ՄՈՍԿՒԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՒԵԼ Է ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ
Մոսկւայի Հայ համայնքն այսօր որակական վերափոխման է ենթարկւում, որը աւելի ազդեցիկ է դարձնում նրա դերը ողջ հայ համայնքի համակարգում: Սակայն լիարժէք մեխանիզմ դառնալու համար, գործող կազմակերպութիւններին յաճախ շատ բան չի հերիքում:
Առաջին հերթին խօսքն անբաւարար համախմբման, նրանց գործունէութեան փորձագիտական ապահովման բացակայութեան մասին է: Որոշ դէպքերում կազմակերպութիւնների միջեւ նկատւում է առճակատում: Յատուկ ուշադրութիւն են պահանջում տեղեկատւական ապահովման հարցերը: Այդ մասին ասւում է նոր` Մոսկւայի հայկական կազմակերպութիւնների համաժողով կազմակերպութեան հաղորդագրութեան մէջ: Նախաձեռնող խումբը կարծում է, որ հասունացել է համախմբող հարթակ ստեղծելու անհրաժեշտութիւնը, որը կը ներկայացնէր բոլոր կազմակերպութիւնների շահերը եւ կը համաձայնեցնէր գործունէութիւնը ծրագրերի եւ նախագծերի իրականացման ժամանակ կրկնողութիւնը բացառելու համար: «Մոսկւայում հայ համայնքի միաւորումների եւ կազմակերպութիւնների միջեւ կայուն փոխյարաբերութիւններ ստեղծելու եւ ամրապնդելու համար մենք նախաձեռնել ենք ստեղծել Մոսկւայի հայկական կազմակերպութիւնների համաժողով: Համաժողովի նպատակն է ստեղծել հայկական համայնքի համար մէկ հարթակ, որը ընդ որում ոչ մի դէպքում չպիտի ոտնահարի առանձին կազմակերպութիւնների իրաւունքները: Մեր կարծիքով լիարժէք համայնքի ձեւաւորման բանալին` համախմբումն է եւ բազմազանութեան պահպանումն է: Առաջին հերթին Համաժողովը իրենից կը ներկայացնի տեղեկատւական դաշտ հայ համայնքի համար: Վստահ ենք, որ այդպիսի համագործակցութիւնը կաջակցի հայ համայնքի համախմբմանը եւ փոխադարձ աջակցութեան ամրապնդմանը: Համաժողովը կուժեղացնի հայկական կազմակերպութիւնների ազդեցութիւնը ռուսական հասարակութեան վրայ, կամրապնդի Հայաստանի, Արցախի եւ այլ երկրների հայ համայնքների փոխյարաբերութիւնները», - ասւում է հաղորդագրութեան մէջ: Համաժողովի առաջին նիստը տեղի կունենայ փետրւարի 27-ին: Համաժողովի օրակարգում` կազմակերպութիւնների գործունէութեան հետ ծանօթութիւնն է փորձի փոխանակման համար, համագործակցութեան տարբեր ոլորտներում գործողութիւնների համաձայնեցումը, Համաժողովի հիմնադրման Դիմումի ընդունումը եւ Համաժողովի համակարգող մարմնի ձեւաւորումը: Համաժողովի կազմկոմիտէում ընդգրկւած են «Ռուս-Հայկական համագործակցութիւն» կազմակերպութեան նախագահ Եուրի Նաւոյեանը, «Նոյեան Տապան» թերթի գլխաւոր խմբագիր Գիրգորի Անիսոնեանը, «Արցախի բարեկամներ ակումբի» նախագահ Էդւարդ Ղուլեանը, Միջազգային յարաբերութիւնների Մոսկւայի պետական ինստիտուտի հայկական համագործակցութեան նախագահ Հենրի Սարադեանը եւ «Արեւմուտքի հայերի հայրենակցական միութիւն» կազմակերպութեան ներկայացուցիչ Իգոր Զարգարեանը:
«Պանարմէնիան»
0 Պատգամ:
Post a Comment