«ԵՒՐԱՏԵՍԻԼԻ» ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄԸ

Վերջին տարիներին «Եւրատեսիլ» մրցոյթի շուրջ մի տեսակ անառողջ կրքեր են եռում։ Ոմանց համար «Եւրատեսիլում» Հայաստանը ներկայացնելը կարծես դարձել է կեանքի նպատակ, եւ նրանք շարունակ խօսում են սեփական արժանիքների մասին:
Դեռ նախորդ մրցոյթից յետոյ ոչ ուղղակի մրցակցութիւն սկսւեց Էմմիի եւ Ռազմիկ Ամեանի միջեւ, յետոյ խօսւեց Արամէի մասին ու կարծես մրցապայքարում հիմնական երեւացողները հէնց նշածս մարդիկ էին:
Իսկ այսօր արդէն յայտնի է «Եւրատեսիլ-2010» միջազգային երգի մրցոյթի հայաստանեան մասնակցի անունը` Եւա Ռիվաս: Հէնց այս գեղեցկադէմ աղջիկը շրջանցեց երկար ժամանակ իրար «միս ուտող» մնացած կատարողներին։
Հայ հանդիսատեսը բացայայտեց Եւային դեռեւս «Տաշիր-2009» մրցանակաբաշխութեան ժամանակ, երբ երգչուհին ներկայացաւ ողջ հմայքով եւ հիացրեց բոլորին իր անկրկնելի ձայնային տւեալներով: Մեր զրոյցի ժամանակ տեղեկացանք, որ Եւան սկսել է երգել դեռ վաղ հասակից, նախ` դպրոցական հայկական երգչախմբում, այնուհետեւ Ռոստով քաղաքի ամենայայտնի «Արեւիկ» համոյթում:
Տարբեր մրցոյթներին արժանանալով բազմաթիւ մրցանակների` Եւան ներխուժեց ռուսական շօու-բիզնես եւ 2007 թւականին իր փայլուն մասնակցութիւնն ունեցաւ Սոչիում կայացած «5 աստղ» փառատօնին, որտեղ եւ արժանացաւ երրորդ մրցանակին:
- Ի՞նչ էք զգում ներընտրական փուլում յաղթանակ տանելուց յետոյ:
- Երբ բեմում կանգնած էի` կարծում էի, որ եթէ անունս կարդան, կը կարողանամ զգացմունքներս թաքցնել, բայց երբ լսեցի երգիս բառերը, ակամայից չկարողացայ զսպել ինձ: Երջանիկ եմ, ուրախ եւ հպարտ, որ Հայաստանը Օսլոյում ներկայացնելու համար մեր ժողովուրդն ընտրել է ինձ:
-Հասկանալի է, որ մասնակցել էք բազմաթիւ մրցոյթների, ինչո՞վ է պայմանաւորւած «Եւրատեսիլ-2010»-ին մասնակցելու ցանկութիւնը:
- Ուզում եմ Հայաստանը յաղթի: Ես Հայ եմ եւ ցանկանում եմ Հայաստանը ներկայացնել ամբողջ աշխարհին: Կարծում եմ, արդէն ժամանակն է ապացուցելու աշխարհին, որ մենք կարող ենք արժանապատւօրէն ներկայանալ եւ յաղթանակներ տանել։
- Ինչո՞ւ հէնց «Ծիրանի կորիզը» որոշեցիք երգել, այս երգն ունի՞ յաղթելու հնարաւորութիւն:
-Չեմ ցանկանում վիրաւորել նախորդ տարիների մասնակիցներին, բայց մենք առաջինն էինք, որ երգի հիմքում դրեցինք հայրենիքը: Երգն աւելի շատ փիլիսոփայական իմաստ ունի: Եւ այն շօշափում է աւելի շատ համամարդկային խնդիրներ:
Երգը մի փոքրիկ աղջկայ մասին է, որը մեծ հոգատարութեամբ խնամում է իր մայրիկի տւած ծիրանի կորիզը, յուսալով, որ մի օր այդ կորիզից ծառ է աճելու: Կորիզը խորհրդանշում է նոր կեանքի սկիզբը, փոքրիկ աղջիկը` լաւատեսութեամբ եւ հոգատարութեամբ լցւած գալիք սերունդը, որի ձեռքերում էլ հէնց գտնւում է մեր ապագան: Մի աղջնակ, որ միշտ ցանկանում է վերադառնալ իր արմատներին:
Այս երգն այնքան հոգեհարազատ է ինձ, որ ամէն անգամ վերապրում եմ այն, եւ աղջնակի կերպարում ինձ մարմնաւորում: Չնայած ծիրանը հայկական միրգ է, բայց, կարծում եմ, որ այս երգը հոգեհարազատ կը լինի եւ կընդունւի ոչ միայն Հայ հանդիսատեսի, այլեւ եւրոպացիների կողմից, քանի որ այն ունի համամարդկային նշանակութիւն:
- Ինչպէ՞ս էք վերաբերւում այն չարախօսութիւններին, որոնք շրջանառւում են:
- Իհարկէ, այդ բոլոր անարդար խօսակցութիւնները բարկացնում են: Ոչ ոք իրաւունք չունի այդպիսի վերաբերմունք ցուցաբերել այնպիսի մարդկանց հանդէպ, ինչպիսիք են Արմէն Մարտիրոսեանը, Կարէն Կավալերեանը: Պարզապէս հարկաւոր է յարգալից վերաբերւել նրանց, ովքեր իրենց գործի վարպետն են:

ԿԱՐԻՆԷ ՀԱԽՆԱԶԱՐԵԱՆ
«Հայոց Աշխարհ»

0 Պատգամ: