«Ադրբեջանն առիթի դէպքում կրկին ջարդեր կը կազմակերպի».
Բակուր Կարապետեան

15:06 • 27.02.10
Խորհրդային տարիներին սումգայիթեան ջարդերն իրականացրած Ադրբեջանն այսօր էլ չի փոխւել և առիթի դէպքում դարձեալ ջարդեր կը կազմակերպի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետեանը:

«Եթէ առիթ լինի, նորից կանեն, ոչ մի փոփոխութիւն չկայ: Խոջալուն նրանք արեցին, որպէսզի նաև խլացնեն Սումգայիթի դէպքերը: Եւ ինչ-որ տեղ դա նրանց յաջողւում է, հաւանաբար, մեր պասիւութեան պատճառով»,- ասաց բանախօսը:
Ըստ նրա` տեղեկատւական պատերազմում մեր գործողութիւնները դեռ կանոնակարգւած չեն, այնինչ ադրբեջանական քարոզչութիւնում սուտը շատ է: Կարապետեանի խօսքով, Հայաստանն էլ պէտք է իրենը ներկայացնելու հնարաւորութիւն ունենայ, «որպէսզի աշխարհն իմանայ, չեզոքացւի այն, ինչ նրանք անում են մեր ժողովրդի հանդէպ»:
Ըստ բանախօսի` Սումգայիթը շատ բան է ասում, փաստում է, որ ժողովուրդը պատրաստ էր պայքարել յանուն հայրենիքի: «1988թ. ԼՂ ինքնավար մարզի բնակչութիւնը պատրաստ էր փլուզւող երկրի փլատակների տակ չմնալ և իրօք չմնաց, կանգնեց, պաշտպանեց հայրենիքը: Դա պէտք է օրինակ հանդիսանայ մեր ժողովրդի միւս հատւածների համար»,- նշեց նա:
Կարապետեանը նշում է, որ 1915թ. դասը սերտելով է 1988թ. մարտին գնացել Սումգայիթ և որպէս լրագրող ներկայացրել փաստերը: «1915թ. ոչ մի հայ ժուռնալիստ չի լուսաբանել դէպքերը: Մենք այդքան լուսանկարիչներ ունէինք, բայց նրանցից ոչ ոք չի լուսանկարել այդ դէպքերը, գերմանացիներն են լուսանկարել, օտարներն էին գրում, բայց հայ մտաւորականները ոչինչ չեն թողել մեզ: Այդ սխալն ինձ համար դաս էր»,- նշեց նա:
Հայերի փետրւարեան ջարդերից յետոյ` 1988թ. մարտի վերջին, Կարապետեանը մեկնել է Սումգայիթ: Նա հադիպել է ջարդերի ականատեսներին, հարցազրոյցներ վերցրել և նկարահանել «Սումգայիթեան ալիքներ» ֆիլմը: Նա նշում է, այդ ֆիլմը տարածելուց յետոյ ջարդերը ժխտող Ադրբեջանն արդէն սկսում էր խոստովանել, որ նման իրադարձութիւններ եղել են:

Tert.am

0 Պատգամ: