«Հաւատում եմ, որ իմ երգը կարող է գերել ողջ Եւրոպան»
Հարցազրոյց Եւա Ռիվասի հետ


14:15 • 22.02.10-
«Եւրատեսիլ» մրցոյթի հայաստանեան նախընտրական փուլի մէկ այլ մասնակից` Էմմին, բողոքում էր քւէարկութեան արդիւնքներից։ Ի՞նչ էք մտածում այդ առնչութեամբ։
Որքանո՞վ էր օրինական քւէարկութիւնը։ Որոշ լրատւամիջոցներ տեղեկութիւններ էին հրապարակել, թէ sms-ները «գնւած» էին։
- Ինձ էլ են հասել այդ ասեկոսեները։ Ցանկանում եմ ասել, որ մենք շատ ջանքեր ենք գործադրել, օր ու գիշեր աշխատել ենք, յոյս ենք փայփայել և հաւատացել ենք մեր յաղթանակին։ Մենք անհաւանական աշխատանք ենք կատարել, և կարծում եմ՝ արժանի ենք յաղթանակի։ Ես շատ հպարտ եմ, որ հանդիսատեսն ինձ ընտրեց և որ ես կը ներկայացնեմ Հայաստանը «Եւրատեսիլի» պէս մեծ մրցոյթին։
Եթէ չեն արդարացել ինչ-որ մէկի յոյսերը, դա չի նշանակում, որ նրանք իրաւունք ունեն ցեխ շպրտել յաղթողի վրայ։ Պէտք է կարողանալ արժանավայել պարտութիւն կրել, ինչը շատերն ի զօրու չեն անել։ Ես մտածում էի միայն արժանավայել ելոյթի մասին, իսկ դատողը հանդիսատեսն էր։ Եւ շատ ուրախ եմ, որ մեր աշխատանքը արժանիօրէն գնահատել են։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ օգտին են քւէարկել։ Ինչ վերաբերում է օրինականութեանը, ապա դա իրաւապահ մարմինների իրաւասութիւնն է, և մեկնաբանութիւնների հարցով նրանց պէտք է դիմել։
- Արդեօ՞ք Ձեզ չի զարմացնում Ձեր յաղթանակը. չէ՞ որ Դուք այնքան էլ յայտնի չէք տեղի ունկնդիրներին։ Ինչպէ՞ս կը հիմնաւորէք Ձեր յաղթանակն այն դէպքում, երբ յայտնի աստղերը զբաղեցրել են ցածր հորիզոնականներ։
- Առաջինը, դա միայն իմ յաղթանակը չէ, ես մենակ չեմ աշխատել և ջանացել. դա նաև իմ թիմի շնորհքն է։ Երկրորդը՝ երգչի յայտնի լինելը այստեղ ոչ մի նշանակութիւն չունի։ «Եւրատեսիլը» երգի մրցոյթ է, այլ ոչ թէ երգչի։ Մենք բազմիցս համոզւել ենք, որ այնտեղ գնահատւում են երգն ու շօուն։ Կարծում եմ, որ հանդիսատեսն անաչառ էր։ Իմ դէպքում յաղթել է երգը, որի հեղինակներն են Արմէն Մարտիրոսեանը, Կարէն Կավալերեանը։ Նրանք իրենց գործի պրոֆեսիոնալներն են, ինչը բոլորին յայտնի է։ Ես Ձեզ աւելին կասեմ, հաւատում եմ, որ այս երգը կարող է գերել նաև ողջ Եւրոպան։
Բացի այդ, թոյլ տւէք մի փոքր չհամաձայնել Ձեր այն դիտարկմանը, թէ ես այդքան էլ յայտնի չեմ Հայ հանդիսատեսին։ «Թամամ աշխարհ» երգի իմ տեսահոլովակն արդէն որերորդ ամիսն է, ինչ հայկական չարտերի առաջատար հորիզոնականներում է։ «Եւա Ռիվաս» արտայայտութեամբ աւելի քան 1,5 միլիոն հարցում է եղել Google որոնողական ցանցում։ Մէկ շաբաթւայ ընթացքում Apricot stone երգի աշխատանքային տարբերակը Youtube կայքում դիտել է 100 հազար մարդ։ Մի շարք երկրներում տեսաձայնագրութիւնը ռեկորդներ է սահմանել՝ ըստ դիտելու ցուցանիշների։
- Թերթերից մէկը տեղեկութիւններ է հրապարակել, որ յայտնի գործարար Սամուէլ Կարապետեանը մօտ 7 միլիոն դոլար է ծախսել՝ Ձեր, երգի և «Եւրատեսիլին» մասնակցելու համար կազմակերպւած հասարակական արշաւների վրայ։ Որտեղի՞ց նման գումարներ։
- Ըստ իս՝ նման հարցեր Դուք ինձ չէ, որ պէտք է ուղղէք, այլ նրանց, ովքեր տարածում են այդ ասեկոսեները։ Հաւատացէք, 7 միլիոն դոլարը շատ մեծ թիւ է արտիստի հասարակական քարոզչութեան համար նոյնիսկ միջազգային մակարդակով, էլ չեմ խօսում հայկական էստրադայի մասին։ Ինձ համար էլ հետաքրքիր կլինէր իմանալ, թէ թերթի կարծիքով՝ ինչի վրայ է ծախսւել վերոնշեալ 7 մլն դոլարը։ Ես արւեստի մարդ եմ և զբաղւում եմ ինձ համար հոգեհարազատ գործով։ Իմ անունից ցանկանում եմ նշել, որ իմ պրոդիւսերը Վալերի Սահարեանն է, և ինձ առնչւող բոլոր հարցերով նա է զբաղւում։
- Ինչպէ՞ս էք պատկերացնում Ձեր շօուն՝ հագուստը, պարողներին, դիզայնը։ Դա շատ է հետաքրքրում հանրութեանը։
- Այժմ չեմ ցանկանում բացել բոլոր գաղտնիքները, բայց նշեմ, որ շօուն հետաքրքիր կը լինի, անկրկնելի և իւրօրինակ՝ Ձեզ արդէն յայտնի մի շարք մարդկանց մասնակցութեամբ։


Tert.am

0 Պատգամ: