ՆՇՒՈՒՄ Է
ՆՇԱՆ ԱՐՔ. ԳԱՐԱՔԷՀԷԵԱՆԻ
ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ
50 ԱՄԵԱԿԸ
Թեհրան– DPTNews -23 Սեպտեմբեր 2010- Բարձր հովանաւորութեամբ՝ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տ. Տ. Ներսէս Պետրոս ԺԹ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս – Պատրիարքի, Հինգշաբթի Սեպտեմբեր 23–ին, Թեհրանի Անարատ Յղութեան Հայ Քոյրերի Մարիամ Հաստատութեան թատերասրահում, տեղի է ունենալու Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Առաջնորդ՝ Հոգեշնորհ Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհէեանի Քահանայական ձեռնադրութեան 50 ամեակի յոբելենական հանդիսութիւնը։
Կենսագրութիւն Հոգեշնորհ Նշան Արքեպիսկոպոս Գարաքէհէեանի
Առաջնորդ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան
Եւրոպայի
Գերապայծառ Նշան Արքպ. Գարաքէհէեանը՝ մկրտութեան անունով Եղիա, ծնւել է Յունաստանի Բերեա քաղաքում, 1932 թւականին, որտեղ անցկացնելով իր մանկութիւնն ու պատանեկութիւնը՝ յաճախել է տեղի զանազան վարժարաններ, այդ թւում՝ Հայ Կաթողիկէ եւ ՀԲԸՄ միացեալ վարժարան, Ս. Յակոբի ազգային վարժարան, Հայ Կաթողիկէ – Հ. Օ. Խաչ միացեալ վարժարան, Ֆրեր Մարիստ գիմնազիա։
Պատանի Եղիան իր մէջ զգալով քահանայական կոչումի բաղձանքը՝ 1948 թ. մտնում է Զմմառի վանքի փոքր նորընծայարանը, որը յաջողութեամբ աւարտելուց յետոյ 1955 թ. գալիս է Հռոմ՝ Լեւոնեան վարժարանը։ Այս մասին հետագայում Հ. Նշանը գրում է. «Զմմառու Աստւածամօր մայրական ձեռքերով, ցաւագին Տիրամօր մատրան մէջ, 9 դեկտեմբեր 1948-ին, ինքս ինձ յանձնեցի Աստծուն։ Ս. Կոյսից խնդրեցի, որ իր հովանաւորութեան տակ առնի ինձ, առաջնորդի քայլերս, տէր լինի ինձ, պաշտպանի կոչումս, որովհետեւ քաջ գիտէի, որ սահմանափակ են իմ կարողութիւններս եւ բազում՝ իմ տկարութիւններս»։
Հռոմում նա յաճախում է Յիսուսեան հայրերի քահանայապետական Գրիգորեան համալսարանը եւ վեց տարի ուսանում՝ փիլիսոփայութիւն եւ աստւածաբանութիւն։ Քահանայ է ձեռնադրւում 1960 թւականի յուլիսի 2-ին։
Պաշտօնավարած առաքելավայրերն են եղել՝
Զմմառ – 1961-1963 նորընծայարանի հսկիչ.
Բուրջ– Համմուդ – 1963-1968 Ժողովրդապետի օգնական.
Կահիրէ – 1968-1969 Ժողովրդապետի օգնական.
Բէյրութ – 1969 Ժողովրդապետի օգնական.
Դիքվանի – 1969-1976 Զմմառեան ճեմարանի տնօրէն.
Զմմառ – 1976-1977 Մեծաւոր եւ ընդհանուր մատակարար.
Զալքա – 1977-1978 Հոգեւոր հովիւ.
Սան–Պաուլօ – 1978-1984 Ժողովրդապետ եւ եպիսկոպոսական փոխանորդ.
Լիբանան – 1984-1988 զանազան պաշտօններ.
Մարսէլ – 1988-1991 Ժողովրդապետ.
Աթենք – 1991-Յունաստանի Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ.
Գիւմրի – 1993-2001 Առաջնորդական փոխանորդ կաթողիկէ հայոց Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի.
Թեհրան – 2001-2005 Իրանի Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ.
2005 թւականի Ապրիլի 2–ին Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի կողմից նշանակւում է Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Երոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ, Ադանայի Հայոց Արքեպիսկոպոսի տիտղոսով։
2005 թւականի Մայիսի 8–ին, Հայաստանի Շիրակի Մարզի Հայ Կաթողիկէ Արեւիկ գիւղի եկեղեցում տեղի է ունենում Գահակալութեան շքեղ արարողութիւնը, մասնակցութեամբ Թիֆլիսի Պապական Դեսպանի եւ այլ Արքեպիսկոպոսների ու Եպիսկոպոսների։
Իր մահւանից քիչ առաջ Սրբազան քահանայապետը Յովհաննէս-Պօղոս Բ-ն, նրան նշանակում է Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների առաջնորդ՝ փոխարինելով Հայր Ներսէս արքեպիսկոպոս Տէր-Ներսիսեանին։
Հայր Նշանը մշտապէս թղթակցել է ինչպէս «Աւետիք», «Մասիս», Հայ կաթողիկէ պարբերաթերթերին, այնպէս էլ «Յառաջ», «Ազատ օր», պաշտօնական օրաթերթերին։
Սփիւռքում նա յաճախակի է այցելել բանտերի մէջ արգելափակւած մեր հայորդիներին՝ մխիթարելով եւ նիւթական ու բարոյական աջակցութիւն ցոյց տալով նրանց, լինելով ամոքիչ՝ նրանց յուսահատական պահերին եւ բալասան՝ նրանց հոգեկան ցաւերին։
Հայաստանն ու Վրաստանն անցեալում տւել են Սարգիս Տէր–Աբրահամեաններ, Սարուխանեաններ, Աղաջանեաններ, Կոգեաններ, Փեչիկեաններ եւ այնքան ուրիշ յայտնի եկեղեցականներ։ Այս արգասաբեր ու պարարտ հողի վրայ էլ պէտք է իր գործունէութիւնը ծաւալի Հայր Նշանը։
«Եւ հիմա, որ ինձ պարգեւատրւեց քահանայական կարգի լրումը, որեւէ ժամանակից աւելի պարտաւոր եմ զգում ինքս ինձ «արծարծելու զշնորհսն, որ ի ձեռնադրութենէ» (Բ. Տիմ. Ա. 6), որպէսզի՝ նախ ես ինքս այսուհետեւ աւելի խորապէս ապրեմ ինձ ընծայւած «աստւածային եւ երկնաւոր շնորհները» եւ ապա կիրարկեմ նրանք «ի պէտս Սրբոյ առաքելական եկեղեցւոյ...», այլ խօսքով սփռեմ ու տարածեմ նրանք ո՛չ միայն ինձ յանձնւած հոգիներում, այլ նաեւ ամբողջ եկեղեցու վրայ»,– խորհում է Հայր Նշանը։
Բազմակողմանի ձիրքերով օժտւած Սրբազանին մաղթում ենք առաքելական յաջողութիւն՝ ի փառս Աստծու, ի պայծառութիւն Ս. եկեղեցու եւ հայ ազգի։
1 Պատգամ:
Post a Comment