Վահան Յովհաննիսեանը
չի հաւատում
Սերժ Սարգսեան–Գագիկ Ծառուկեան
հակասութեանը
12:41 • 28.09.10
«ՀՅԴ» խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանն այսօր մամուլի ասուլիսին յայտարարեց, որ ինքը չի հաւատում Գագիկ Ծառուկեան–Սերժ Սարգսեան հակասութիւններին՝ պատասխանելով հարցին, թէ արդեօ՞ք ՀՅԴ–ն համարում է, որ ԱԺ ԲՀԿ–ական փոխնախագահի փոփոխութիւնը վկայում է Սերժ Սարգսեանի և Գագիկ Ծառուկեանի միջև եղած հակասութիւնների մասին։
«Վերջին հակասութիւնն ինձ համար ընդհանրապէս անյայտ բան է։ Ընդհանրապէս, այդքան խօսւում է այդ մասին, ես նման հակասութիւնների չեմ հաւատում, չեմ հաւատում ուղղակի»,– յայտարարեց Վահան Յովհաննիսեանը։ Հարցին, թէ ո՞րն է պատճառը, որ ՀՅԴ–ական գործիչը չի հաւատում այդ խօսկացութիւններին, Վահան Յովհաննիսեանը պատասխանեց. «Դէ, թերահաւատ մարդ եմ»։
Անդրադառնալով ԱԺ ԲՀԿ–ական փոխնախագահ Արևիկ Պետրոսեանի հրաժարականին՝ Յովհաննիսեանը նշեց. «Ես կարծում եմ, որ ԱԺ փոխնախագահ տիկին Պետրոսեանի հրաժարականը լաւ երևոյթ չէր, ես կարծում եմ, որ տիկին Պետրոսեանը վատ փոխնախագահ չէր, և ճիշտ կլինէր, որ մնար իր տեղում, բայց դա վերջապէս իր որոշումն է, կամ իր կուսակցութեան որոշումն է, ես դրան միջամտելու որևէ իրաւունք կամ ցանկութիւն չունեմ»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածու առաջադրւած Սամւէլ Բալասանեանին, Վահան Յովհաննիսեանն ասաց, որ իրենք դեռ պէտք է նիստ հրաւիրեն, քննարկեն և նոր միայն յայտնեն իրենց տեսակէտը՝ կողմ քւէարկել այդ թեկնածութեանը, թէ ոչ։ «Սա քաղաքական որոշում է, քաղաքական քննարկում է պահանջում»։
«Ցաւալի է շատ, որ կոալիցիոն պայմանագրի 22 կէտերից, յիշում էք չէ՝ 22 կէտանոց պայմանագիր կար, որի վրայ մենք շատ ենք աշխատել, այդ 22 կէտերից այսօր գործող միակ կէտը մնացել է միայն այն, որ իւրաքանչիւր կուսակցութիւն իր ցանկութեամբ կարող է լրացնել իր քվոտաները կառավարութեան մէջ, մարզպետների մէջ և այլն»,– հարցը փակեց Վահան Յովհաննիսեանը։

Tert.am

0 Պատգամ: