ԿԱՐՄԻՐ ԼՈՅՍԻ ՏԱԿՈՎ ԱՆՑՆԵԼԻՍ

Նադեժդա Սարգսեանը, ով բողոքում է, որ կեղծւել է Եւրատեսիլ 2010 երգի մրցոյթի Հայաստանի մասնակցի ընտրութիւնն, ու դրա համար է իր դուստր Էմմին պարտւել այդ մրցոյթում, յայտարարում է, թէ Հանրային հեռուստաընկերութեան նախագահ Ալեքսան Յարութիւնեանն իրեն խոստացել էր, որ Էմմի եւ Միհրան զոյգն էր գնալու Եւրատեսիլ:
Ալեքսան Յարութիւնեանն էլ յայտարարել է, որ ինքը Նադեժդա Սարգսեանին չի խոստացել այդպիսի բան: Բայց խնդիրը դա չէ: Մի կողմ թողնենք, թէ ով, երբ եւ ինչ է խոստացել Նադեժդա Սարգսեանին:
Բանն այն է, որ անարդարութիւնից եւ կեղծիքից բողոքող Նադեժդա Սարգսեանը յայտարարում է, որ իրեն խոստացել էին, որ գնալու է Էմմին: Եւ ինչ: Իսկ այդ ժամանակ Նադեժդա Սարգսեանն արդեօք մտածել է արդարութեան մասին: Այսինքն, արդեօք փորձել է պարզել, որ եթէ ընտրութիւն է լինելու, ապա ինչպէս են իրեն խօսք տալիս, որ Եւրատեսիլ "գնալու" է Էմմին: Նադեժդա Սարգսեանն արդեօք փորձել է իրեն խոստում տւողներին ասել, թէ ինքն ուրախ կը լինէր, բայց գերադասում է, որ Եւրատեսիլ գնայ նա, ով կը յաղթի արդար քւէարկութեան միջոցով: Թէ Էմմիի Եւրատեսիլ գնալու խոստումը "զգլխել" է Նադեժդա Սագսեանին, եւ նա մոռացել է արդարութիւն եւ ընտրութիւն հասկացութիւնների մասին:
Թերեւս ոչ: Հարցն իրականում թերեւս աւելի պարզ հարթութեան վրայ է: Աւելի կոնկրէտ` հարցը "արդարութիւն" հասկացութեան հայկական ընկալման ծիրում է: Հայաստանի հասարակութեան մի զգալի մասի համար անարդարութիւնը վատ է այն դէպքում, երբ կիրառւում է իրենց հանդէպ, իսկ եթէ իրենց համար է կիրառւում, ապա ամէն ինչ միանգամայն արդար է: Հայաստանի հասարակութեան թերեւս գերակշիռ մասի համար անարդարութիւնն ուշադրութեան առարկայ է դառնում այն դէպքում, երբ կոնկրէտ առնչւում է իրենց անձին, իսկ երբ կոնկրէտ իրենց անձից, իրենց հարազատ-բարեկամական շրջապատից հեռու է, ապա այդ անարդարութիւնը գրեթէ չի նկատւում: Դէ, իսկ եթէ անարդարութիւնը ծառայում է իրենց անձին, հարազատ-բարեկամութեանը, ապա դա արդէն ընդհանրապէս "արդարութեան" վերին աստիճանն է:
Դրա համար էլ, օրինակ, Հայաստանում, երբ որեւէ մի "արտօնեալ" մեքենայ անցնում է կարմիր լոյսի տակով, միւս վարորդները դրանից դժգոհում են ոչ թէ երեւոյթի անարդար եւ անիրաւ լինելու, այլ իրենց հասանելի չլինելու պատճառով: Այլ կերպ ասած, հայաստանցի վարորդների զգալի մասը ոչ թէ ուզում է հաւասարութիւն կարմիր լոյսի տակ, այլ "հաւասարութիւն կարմիր լոյսի տակով անցնելիս": Ու այդպէս է կեանքի գրեթէ բոլոր ոլորտներում: Հայաստանցին զայրանում է, երբ իրեն խաբում են, բայց յաջորդ պահին մարդ է որոնում, որ ինքը խաբի:
Նադեժդա Սարգսեանն էլ, ով պատրաստւում է դիմել դատարան, թերեւս թող դիմի ոչ թէ ընտրութեան արդիւնք կեղծելու, այլ պարզապէս իրեն խաբելու հայցով: Նադեժդա Սարգսեանին պարզապէս խաբել են, ասել են Էմմին կը գնայ, բայց ուղարկում են ուրիշին: Այդքան բան, ու այդ ամէնն արդարութեան հետ որեւէ կապ չունի, որովհետեւ արդարութիւն հասկացութիւնն էլ կապ չունի հայաստանեան միջավայրի հետ, որի կարկառուն ներկայացուցիչ են բոլորը, այդ թւում Եւրատեսիլի մասնակցի ընտրութեան կազմակերպման հետ այս կամ այն առնչութիւնն ունեցողները:
Ամենակարեւոր հարցն այս դէպքում թերեւս այն է, թէ ով եւ ինչ պէտք է անի, արդարութեան հայաստանեան ընկալումը փոխելու համար, որպէսզի հասարակութեան համար անարդարութիւնն ինքնին լինի անընդունելի` անկախ նրանից, թէ ում հանդէպ կամ ում համար է այն կատարւում: Վերջին հաշւով, հասարակութիւնը թերեւս այդքան էլ մեղաւոր չէ իր ունեցած այդ ընկալման համար, որովհետեւ պետութիւնն ու հասարակութիւնը տարբեր հասարակարգերում եւ տարիներին ղեկավարած էլիտաները ստեղծել են կեանքի այնպիսի պայմաններ, որոնց պարագայում քաղաքացիները ստիպւած են եղել անձնական բարեկեցութեան հասնելու համար հիմնականում ապաւինել անարդարութեանը, "արտօնեալ" լինելու հեռանկարին: Հետեւաբար, թերեւս էլիտայի խնդիրն է փոխել անարդարութեան ներկայիս ընկալումը: Իսկ դա փոխելու համար պէտք է ստեղծել կեանքի այնպիսի պայմաններ, երբ քաղաքացին տեսնի, որ առաւելապես արդար միջոցներն են իրեն յաջողութիւն ապահովում այս կամ այն ոլորտում:
Բայց հասկանալի է նաեւ, թէ ինչու էլիտան, կամ այսպէս կոչւած էլիտան չի գնում այդօրինակ քայլի եւ չի ստեղծում կեանքի այդօրինակ պայմաններ: Էլիտայի կամ այսպէս կոչւած էլիտայի համար նախընտրելի է, երբ կայ անարդարութեան "հայաստանեան ընկալումը", քանի որ այդ պարագայում անարդարութիւնը երկրում մեծ հաշւով գտնւում է լէգիտիմ կարգավիճակում, ու էլիտայից կամ այսպէս կոչւած էլիտայից հասարակութեան լուռ կամ բարձրաձայն դժգոհութիւն էլ հիմնականում, ինչքան էլ լինի պարադոքսալ, լինում է ոչ թէ արդարութեան, այլ անարդարութեան անձնական իրաւունքի հասանելիութեան համար:


ՅԱԿՈԲ ԲԱԴԱԼԵԱՆ
«Լրագիր»

0 Պատգամ: