Սումգայիթեան ողբերգութեան արձագանքները արտասահմանեան ԶԼՄ-ներում և միջազգային փաստաթղթերում


18:47 26/02/2010
Մօտենում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի ցեղասպանութեան հերթական տարելիցը: Ջարդերը տևեցին երեք օր՝ 1988 թ. փետրւարի 27-29-ը: Վերջին տարիներին արտասահմանեան մամուլը լռում է այդ արիւնալի իրադարձութիւնների մասին, դրա անպատժելիութիւնը բերեց ցեղասպան գործողութիւնների Բաքւում, Մարաղայում, հայերով բնակեցւած տասնեակ խաղաղ գիւղերում և քաղաքներում: 80-ականների վերջին 90-ականների սկզբին արտասահմանեան լրատւամիջոցները, ինչպէս նաև` միջազգային կազմակերպութիւնները կանոնաւոր կերպով «յիշում» էին Սումգայիթը, աւելին` յստակ գնահատական էին տալիս կատարւածին: Ահա դրանցից մի քանիսը:
Այսպէս, Եւրոխորհրդարանը 1988-ի Յուլիսին «Իրավիճակը Խորհրդային Հայաստանում» վերնագրով բանաձև ընդունեց, որտեղ խօսւում էր «Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակի մասին՝ որպէս Հայաստանի մաս, որը բռնի միացւել է Ադրբեջանին և ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածի մասին» (Official journal of the European Comminities, No. C 94/117, July, 1988):
1989 թւականի նոյեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրէսն իր երկրորդ նստաշրջանում ընդունեց 178 համատեղ բանաձևը, որը կոչ էր անում ԱՄՆ-ին աջակցութիւն յայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազնիւ ձգտմանը՝ հարցը խաղաղ կարգաւորելու գործում, որում նշւած է, որ «խորհրդային կառավարութիւնը 1988 թ. փետրւարի 28-29-ը որակել է որպէս հայերի սպանութիւն, Ադրբեջանը՝ որպէս ջարդարար»:
1990 թ. փետրւարի 19-ին Եւրոխորհրդարանը Յանձնաժողովին և Խորհրդին կոչ արեց դիմել Խորհրդային կառավարութեանը` Ադրբեջանում ապրող հայերի իրաւունքներն իրապէս ապահովելու խնդրանքով և դրա համար այնտեղ զօրք ուղարկել: Բացի այդ, Բանաձևում ընդգծւում է Սումգայիթում, Կիրովաբադում հայերի ջարդերի վերաբերեալ հանգամանքերի ամբողջութեամբ վերհանման անհրաժեշտութիւնը: (Official Journal of the European Communities, No.C 12/146, February 19, 1990).
New York Times պարբերականը 1990-ի յուլիսի 27-ին հրապարակել է «Բաց նամակ միջազգային հանրութեանը՝ Խորհրդային միութիւնում հակահայկական ջարդերի վերաբերեալ», որի ներքոյ ստորագրել են 150 յայտնի գիտնականներ, իրաւապաշտպաններ և հասարակական գործիչներ:
Փարիզում լոյս տեսնող «Ռուսական միտք» թերթը 1988-ի Յունիսին մի ամբողջական սիւնակ է յատկացրել սումգայիթեան կոտորածներին: «Մի՞թէ այդ յանցագործութիւնը մնալու է անպատիժ»,- հարց է հնչեցրել պարբերականը:
Հետաքրքիր է, որ ամերիկեան մամուլն արդէն այն ժամանակ հեգնանքով էր վերաբերում Կրեմլի այն որակումներին, որ տրւում էին սումգայիթեան դէպքերին: Իսկ Կրեմլը դրանք ներկայցնում էր որպէս աւազակային տարրեր: «Աւազակներ» խորագրի ներքոյ The Washington Times-ը գրում է, որ դրանք Խորհրդային Ադրբեջանում էթնիկ (ցեղային) բախումների պատճառ են դարձել: Թերթը աւազակներ բառը չակերտների մէջ էր վերցրել: Յաջորդ օրն արդէն այս թերթը գրում է, որ Սումգայիթում բաշիբոզուկները մօտեցել են մարդկանց ու հարցրել` նրանք հայե՞ր են, թէ ոչ: «Այն մարդիկ, ովքեր ասել են, որ Հայ են, նրանց սկսել են ծեծել, նրանցից շատերը դանակի վնասւածքներ են ստացել»,- գրել է թերթը:
The Guardian-ը 1988-ի Յուլիսին «Լեռնային Ղարաբաղ. Սա փորձութիւն է, որին վերակառուցումը կարող է չդիմանալ» վերնագրի ներքոյ գրել է. «Փետրւարին Սումգայիթում` այն բանից յետոյ, երբ Լեռնային Ղարաբաղի նստաշրջանն առաջին անգամ յայտնեց իր որոշումը, ամբողջ երկիրը ցնցած այս սարսափելի ազգայնական օրգիաների ընթացքում ադրբեջանցիների գազազած ամբոխը սպանել է 26 հայի: Ադրբեջանի ոստիկանութիւնը ոչինչ չի ձեռնարկել դա կանխելու համար»:

Panorama.am

0 Պատգամ: