ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՍՈՒՄԳԱՅԻԹԵԱՆ ՋԱՐԴԵՐԻ ԴԷՄ
«Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում»:
Փետրւարի 26-ին Վաշինգտոնի տարածաշրջանի Հայ երիտասարդութիւնը ոտքի էր ելել իր ընդվզումը յայտնելու 22 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործութեան դէմ:
Հայ երիտասարդների դաշնութիւնը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպութիւնը եւ բազմաթիւ Հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, մի քանի տասնեակ մարդ, հաւաքւել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանութեան առջեւ եւ պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը: Նրանց կարգախօսները կոչ էին անում «Սումգայիթի ցեղասպանութիւնը ոճիր է մարդկութեան հանդէպ», «Ազատութիւն Լեռնային Ղարաբաղին», «Ճշմարտութիւն Սումգայիթի ոճրագործութեան մասին», «Սումայիթի յանցագործները ցայսօր անպատիժ են» եւ այլն: Ցոյցի մասնակիցները, որոնցից շատերը Սումգայիթեան ողբերգութեան պահին նոյնիսկ չէին ծնւել, բացականչում էին «Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում»: Նրանք հաւատում են, որ Սումգայիթը սկիզբ դրեց Արցախեան ազատագրական պայքարի հետագայ արիւնալի իրադարձութիւններին: Ցուցարարները պահանջում էին պատժել Սումգայիթի եւ դրան յաջորդած Բաքւի, Կիրովաբադի, Շահումեանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանութիւն կազմակերպած եւ իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստէրիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
«Պանարմէնիան»
0 Պատգամ:
Post a Comment