«Միջազգային պայմանագրերի մասին» օրէնքում փոփոխութիւնների օրինագիծն ընդգրկւել է Աժ-ի առաջիկայ քառօրեայի օրակարգում


19.02.2010
Ռուզաննա Ստեփանեան
Լրացումները վերաբերում են միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերի կասեցմանը կամ դադարեցմանը:
Նշւած օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին նախագահ Սերժ Սարգսեանը խօսել էր անցած դեկտեմբերին՝ Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում: Նախագահը ընդգծել էր, որ Հայաստանը «համապատասխան քայլերի կը դիմի»՝ եթէ Թուրքիան ձգձգի նախաստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը:
Խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովում օրինագիծը ներկայացրեց փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը:
Յանձնաժողովի անդամ, «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանի հարցին, թէ արդեօ՞ք կառավարութեան շտապողականութիւնը այս օրինագծի հարցում նշանակում է, թէ երկրի նախագահը «տեսնում է որոշ նշաններ [արձանագրութիւնների վաւերացման] գործընթացից դուրս գալու համար», փոխարտգործնախարարը պատասխանեց, թէ փոփոխութիւնն արւում է պարզաբանումներ տալու՝ թէ կոնկրէտ ով եւ ինչպէս կարող է դադարեցնել կամ կասեցնել միջազգային պայմանագրերը:
«Ես կուզենայի մի յստակեցում մտցնել, որ չլինի տպաւորութիւն, որ այս փոփոխութեան իմաստը կայանում է նրանում, թէ կայ այնպիսի որոշում, որ մենք պէտք է սա արագ անենք, որ դուրս գանք [վաւերացման գործընթացից]: Ոչ», - ասաց Շաւարշ Քոչարեանը՝ շարունակելով. - «Հայկական կողմը անկեղծօրէն ձգտում է, որ այդ արձանագրութիւնները կեանքի կոչւեն: Միւս կողմից, երբեք չենք հանդուրժի, որ այս արձանագրութիւնների ամբողջ գործընթացը՝ վաւերացման, կեանքի կոչելու, օգտագործւի նախապայմաններ առաջ բերելու համար»:

«Ազատութիւն»

0 Պատգամ: