Աթէնքում հայերը ցոյցի են դուրս եկել` ընդդէմ Սումգայիթեան ոճրագործութեան հեղինակ Ադրբեջանի


15:50 / 27.02.2010
Այսօր` փետրւարի 27-ին Յունաստանի մայրաքաղաք Աթէնքի Վասիլի Սոֆիաս պողոտայի սկզբնամասում, ուր տեղակայւած է Ադրբեջանի դիւանագիտական ներկայացուցչութիւնը, առաւօտեան ժամը 11-ի մատոյցներում սկսւել է խրոխտ կոչերով ու վանկարկումներով ուղեկցւող ցոյց:
Յունահայ համայնքի երիտասարդների բազմութիւնը երթով առաջանալով դէպի Ադրբեջանի դեսպանատուն` նրա առջև պարզել է Հայաստանի ու Արցախի դրօշները, 22 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ժողովրդի դէմ գործւած ցեղասպանական ոճրագործութիւնը դատապարտող, արդարութիւն ու հատուցում պահանջող պաստառները:
Յունաստանի հայկական երիտասարդական կազմակերպութիւնների նախաձեռնած ցոյցի ու պիկէտի նպատակն էր միանալ աշխարհի բոլոր երկրների հայութեանը, որն այս օրերին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդէմ անմարդկային ու հրէշաւոր, սակայն 22 տարի շարունակ միջազգային հանրութեան կողմից այդպէս էլ չդատապարտւած ու չպատժւած սումգայիթեան ոճրի:
Հէնց այդ անպատժէլիութիւնն էր, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, որ մարդկային բազմաթիւ անմեղ կեանքեր խլած սպանդի կազմակերպպիչներին ու իրականացնողներին յանդգնութիւն տւեց այդ ոճրագործութիւնը հետագայում կրկնել Կիրովաբադում ու Բաքւում, Ղազախում ու Խանլարում, Դաշքեսանում ու Մինգեչաուրում, Ադրբեջանի բոլոր այն վայրերում, ուր գէթ մէկ Հայ էր ապրում: Ուստի ցոյցի նախաձեռնողները ևս մէկ անգամ իրենց համերաշխութիւնն յայտնեցին բոլոր նրանց, ովքեր այսօր յիշում ու յիշեցնում են սումգայիթեան ողբերգութեան մասին:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: