Անգլիական «Տոտենհօմը» մէկ միլիոն Փոնդ է վճարելու «Փիւնիկի» խաղացողի համար


01:23 / 24.02.2010
Անգլիական Պրեմիեր լիգայի հանրայայտ ակումբներից մէկը` «Տոտենհօմը» երեւանեան «Փիւնիկի» ֆուտբոլիստ Էմմանուէլ Մբոլայի համար պատրաստ է վճարել մէկ միլիոն Փոնդ ստեռլինգ, տեղեկացնում է անգլիական Daily Mirror պարբերականը:
Յիշեցնենք, որ 16-ամեայ պաշտպանը մեկնել էր Լոնդոն, որտեղ փորձաշրջան էր անցնում «Տոտենհօմի» հիմնական կազմում եւ նրա խաղին հետեւել է թիմի գլխաւոր մարզիչ Հարրի Ռեդնապը:
Armfootball.com կայքի փոխանցմամբ, սպասւում է, որ զամբիացի ֆուտբոլիստը պայմանագիր կնքի լոնդոնեան ակումբի հետ, բայց յաջորդ մրցաշրջանը վարձավճարով կը խաղայ եւրոպական ակումբներից մէկում, քանի որ ըստ Պրեմիեր լիգայի կանոնադրութեան, անգլիական պրեմիեր լիգայում իրաւունք չունեն հանդէս գալ այն ֆուտբոլիստները, որոնց ազգային հաւաքականները ՖԻՖԱ-ի դասակարգման աղիւսակում 70-րդ տեղից ցածր հորիզոնական են զբաղեցնում: Իսկ Զամբիան ըստ այդ դասակարգման 71-րդն է:
Անգլիական մէկ այլ պարբերական՝ The Daily Mail-ը հրապարակել է «Տոտենհօմի» գլխաւոր մարզիչ Հարրի Ռեդնապի հարցազրոյցը, որտեղ վերջինս նշել է, թէ չի ճանաչում Մբոլա անունով ֆուտբոլիստի: «Ես այդպիսի ֆուտբոլիստի չեմ ճանաչում: Մեզ մօտ երկու նիգերիացի երիտասարդ ֆուտբոլիստներ էին մարզւում, բայց Զամբիայից ոչ ոք չի ժամանել: Հնարաւոր է, որ նրա ծառայութիւններով հետաքրքրւել է մեր ակադեմիան, բայց Մբոլան թիմի հիմնական կազմի հետ չի մարզւել»,- նշել է Ռեդնապը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: