ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՈՐ ՊԼԱՆԸ»
Ադրբեջանն ու Թուրքիան յամառօրէն բարձրաձայնում են այն տեսակէտը, թէ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում Ղարաբաղի յարակից շրջաններից առնւազն երկուսի վերադարձն արդէն իսկ քննարկման փուլում է, ընդ որում, եթէ Ադրբեջանը դրանում իր դիրքորոշման ամրագրումն է տեսնում, Թուրքիան, ամենայն հաւանականութեամբ, իր գնահատականով, Հայ-թրքական գործընթացում «առեւտուր» անելու նկրտումներ ունի, այն էլ` այդ շրջանների հաշւին:

Ըստ այդմ, իբր երկու շրջաններ «վերադարձւելուց յետոյ» Ադրբեջանը կարող է բացել սահմանը Հայաստանի հետ: Թրքական աղբիւրները նշում են, թէ իբր նման համաձայնութիւն է ձեռք բերւել ԱՄՆ նախագահի` Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումներում եւ Ռուսաստանի նախագահի` Թուրքիա այցելութեան ժամանակ: Էրդողանը «նոր պլանի» պոչին նաեւ «ճանապարհային նոր քարտէզ» է իր հետ իբր տարել Ադրբեջան, որով էլ վարում է իր «լուռ դիւանագիտութիւնը»:
Հասկանալի է, որ Ադրբեջանն ու Թուրքիան քննարկման ինչ թեմայից էլ սկսեն, հաստատապէս անդրադառնալու են Ղարաբաղեան հարցին: Սակայն այն, որ թրքական լրատւամիջոցներն արդէն իսկ օրակարգային են նշում ԼՂ հարցը, հետն էլՙ «նոր պլան» ու «նոր ճանապարհային քարտէզ», թերեւս հաւանական է դարձնում, որ այցը Ղարաբաղեան հակամարտութեան առնչութեամբ խիստ կարեւոր նշանակութիւն է ունենալու:
Երէկ երեկոյեան Բաքու ժամանումից անմիջապէս յետոյ Թուրքիայի վարչապետը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ենթադրւում է, որ Ալիեւի հետ Էրդողանի հանդիպմանը, բացի Ղարաբաղի հիմնահարցից, քննարկւել են նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները:
Ամէն դէպքում, ամէնից կարեւոր հանգամանքը պաշտօնապէս նշւում է Ադրբեջան-Թուրքիա գազային համաձայնագրի ստորագրումը: Օրակարգային են նշւում նաեւ վիզային ռեժիմի վերացման, «Կովկասում կայունութեան հեռանկարների» հարցերը` ի շարս Հայ-թրքականի եւ Ղարաբաղեանի: Միաժամանակ, Էրդողանը Ալիեւի հետ բացել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան դիմաց կառուցւած Աթաթուրքի արձանը, որ երկու երկրների «եղբայրութեան» հերթական վկայութիւնն է: Ի դէպ, Ադրբեջանից Թուրքիայի վարչապետը կը մեկնի Վրաստան: Իսկ Ադրբեջան այցն էլ մէկ օրով ուշացել էր Էրդողանի` Իրան մեկնելու անսպասելի որոշման պատճառով:
Ամէն դէպքում, մի տեսակ տպաւորութիւն է ստեղծւում, թէ կան ինչ-որ գործընթացներ, որոնց մասին Հայաստանում լռում են, քանի որ վերջին ադրբեջանական հրապարակումներին հայկական կողմի արձագանքները, մեղմ ասած, յստակ չեն եղել: Որեւէ տարբերակով յստակօրէն չի ասւել, որ ադրբեջանական ու թրքական յայտարարութիւնները որեւէ կերպ իրականութիւն չեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ որեւէ կերպ չի անդրադառնում գործընթացից դուրս հէնց Ադրբեջանի նախաձեռնութիւններին, որին վերջին շրջանում ամենայն ակտիւութեամբ աջակցում է «փոքր եղբօր» մեծ «խորհրդատուն»:
Ա. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
«ԱԶԳ»
0 Պատգամ:
Post a Comment