«Հայաստանը պաշտպանել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի ագրէսիայից»

«Հայկական կողմն ագրէսիայի ոչ ոքի չի ենթարկել, այլ ընդամէնը պաշտպանւել է Ադրբեջանի ագրէսիայից»,-ասյօր ասուլիսի ժամանակ յայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցութեան պատգամաւոր Գագիկ Մելիքեանը` Aysor-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԽ-ի 2216-ի բանաձևը և Իսլամական երկրների լիգայի ԱԳ նախարարների յայտարարութիւնը, որոնցով այդ երկու կառոյցները Հայաստանը «ագրէսոր» են անւանում:
«Երբ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը յայտարարեց իր ինքնորոշման մասին, Ադրբեջանը` որպէս ագրէսոր պետութիւն` յարձակւելով Լեռնային Ղարաբաղի վրայ, փորձեց ճնշել այդ գործընթացը, և Հայաստանն ընդամէնը օգնութեան հասաւ Լեռնային Ղարաբաղի Հայ ազգաբնակչութեանը», - շեշտեց պատգամաւորը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թէ արդեօք նպատակայարմա՞ր է, որ Հայաստանն արդէն ճանաչի ԼՂՀ անկախութիւնը, ԱԺ պատգամաւորն ասաց, որ ներկայ պահին նման քայլը կարող է ճակատագրական ազդեցութիւն ունենալ գործընթացի վրայ:
«Չեմ կարծում, որ ժամանակն է, որպէսզի Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը: ԼՂՀ-ն` որպէս անկախ պետութիւն ճանաչելը Հայաստանի կողմից, կը դիտւի Ադրբեջանի կողմից` որպէս պատերազմի յայտարարում, ինչը լի է անկանխատեսելի հետևանքներով: Հայաստանը ժամանակի ընթացքում կը ճանաչի ԼՂՀ անկախութիւնը, համոզւած եմ, որ դա կարւի ճիշտ ժամանակին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կատարւած աշխատանքը, բանակցային գործընթացն ամբողջութեամբ միտւած է այդ ճանաչման խաղաղ իրականացմանը»,-ասաց Գ. Մելիքեանը` կարծիք յայտնելով, որ ԼՂ հիմնահարցի կարգաւորումն արդէն մօտ է:
Յիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ռազմական փուլը ծագել է 1991 թ.-ին, երբ ի պատասխան ԼՂ բնակչութեան ինքնորոշման պահանջի` ադրբեջանական իշխանութիւնները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգութեան ուժերի (ԿԳԲ-ի յատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածաւալ ռազմական գործողութիւններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարաւոր զոհերի և զգալի նիւթական կորուստների:
1994թ. կնքւեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգաւորման շուրջ բանակցութիւնները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդութեամբ`2007 թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացւած մադրիդեան առաջարկութիւնների հիման վրայ:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինութիւնների մրցավազքի հրահրումը և կոպտօրէն խախտելով միջազգային իրաւունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

ԱՅՍՕՐ, 16:37
Aysor.am

0 Պատգամ: