Թուրքիայի իշխանութիւնները

վրէ՞ժ են լուծում՝

Սուրբ Խաչի պատարագին

չմասնակցելու համար



Սեպտեմբեր 18, 2010 13:49
Ստամբուլի օդանաւակայանում Հայ լրագրողների խմբի հետ տեղի ունեցած միջադէպը չի բացառւում, որ կապւած լինի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցւող պատարագին Հայաստանի հասարակութեան վերաբերմունքի հետ: Այս մասին սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց լրագրողների խմբին Ստամբուլ՝ սեմինարի մասնակցելու ուղեկցած Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նաւասարդեանը: Նրա խօսքով, քանի որ Հայաստանից հրաժարւեցին մասնակցել պատարագին, թրքական կողմը որոշեց արձագանքել դրան, որի դրսեւերումներից մէկն էլ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ օդանաւակայանում «առանձնայատուկ» վերաբերմունք ցուցաբերելն է: «Երբ փաստօրէն ստացւեց, որ բաւականին շատ հայեր, որոնք պլանաւորում էին մասնակցել այդ միջոցառմանը, հրաժարւեցին այդ պլաններից, չեմ բացառում, որ իշխանութեան որեւէ օղակում որոշւեց ցոյց տալ, որ եթէ չէք գալիս այդ միջոցառմանը, ապա մենք ընդհանրապէս համարում ենք, որ դուք ցանկալի հիւրեր չէք մեր երկրում»,-ասաց Նաւասարդեանը: Նա նշեց, որ օդանաւակայանում անձնագրերի հետ կապւած ստուգումներ իրականացւել են նաեւ իրենց չւերթին նախորդած մի քանի չւերթների ժամանակ, սակայն աղմուկ չի բարձրացւել: Բորիս Նաւասարդեանը յոյս յայտնեց, որ իշխանութեան այն օղակը, որը Թուրքիայում որոշել է այդպիսի ցուցադրական վերաբերմունք դրսեւորել հայերի նկատմամբ, տեղի ունեցածից յետոյ կփոխի իր դիրքորոշումը: «Քանի որ դա, ամէն դէպքում, Թուրքիայի, որպէս պետութեան, իմիջի համար բարենպաստ զարգացում չէ»,-նկատեց ԵՄԱ նախագահը:
NEWS.am-ը փորձեց ճշտել, թէ, արդեօք, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Նաւասարդեանին է՞լ է ուղարկել Սուրբ Խաչի պատարագին մասնակցելու հրաւէր՝ ի թիւս հայաստանեան այլ հասարակական կազմակերպութիւնների ղեկավարների: Բորիս Նաւասարդեանը չբացառեց, որ գուցէ հրաւէր եղել է, բայց քանի որ ինքը չունի այդ պատարագին մասնակցելու մտադրութիւն, գուցէ չի նկատել ուղարկւած նամակն ու ջնջել է՝ առանց ուշադրութիւն դարձնելու:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի առաւօտեան, Ստամբուլի օդանաւակայանի թուրք աշխատակիցները մի քանի ժամ պահել էին Հայ լրագրողներին եւ թոյլ չէին տւել մուտք գործել Թուրքիա: Հայ լրագրողները մեկնել էին Թուրքիա` մասնակցելու «Մեդիայի դերը Ղարաբաղեան հակամարտութիւնում եւ տարածաշրջանային անվտանգութեան եւ համագործակցութեան բարելավումը» սեմինարին: Անձնագրերի ստուգման ժամանակ, Թուրքիա ժամանած Հայ լրագրողներից, ինչպէս նաեւ միւս Հայ ուղեւորներից թուրք սահմանապահները վերցրել էին անձնագրերը եւ այլ ստուգումների ենթարկել: Միջադէպը հարթւել էր, երբ գործին միջամտել էին սեմինարի կազմակերպիչ թուրքական կողմի ներկայացուցիչները: Սեմինարը կազմակերպել են Երեւանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, ադրբեջանական «Ենի Նեսիլ» լրագրողների միութիւնը եւ Global Political Trends Centre-ը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: