ՀԱՅՈՒՀԻՆ՝ ԵՈՒՆԵՍԿՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԻՐԱՆԻ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ


Ճրտգ. Շեռլի Աւետեանը նախագահի օգնականի հրամանագրով՝ նշանակւեց՝ ամբողջ Իրանի Քրիստոնէական պատմական եկեղեցիների խնամակալը



Թեհրան,– DPTNEWS 2010/02/25
(Սեփական Լրատւութիւն) –Արդէն շուրջ հինգ տարի է, ինչ Իրանի Մշակութային Ժառանգութիւնների Կազմակերպութեան ու Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի համագործակցութեամբ, ու Հայկական մշակութային կոթողների ուսումնասիրութեան ու գրանցման մասնագէտ՝ ճրտգ. Շեռլի Աւետեանի ջանքերով, Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցուն կից գտնւող Արտակ Արքեպիսկոպոսի անւան թանգարանում աշխատում է՝ Իրանի պատմական Եկեղեցիների Կենտրոնը՝ նոյնի պատասխանատւութեամբ։
Նկատելով Ճրտգ. Աւետեանի ջանասիրութիւնն ու աշխոյժ գործունէութիւնն այս մասնագիտական ասպարէզում, նա նշանակւեց որպէս Իրանի ամբողջ Պատմական Եկեղեցիների Կենտրոնական Յենակի պատասխանատուն, եւ Եունեսկոյի ներկայացուցիչը՝ այս ոլորտում, որի հրամանագիրը երէկ յանձնւեց հայուհուն։
Երէկ նոյն թանգարանում տեղի ունեցած պաշտօնական հանդիսութեան ընթացքում, Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահի օգնական եւ Մշակութային Ժառանգութիւնների կազմակերպութեան նախագահ՝ ճրտպ. Բաղայի–ն, շնորհակալութիւն յայտնելով Շեռլի Աւետեանի տարած աշխատանքների համար, իրեն յանձնեց նոր նշանակման հրամանագիրը։Պրն. Բաղային եւ կազմակերպութեան բարձրաստիճան պաշտօնատարներն սկզբում ունկնդրեցին ճրտպ. Աւետեանի զեկոյցը՝ տարւած աշխատանքների կապակցութեամբ, որից յետոյ արտայայտւեց Իսլամական Խորհրդարանում՝ Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բեգլարեանը։
Հանրապետութեան նախագահի օգնականը բեմ հրաւիրւելով, կարեւորութեամբ անդրադարձաւ Հայկական ու առ հասարակ Քրիստոնէական պատմական եկեղեցիների ու կոթողների պահպանման անհրաժեշտութեանը, եւ կարեւորեց ներկայ Յենակ–Կենտրոնի գործունէութինը եւ ծաւալած աշխատանքները, եւ որից յետոյ կատարւեց հրամանագրի յանձնման արարողութիւնը։ Հանդիսութեան ընթացքում ցուցադրւեց Իրանի Հայկական պատմական եւ ժամանակակիծ եկեղեցիներից, ինչպէս նաեւ եկեղեցական արարողութիւններից ու խորհուրդներից պատրաստւած կարճամետրաժ փաստա–վաւերագրական մի տեսաժապաւէն։
Վերջում նախագահի օգնականն ու իրեն ընկերակցողները այցելեցին, իրանահայութեան մշակութային ու ազգագրական արւեստների ու կենցաղային առարկաների, ինչպէս նաեւ նկարչութիւնների ու արձաններից կազմւած՝ մնայուն ցուցահանդէսը։

0 Պատգամ: