ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԱՍՆԵԱԿ ՍՊԱՆԵՐ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՒԵԼ
Թուրքիայում պետական յեղաշրջման մեղադրանքով ձերբակալւել են տասնեակ բարձրաստիճան սպաներ` ներառեալ Թուրքիայի Զինւած ուժերի Գլխաւոր շտաբի պետի նախկին տեղակալ, բանակի պաշտօնաթող գեներալ Էրգին Սայգունին, հաղորդում է BBC News-ը:
Ձերբակալւածների թւում են նաեւ ՌՕՈւ նախկին հրամանատար, բանակի պաշտօնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթինը, ՌԾՈւ նախկին հրամանատար, պաշտօնաթող գեներալ Օզգէն Օմէկը, պաշտօնաթող գեներալ Էնգին Ալանը: Ըստ աղբիւրի, ձերբակաւել է 10 գնդապետ, չորս ծովակալ, 17 գեներալ, նրանցից ոմանք պաշտօնաթող են, միւսները` մինչ օրս ծառայութեան մէջ էին: Ձերբակալութիւնները կատարւել են Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում: Ընդամէնը դաւադրութեան մեղադրանքով շուրջ 50 հոգի է ձերբակալւել: Ըստ թուրքական «Թարաֆ» թերթի, յեղաշրջման «Բալեոզ» («Կռամ») ծրագիրը մշակւել է 2002թ. վերջում: 2003-ի մարտին այն ներկայացւել է Ցամաքային ուժերի առաջին բանակի շտաբի զինւորականներին: Նախատեսւում էր յեղաշրջումը սկսել սադրանքներից, մասնաւորապէս, խօսքը գնում է հասարակական վայրերում մի շարք պայթիւնների մասին: Նաեւ այն նախատեսւում էր ռազմական ինքնաթիռի ոչնչացում Էգէեան ծովի վրայ: Նախատեսւում էր դրանում մեղադրել Յունաստանին: Ստեղծւած իրավիճակում զինւորականները մտադիր էին զաւթել իշխանութիւնը: Պետական յեղաշրջում նախապատրաստելու մասին քրէական գործը հարուցւել է 2007թ.: Այդ գործով տասնեակ մարդիկ են ձերբակալւել, ներառեալ նախկին եւ գործող զինւորականների, ստեղծագործական վերնախաւի ու մտաւորականների ներկայացուցիչներին: Նման գործողութիւնները Թուրքիայում կանոնաւոր բնոյթ են կրում:
«Պանարմէնիան»
0 Պատգամ:
Post a Comment