Քլինթոնին յիշեցրել են Ցեղասպանութեան վերաբերեալ իր նախկին դիրքորոշման մասին

13:47 • 26.02.10
ԱՄՆ Կոնգրէսի հայկական խմբի համանախագահ Մարկ Քիրքը, ելոյթ ունենալով Կոնգրէսի Արտաքին յատկացումների ենթայանձնաժողովում, յիշեցրել է Հիլարի Քլինթոնին, որ նախկինում նա աջակցել է Կոնգրէսում Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ընդունմանը։ Այդ մասին հաղորդագրութիւն է տարածել Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը։
Մասնաւորապէս, անդրադառնալով մարտի 4-ին Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան բանաձևի քւէարկութեանը, Քիրքը նշել է, որ «յոյս ունեմ, որ մենք դա կանենք, յոյս ունեմ, որ Ներկայացուցչական պալատը դա կանի, և յոյս ունեմ, որ Դուք դա թոյլ կը տաք»։
Իր հերթին Հայոց Ցեղասպանութեան բանաձևի ճանաչման ջատագով Ադամ Շիֆն ասել է, որ չի կարծում, թէ Հայաստանի և Թուրքիայի հաշտութեան հեռանկարը կարող է պատրւակ դառնալ «Հայոց Ցեղասպանութեան անժխտելի փաստը չճանաչելու համար»։ Ադամ Շիֆը Բարաք Օբամայի վարչակազմին յորդորել է աջակցութիւն ցուցաբերել բանաձևին և «առնւազն չընդդիմանալ դրա շուրջ քւէարկութեանը»։
Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը, նկատել է, որ վերջին մի քանի շաբաթւայ ընթացքում արւած յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ Օբամայի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները որոշել են հրապարակաւ չընդդիմանալ Ցեղասպանութեան բանաձևի ընդունմանը։
Անդրադառնալով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին յատկացւած 2011թ. ֆինանսական օգնութեանը՝ Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ողջունել է Օբամայի վարչակազմի այդ քայլը` նշելով, սակայն, որ «Կոնգրէսը պէտք է մեծացնի ֆինանսական օգնութիւնը»։ Նա նաև ընդգծել է, որ մինչ Օբամայի վարչակազմը պահպանել է Հայաստանին և Ադրբեջանին յատկացւող ռազմական ֆինանսական օգնութեան հաւասարակշռութիւնը, ռազմական ուսուցմանն ուղղւած օգնութեան չափաբաժինը հաւասար չէ։ Բրեդ Շերմանը նաև կոչ է արել «յատուկ օգնութիւն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին»։ Ակնկալւում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրաւոր պատասխանը։


«Թերթ»

0 Պատգամ: