Եւրադատարանի որոշումը`



Հրանտ Դինքի



ծննդեան նւէրն էր




Սեպտեմբեր 15, 2010 10:19
Հրանտ Դինքի ընտանիքի անդամները եւ փաստաբանները, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշման լուրը լսելուն պէս, յայտարարութեամբ են հանդէս եկել «Ակօս» թերթի խմբագրութեան առջեւ:
Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքն իր խօսքում նշել է, թէ Հրանտ Դինքին եթէ չսպանէին, հիմա շատ երջանիկ կլինէր, քանի որ նա չէր ցանկանում հեռանալ Թուրքիայից: «Հրանտ Դինքն իր ամբողջ կեանքում պայքարել էր ռասիզմի եւ ատելութեան դէմ: Հրանտը, սպանութիւնից առաջ թողած վերջին գրութեան մէջ յայտնել էր. «Ես 6 ամսով դատապարտւել եմ թուրքականութիւնը վիրաւորելու համար, որը ես երբէք չեմ արել: Այժ իմ միակ հնարաւորութիւնը Եւրադատարան գնալն է: Իմ փաստաբանները մինչեւ Յունւարի 17-ը կդիմեն: Հայցադիմումի համար ինձնից պահանջել են դէպքերի զարգացումների մասին պատմող մի գրութիւն: Ես էլ յարմար գտայ այդ գրութեան բովանդակութեամբ իմ մտքերը կիսել հասարակութեան հետ, քանի որ ինձ համար Եւրադատարանի որոշման չափ եւ նոյնիսկ աւելի կարեւոր է թուրքական հասարակութեան խղճի որոշումը: Եթէ այս ընթացքում այդ երկուսից որեւէ մէկի կողմից չարդարացւեմ, կհեռանամ երկրից: Քանի որ նման մեղքի համար դատապարտւած անձը իրաւունք չունի միւս քաղաքացիների հետ, ում վիրաւորել է, միասին ապրել»: Ահա, այսօր Եւրադատարանի որոշումը եղաւ, եւ Հրանտ, արդարացւեց: 2007-ի յունւարի 23-ի նրա թաղմանը մասնակցած 100 հազարաւոր մասնակիցներն այն ժամանակ արդէն արդարացրել են Հրանտին եւ այսօր դրանց միացաւ Եւրադատարանի որոշումը»-նշել է Ռաքել Դինքը`յաւելելով, որ Եւրադատարանի այս որոշումը Հրանտ Դինքի ծննդեան նւէրն էր:
Ռաքել Դինքը յոյս է յայտնել, որ այսուհետ, թուրքական պետութիւնը կհրաժարւի մեղաւորին արդարացնելու եւ անմեղին դատապարտելու սովորոյթից եւ հասարակութեան խղճին յարիր քայլեր կանի:
Եւրադատարանի կողմից որոշւած 105 հազար եւրօ փոխհատուցումը, Ռաքել Դինքը որոշել է նւիրաբերել 3 կազմակերպութիւնների` «Հրանտ Դինքի կրթաթոշակի հիմնադրամ»-ին, հայերեն լեզւի ուսուցման շարունակութեան աջակցութեան համար Ստամբուլի Կենտրոնական Հայ եկեղեցուն եւ Թուրքիա գաղթած հայաստանցի երեխաների կրթութեամբ զբաղւող Գեդիկփաշայի բողոքական եկեղեցուն:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Հրանտ Դինքը կդառնար 56 տարեկան:
Սեպտեեմբերի 14-ին Եւրադատարանը Հրանտ Դինքի սպանութեան գործում մեղաւոր ճանաչեց Թուրքիային` մարդու իրաւունքների համաձայնագրի 5 կէտ խախտելու մէջ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: