ՄԱԿ-ում փաստաթուղթ է տարածւել Ադրբեջանում Հայ բնակչութեան ջարդերի հերթական տարելիցի կապակցութեամբ
12:06 / 24.02.2010
Սումգայիթի եւ Բաքւի ողբերգական իրադարձութիւնների, հայազգի բնակչութեան դէմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցութեամբ ՄԱԿ-ում, որպէս այդ կազմակերպութեան պաշտօնական փաստաթուղթ, տարածւել է Գլխաւոր քարտուղար Բան Կի Մունին ուղղւած ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարէն Նազարեանի նամակը:
Նամակում, յղում կատարելով Ադրբեջանի կառավարութեան կողմից շարունակաբար տարածւող եւ միջազգային հանրութեան ապակողմնորոշմանն ուղղւած էժանագին քարոզչութեանն ու ստայոդ փաստերին, նշւում է. «Ադրբեջանը շարունակում է իրեն ներկայացնել այսպէս կոչւած „հայկական ագրէսիայի“ զոհ` այդ նպատակով աղաւաղելով ոչ միայն աշխարհին քաջ յայտնի ողբերգական դէպքերը, այլեւ` ժամանակին ադրբեջանական աղբիւրների վկայակոչումները»:
Դեսպան Նազարեանը, մասնաւորապէս, մեջբերում է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի յայտնի հարցազրոյցը, ուր անդրադառնալով Խոջալուի դէպքերին` վերջինս նկարագրում է, թէ ինչպէս Ադրբեջանի ընդդիմութիւնը եւ միլիցիան խոչընդոտել են լեռնային միջանցքով ռազմական գործողութիւնների շրջանից քաղաքացիական բնակչութեան դուրսբերմանը:
Ընդդիմութիւնը յոյս ունէր իր իսկ հայրենակիցների սպանդի ճանապարհով Բաքւում հասնել իշխանութեան: Նամակում մեջբերւում է նաեւ The Helsinki Watch կազմակերպութեան 1992թ. սեպտեմբերի զեկոյցը, ուր մատնանշւում է փախչող քաղաքացիական բնակչութեան վրայ ադրբեջանական միլիցիայի կրակելու մասին ադրբեջանցիների իսկ վկայութիւնները:
Նամակը նաեւ ընդգծում է, որ միջազգային հանրութիւնը բազմիցս վկայել ու հաստատել է անպաշտպան Հայ բնակչութեան նկատմամբ Ադրբեջանի կառավարութեան կողմից իրագործւած անթիւ վայրագութիւնները:
«Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման իր իրաւունքը կիրառելու խաղաղ եւ սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանութիւնները կազմակերպեցին ու զինեցին ամբոխը, որը 1988թ. ջարդ իրականացրեց Սումգայիթ քաղաքում բնակւող հայերի նկատմամբ:
Այս ջարդը Խորհրդային Միութեան տարածքում զանգւածային սպանութիւնների առաջին դէպքն էր, որը համապատասխանաբար արձանագրւել է դատավարութեան գործերում: Ադրբեջանն իր անկախութեան հռչակումից անմիջապէս յետոյ ազատեց դատապարտւած մարդասպաններին եւ հրապարակայնօրէն նրանց հռչակեց ազգային հերոսներ:
The Helsinki Watch կազմակերպութեան զեկոյցը վկայում է, որ իրադարձութիւնները նպատակ ունէին ահաբեկել Ադրբեջանի միւս շրջաններում բնակւող հայերին»: 1988-1991թթ. Գանձակում, Ադրբեջանի այլ քաղաքներում իրականացւած ջարդերը աւելի քան զանգւածային ու բարբարոսական էին եւ յանգեցրին կէս միլիոն հայերի էթնիկ բնաջնջմանն ու տեղահանմանը: Այս դաժանութիւններին հետեւեցին ադրբեջանական զինւած ուժերի աննախադէպ յարձակողական գործողութիւնները` ուղղւած Լեռնային Ղարաբաղի բնակչութեան բնաջնջմանը:
Հայաստանի դեսպանի նամակը, որն ուղղւած է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին ու Գլխաւոր ասամբլեային, ամփոփւում է հետեւեալ մտքով. «Պէտք է վերջնականապէս ու մէկընդմիշտ պարզ դառնայ, որ Ադրբեջանն է սկսել զինւած ագրէսիան ընդդէմ Լեռնային Ղարաբաղի:
Հայաստանը համոզւած է, որ այս իրավիճակում լաւագոյն լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական պահանջով իր իրաւունքի վերականգնումն է` իրագործելու համար ազգերի ինքնորոշման անքակտելի իրաւունքը»:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment