Թուրքիան շարունակում է ստի ու կեղծիքի
քաղաքականութիւնը

«Դաւութօղլուն.– որևէ մէկը չի կարող ապացուցել, որ 1915 թւականին
Ցեղասպանութիւն է եղել»

«Դեռևս 1919 թւականին Օսմանեան կայսրութեան բարձր դատարանը
մահապատժի էր ենթարկել հայերի զանգւածային կոտորածի
կազմակերպիչներին՝ Թալէաթին, Ջեմալին, Էնվէրին և մի շարք այլ
յանցագործների»

«Թուրքիան և նրա արտգործնախարարը շարունակում են ստի և կեղծիքի վրայ հիմնւած Գոբելզեան քաղաքականութիւնը ու զարմանալի է, որ տարածքային ամբողջականութեան սկզբունքի նկատմամբ յարգանքից խօսում է մի երկրի ԱԳ նախարար, որն օրը ցերեկով ոտնձգութիւն է կատարել հարևան Կիպրոսի տարածքային ամբողջականութեան նկատմամբ»,- անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուի՝ Հարվարդի համալսարանում հնչեցրած յայտարարութեանը՝ Aysor.am-ի հետ զրոյցում նշեց ԱԺ պատգամաւոր, ՀՀԿ խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը մասնաւորապէս նշել է, թէ Հայաստանը պէտք է յարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, իսկ Հայ-թրքական յարաբերութիւնները կարող են կարգաւորւել միայն այն ժամանակ, երբ Հայ-ադրբեջանական յարաբերութիւնները կկարգաւորւեն: Դաւութօղլուն նաև նշել է, թէ որևէ մէկը չի կարող ապացուցել, որ 1915 թւականին Ցեղասպանութիւն է եղել:
«Աւելի արդարացի և ճիշտ կլինի, որ Թուրքիան նախ վերջ դնի Կիպրոսի բռնագրաւմանը ու զբաղւի իր ներքին խնդիրներով: Ինչպէս Թուրքիան է բռնազաւթել է Կիպրոսի տարածքը, այնպէս էլ նրա եղբայրակից Ադրբեջանն է բռնագրաւել ԼՂՀ-ի 15%-ը, և, վաղ թէ ուշ, նրանք երկուսն էլ պէտք է դուրս գան այդ տարածքներից»,- ասաց ԱԺ պատգամաւորը:
ՀՀԿ մամլոյ խօսնակի համոզմամբ՝ եթէ Թուրքիայի ԱԳ նախարարը խօսում է Ցեղասպանութեան փաստերի բացակայութիւնից, աւելի լաւ կլինէր, որ նա մանրամասն ուսումնասիրէր իր երկրի պատմութիւնը և իր իսկ երկրի դատական վճիռները:
«Դեռևս 1919 թւականին Օսմանեան կայսրութեան բարձր դատարանը մահապատժի էր ենթարկել հայերի զանգւածային կոտորածի կազմակերպիչներին՝ Թալէաթին, Ջեմալին, Էնվէրին և մի շարք այլ յանցագործների: Դա ոչ թէ միջազգային, այլ հէնց թրքական դատարանի վճիռն էր: Աւելի լաւ կլիներ աննպատակ խօսելու փոխարէն, իմանալ այդ դատական վճռի մասին»,- Է. Շարմազանովը:

ԱՅՍՕՐ, 13:50
Aysor.am

0 Պատգամ: