ԱՄՆ-ում կայացած խորհրդաժողովում հայերի ու ադրբեջանցիների տեսակէտները կրկին բախւել են

22:44 / 25.02.
Կենտրոնում (CSIS) տեղի է ունեցել «Հարաւային Կովկաս. բաժանարար գծեր. անվտանգութիւն, էներգետիկա և ԱՄՆ շահերը» խորագրով խորհրդաժողովը, որը վարել է վերլուծաբան Եանուշ Բուգայսկին:
Կոնֆերանսին մասնակցել են բազմաթիւ հեղինակաւոր փորձագէտներ ու գիտնականներ: Հայաստանի տեսակէտները ներկայացնելու համար, որպէս փորձագէտ, հրաւիրւած էր Ժիրայր Լիպարիտեանը, որը սակայն, «եղանակի պատճառով», չի կարողացել ներկայ գտնւել: Բոլոր հրաւիրեալները Ադրբեջանի դիւանագիտական ակադեմիայի դասախօսներ են եղել եւ այս առիթը եւս օգտագործւել է կրկին անգամ հնչեցնելու Ադրբեջանի տեսակէտները Հայ-թրքական եւ ԼՂ խնդիրների վերաբերեալ:
ՀՀ դեսպանութիւնը հանդէս է եկել պատասխանով, որտեղ նշւել է, որ Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը ԼՂ խնդրի հետ կապելը անարդիւնաւէտ է, քանի որ դրանք զուգահեռ գործընթացներ են, և մէկը միւսի պատանդը դարձնելը կարող է տապալել երկուսն էլ:
Թուրքիայի դեսպանութեան ներկայացուցիչը կարծիք է յայտնել, որ Թուրքիայի բարիդրացիական յարաբերութիւնները Ռուսաստանի հետ կարող են դրականօրէն ազդել տարածաշրջանի կայունութեան վրայ, եւ յաւելել, որ Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը վտանգւել է ՀՀ ՍԴ որոշման պատճառով: Ի պատասխան ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչը յիշեցրել է, որ ՀՀ ՍԴ որոշումը դրւատանքով է ընդունւել թէ ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների, թէ ԵՄ կողմից և Թուրքիան չպէտք է այն օգտագործի որպէս մտացածին պատրւակ՝ արձանագրութիւնների վաւերացումից խուսափելու համար:
ԱՄՆ ռազմական քոլէջի հետազոտող Սթիվեն Բլանկն իր ելոյթում մի քանի անգամ ասել է, որ Թուրքիան պէտք է խիզախութիւն ունենայ իր պատմութիւնը վերագնահատելու և ընդունի 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը, ինչպէս դա արել են գերմանացիները՝ հրէաների նկատմամբ իրենց գործած յանցանքը ընդունելով:
Լոս Անջէլեսում Ադրբեջանի գլխաւոր հիւպատոս Էլին Սուլեյմանովը, դուրս գալով քննարկումների համատեքստից, առիթն օգտագործել է, որպէսզի յիշեցնի Խոջալուի «ողբերգութեան» մասին, ինչին անդրադառնալով ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչն արձագանքել է, որ Ադրբեջանն է, որ աւելի վաղ, դեռ Խորհրդային Ադրբեջանում,1988-ին հեղինակել է Սումգայիթեան ողբերգութիւնը, որին յաջորդեցին 1991-ի Բաքւի, Կիրովաբադի և հայաբնակ այլ վայրերի հայկական բնակչութեան ջարդերը: Իսկ Խոջաուլի սպանդի մեղաւորներին պէտք է փնտրել հէնց Ադրբեջանում, ինչն ապացուցող հարիւրաւոր փաստեր կան, բացի դրանից՝ ադրբեջանցիների կողմից ներկայացւող բոլոր փաստագրական ապացոյցները կեղծւած են: Միաժամանակ, ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչն աւելացրեց, որ Ադրբեջանը պէտք է դադարեցնի հայատեացութեան քարոզչութիւնը, իսկ Ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման համար որդեգրի կառուցողական քաղաքականութիւն:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: