Շրջիկ գրադարանն այցելել էր Մասիս


Հայաստանի Ազգային գրադարանը շարունակում է իր շրջիկ գրադարանով այցելել մարզային և գիւղական գրադարաններ` նոր գրքերով համալրելով նրանց ֆոնդերը:
Օրերս գրադարանի փոխտնօրէն Ռաֆիկ Ղազարեանի գլխաւորութեամբ ՀԱԳ մի քանի աշխատակիցներ բիբլիոբուսով եղան Արարատի մարզի Մասիսի քաղաքային գրադարանում: Այցի ընթացքում Ազգային գրադարանը 70 միաւոր գեղարւեստական, պատմական գրքեր և պարբերականներ /հայերէն, ռուսերէն, անգլերէն/ նւիրեց գրադարանին, ևս 50 միաւոր` ՄԱԿ-ի կողմից:
Գրադարանավարների հետ հանդիպմանը ներկայ էր Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարեանը, ով ջանք չի խնայում` գրադարանը նոր գրականութեամբ համալրելու, 21-րդ դարին համահունչ կրթամշակութային հաստատութիւն դարձնելու գործում: 12 տարի առաջ հիմնանորոգւած գրադարանը տեղակայւած է նախկին մանկապարտէզի շէնքում: 400 քառակուսի մետր տարածք ունեցող գրադարանը ունի ևս երկու մասնաճիւղ քաղաքում: Սկսած 2006 թւականից, ամէն տարի Մասիսի քաղաքային գրադարանը քաղաքապետարանի կողմից համալրւում է նոր գրականութեամբ: Ի տարբերութիւն միւս մարզերի գրադարանների, այստեղ ստանում են 6 անուն թերթեր` Հայաստանի Հանրապետութիւն, Առաւօտ, Կրթութիւն, Գրական թերթ և այլն:
Քաղաքապետ Դմիտրի Նազարեանի խօսքով` Մասիսում ակտիւ է գրական-մշակութային կեանքը, սակայն ցաւում է, որ այդ հնարաւորութիւնները յաճախ սուղ են լինում:
«Քաղաքապետարանը Մասիսի երաժշտական միջնակարգ, գեղարւեստի, արւեստի, սպորտի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործութեան կենտրոնի, քաղաքային գրադարանի ուժերով արձագանքում է բոլոր տօներին»,- ասում է Դ.Նազարեանը,- «Այժմ պատրաստւում ենք մեծ շուքով նշել քաղաքի բանաստեղծ Թադէոսեանի ծննդեան 75-ամեակը»:
Հայաստանի Ազգային գրադարանի հանրութեան հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնից յայտնում են, որ գրադարանավարների հետ անցկացրած սեմինարի ընթացքում Ռաֆիկ Ղազարեանը նշեց, որ Ազգային գրադարանի մարզային շրջայցերի ընթացքում հազւադէպ է հանդիպել նման բարեկարգ վիճակում գտնւող գրադարանի: Նա մասնագիտական խորհուրդներ տւեց գրադարանավարներին` գրադարանային գործը ճիշտ կազմակերպելու համար: Կոչ արեց գրադարանավարներին` շարունակել աշխատել նոյն եռանդուն ոգով, բարձր պահել գրադարանի պատիւը, յաճախակի անցկացնել միջոցառումներ, ինտեգրւել Հայկական գրադարանային ասոցիացիային:
Հայաստանի Ազգային գրադարանի կողմից նա պատրաստակամութիւն յայտնեց` օգնել ցանկացած հարցում:

ԱՅՍՕՐ, 17:21
Aysor.am

0 Պատգամ: