Բաքուն անցեալից դասեր չի քաղել. ԼՂՀ



18:19 • 27.02.10
Սումգայիթի ջարդերի 22–րդ տարելիցի առնչութեամբ ԼՂՀ արտգործնախարարութիւնը տարածել է հաղորդագրութիւն, որում, մասնաւորապէս, ասւում է. «1988թ. փետրւարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնները իրենց վայրագութեամբ և դաժանութեամբ ցնցեցին համաշխարհային հասարակայնութեանը: Դրանք դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանութիւնների վարած հակահայկական քաղաքականութեան մարմնացումը:
Ցաւօք, փետրւարի 27-ից 29-ը պետական ամէնաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպւած և իրականացւած ջարդերը համարժէք քաղաքական և իրաւաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխաւոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլև առայսօր բարձր դիրքեր են գրաւում Ադրբեջանում: ԽՍՀՄ պաշտօնական մարմինները շտապեցին տաբու դնել «Սումգայիթ» թեմայի վրայ` արհեստականօրէն մասնատելով հայերի կոտորածը առանձին յանցագործութիւնների: Այլ կերպ ասած, իրականացւած ցեղասպանութիւնը քողարկւեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտօնական մակարդակով պաշտպանւեցին:
Սումգայիթի ցեղասպանութիւնը լռութեան մատնելու քաղաքականութիւնը հնարաւոր դարձրեց Ադրբեջանի ԽՍՀ իշխանութիւնների կողմից հանրապետութեան ամբողջ տարածքում էթնիկ զտումների իրականացումը, իսկ հետագայում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ժողովրդի դէմ լայնամասշտաբ ռազմական ագրէսիայի ծաւալումը: Ջախջախիչ պարտութիւն կրելով իր սանձազերծած պատերազմում` պաշտօնական Բաքուն, այնուամենայնիւ, չի պատրաստւում դասեր քաղել ոչ հեռու անցեալից և այսօր էլ շարունակում է ուժեղացնել ռազմատենչ հռետորութիւնը:
Պաշտօնական Բաքւի` ճշմարտութեան աչքերին նայել չկամենալը միայն հեռացնում է Արցախի և Ադրբեջանի միջև վստահութիւն հաստատելու հեռանկարը, առանց ինչի անհնար է հասնել Ղարաբաղեան խնդրի կարգաւորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրների լուծման»։


Tert.am

0 Պատգամ: