենք յայտնում Ռուսաստանի խորհրդարանի փոխխօսնակի դէմ՝ նման յայտարարութիւնների համար, եւ նշում, որ Պետդումայի ներկայացուցչի կատարած յայտարարութիւնը չի համապատասխանում մեր երկրների միջեւ եղած յարաբերութիւններին տառին ու ոգուն»,-յայտարարել է Պոլուխովը։
Յիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին լատւիական Neatkarigas Rita Avize պարբերականին տւած հարցազրոյցում յայտարարել է, որ «Եթէ Լեռնային Ղարաբաղն ինքը յայտարարի իր անկախութեան մասին, ապա Ռուսաստանը պէտք է ճանաչի այն։ Ես ոչ հայերին եմ դէմ, ոչ էլ ադրբեջանցիներին, բայց նրանք երբէք համաձայնութեան չեն գայ Ղարաբաղեան հակամարտութեան շուրջ, այնպէս, ինչպէս համաձայնութեան չեն գայ վրացիները եւ աբխազները, արաբները եւ հրէաները, քրդերը եւ թուրքերը», ասել է Ժիրինովսկին՝ յաւելելով, որ Ռուսաստանը 16 տարի է կոչ է անում ճանաչել Աբխազիայի, Հարաւային Օսիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: