Լոնդոնի Tate Modern ժամանակակից արւեստի թանգարանը ներկայացնում է Արշիլ Գորկու ցուցահանդէսը
24.02.2010 Լուսինէ Գրիգորեան, Լոնդոն
Մինչեւ մայիսի 3-ը Լոնդոնի Tate Modern ժամանակակից արւեստի թանգարանը ներկայացնում է Արշիլ Գորկու ցուցահանդէսը` վերջին 20 տարիների առաջին խոշոր ցուցադրութիւնը Եւրոպայում: 12 սենեակներում ներկայացւած 120 կտաւները պատմում են ազգութեամբ Հայ ամերիկացի նկարչի ազգային ու անձնական ողբերգութեան ու յուշերի մասին:
«1920-40-ական թւականներին ստեղծւած այս նկարները բերւել են տարբեր աշխարհահռչակ թանգարաններից ու անձնական հաւաքածուներից, դրանք արտացոլում են տարբեր ոճեր, որոնցով տարւել է Գորկին` ռէալիզմ, սիւռէալիզմ, աբստրակցիոնիզմ։ Նրա ոճը, գոյները, ձեռագիրը խիստ կապւած են կեանքի ու ապրումների հետ եւ փոփոխւել են տարիների ընթացքում», - ասում է ցուցահանդէսի համակարգող Մաթիւ Գէյլը:
Նկարների ընտրութիւնը կատարւել է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում։ Գէյլի փոխանցմամբ, ցուցահանդէսի տրամաբանութիւնը թոյլ են տալիս աւելի մանրամասնօրէն ծանօթանալ Գորկու ուշ շրջանի ստեղծագործութիւններին: Եւ դա նպատակային է, քանի որ Գորկին շարունակաբար վերամշակել է իր իսկ աշխատանքները:
Այստեղ են նաեւ հանրայայտ «Նկարիչը եւ նրա մայրը» կտաւի երկու տարբերակները, որ յատկապէս յայտնի են Ատոմ Էգոյեանի «Արարատ» ֆիլմից:
Ցուցահանդէսի համակարգողը շեշտում է, որ այս կարգի ցուցահանդէս կազմակերպելը դժւար է ու ծախսատար: Այն երեք կառոյցների` Ֆիլադելֆիայի արւեստի, Լոս Անջէլեսի ժամանակակից արւեստի թանգարանների ու Tate Modern-ի համագործակցութեան արդիւնքն է: Հիմնական հովանաւորը Terra ամերիկեան արւեստի հիմնադրամն է, սակայն աջակցել են նաեւ Հայ բարերարներ ու հիմնադրամներ` Վաչէ եւ Թամար Մանուկեանները, Գալուստ Գիւլբենկեան, Բենլեան ու Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամները, Լարի Գագոսեանը, Արմէն եւ Նունէ Սարգսեանները:
«Ես եւ իմ երկու բարեկամները` Լարի Գագոսեանն ու Վաչէ Մանուկեանը ներդրում ունենք այս ցուցահանդէսի մէջ թէ՛ ֆինանսական, թէ՛ նաեւ գաղափարական: Սա պատմական ցուցահանդէս է, քանի որ ծագումով Հայ որեւէ նկարիչ այս մասշտաբի ցուցահանդէս չի ունեցել եւրոպական մայրաքաղաքներում», - ասում է Արմէն Սարգսեանը:
Արշիլ Գորկին տեսել է Հայոց Ցեղասպանութիւնը, մօր սովամահ լինելը, կարողացել է գտնել հօրն ու հաստատւել Միացեալ Նահանգներում եւ հասել որոշակի յաջողութիւնների կեանքի վերջին տարիների ընթացքում, բայց այդպէս էլ չի հաշտւել Արեւմուտքի բարքերի հետ։ Ընտանեկան դժւարութիւնները, քաղցկեղը, նրան նկարելու կարողութիւնից զրկած աւտովթարը, հօր մահը Գորկուն հասցրել են ինքնասպանութեան 1948-ին: Ցեղասպանութեան յիշողութիւնը շարունակաբար շեշտւում է ցուցահանդէսի ընթացքում: Այս մասին բաւական մանրամասնօրէն խօսւել է նաեւ մամուլում: Ցուցահանդէսին անդրադարձել են բոլոր խոշոր բրիտանական պարբերականները:
Արշիլ Գորկու լոնդոնեան ցուցահանդէսի համակարգող Մաթիւ Գէյլի համար սակայն, ամենակարեւորը մասնագէտների կարծիքն է. - «Ես յատկապէս ոգեւորւած եմ նկարիչների արձագանքով, որ Գորկիի արւեստը այսօր էլ նրանց համար կարեւոր է եւ ազդեցութիւն ունի նրանց ստեղծագործութիւնների վրայ: Ինձ համար սա ամենակարեւորն է»։
Մաիւ Գէյլը հաւաստիացնում է, որ թուրքական կողմից որեւէ բողոք կամ դժգոհութիւն չի եղել, սակայն չի բացառում, որ նման մասշտաբի իրադարձութիւնը կարող է քաղաքական հետեւանքներ ունենայ։
120 նկարները անցած հոկտեմբերից Յունւարի 10-ը ցուցադրւել են Ֆիլադելֆիայի Արւեստի թանգարանում, Լոնդոնից դրանք կը տեղափոխւեն Լոս Անջէլեսի Ժամանակակից արւեստի թանգարան, որտեղ կը ցուցադրւեն յունիսի 6-ից սեպտեմբերի 20-ը: Իսկ մինչ այդ՝ Tate-ում կլին
են նաեւ Գորկուն նւիրւած հանդիպումներ, այդ թւում` Ատոմ Էգոյեանի հետ հանդիպում ապրիլի 21-ին:

«Ազատութիւն»

0 Պատգամ: