Դինքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել Ստամբուլի փոխնահանգապետի դէմ
12:04 / 06.05.2010
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դատական հայց են ներկայացրել Ստամբուլի փոխնահանգապետ Մուսթաֆա Գիւրանի դէմ, ով հրաժարւել է փաստաբաններին ներկայացնել վարչապետի տեսչական յանձնաժողովի կողմից Հրանտ Դինքի սպանութեան հետ կապւած ուսումնասիրութիւնների պատճէները:
Թրքական Bianet-ի փոխանցմամբ` մայիսի 5-ին Հրանտ Դինքի սպանութեան ուսումնասիրման յանձնաժողովի կողմից կազմակերպւել է հանդիպում լրագրողների հետ, որի ժամանակ ներկայացւել են դատական գործընթացի վերջին զարգացումները:Դինքի այրին` Ռաքել Դինքը, յայտնել է, որ դեռեւս 2007-ի ապրիլի 25-ին Թուրքիայի վարչապետը յատուկ տեսչական խմբին հրահանգել էր ուսումնասիրել սպանութեան հետաքննութեան հետ կապւած թերի կողմերը:
Այնուհետ փաստաբանները յայտնեցին, որ Ստամբուլի փոխնահանգապետը մերժել է վարչապետի տեսչական խմբի կողմից 2008-ի հոկտեմբերի 10-ին աւարտած զեկոյցի պատճէն տրամադրել իրենց:
Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյէ Չեթինը տեղեկացրել է, որ Եւրոպայի մարդու իրաւունքների դատարանում Հրանտ Դինքի սպանութեան հետ կապւած նոր զարգացումների եւ ապացոյցների հետ մէկտեղ կրկին կուսումնասիրւի թրքական դատարանի որոշումը, որով չի թոյլատրւել, որ որպէս վկայ հանդէս գայ Ստամբուլի հետախուզութեան վարչութեան պետ Սաբըր Ուզունը եւ չի թոյլատրւել հետաքննութիւն սկսել Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահի եւ հետախուզութեան փոխտնօրէն Բիւլենթ Քիւոքսալի դէմ:
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանութեան հետ կապւած հերթական դատավարութիւնը տեղի կունենայ մայիսի 10-ին: Նոյն օրը ժամը 10.00-ին «Հրանտի ընկերները» Ստամբուլի Բեշիքթաշի հրապարակում կրկին կը հաւաքւեն «Հրանտի համար, արդարութեան համար» կարգախօսով:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment