Համայնքային հիմնահարցերը՝
Պատգամաւորական ժողովի օրակարգում
«ԱԼԻՔ» - Թեհրանի հայոց թեմի 14-րդ Պատգամաւորական ժողովը սեպտ. 14-ին ազգային առաջնորդարանի դահլիճում գումարեց իր հերթական նիստը՝ օրակարգում ունենալով Կրօնական ու Թեմական խորհուրդների եւ Հաշւեքննիչ մարմնի մէկամեայ գործունէութեան զեկոյցների լսումները:
Մինչ ժողովը կանցնէր օրակարգի սպառմանը՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդը Տէրունական աղօթքով եւ «Զգործս ձեռաց» մաղթանքով բացւած յայտարարեց նիստը, ընթերցւեցին նախորդ նիստի արձանագրութեան մանրամասները, որտեղ հպանցիկ շտկումներ արւեցին: Նիստն անցաւ բուն օրակարգի քննարկմանը, որի առանցքում, ինչպէս արդէն նշեցինք, համայնքային հիմնաւոր հարցերին վերաբերող զեկոյցներն էին: Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի մէկամեայ տեղեկագիրզեկոյցը (յունիս 2009 առ յունիս 2010), բաղկացած 12 գլուխներից, որոնք ինքնին ներառում էին բազմաշերտ ենթագլուխներ, օրէնսդրի դատին յանձնեց Կրօնական խորհրդի Բ ատենապետ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը:
Զեկոյցին յաջորդող լուսաբանական հարցումներում, կարմիր թելի նման, անցնում էր զեկոյցի Բ կէտում առկայ 2010-2011 ուսումնական տարեշրջանի համար նախատեսւած հոգեւոր դպրոցի կեանքի կոչման թեման՝ թէ ինչ է իրենից ենթադրում եւ ինչ է նրանից մեր ակնկալիքը: Պատասխանելով պատգամաւորների այս թեմայով ուղղւած հարցերին՝ Սրբազան Հայրը նշեց, որ հոգեւոր դպրոցը տարիների երազն է եղել մեր համայնքի, եւ ոչ միայն մեր համայնքի, այլեւ՝ ընդհանրապէս իրանահայ համայնքի:
Նա շեշտեց, որ վերջին տարիներին Պատգամաւորական ժողովներում Թեմական եւ Կրօնական խորհուրդների, ինչպէս նաեւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. կենտրոնական վարչութեան հետ ունեցած հանդիպումների ընթացքում բազմիցս է խօսւել Իրանում հոգեւոր դպրոցի բացման այժմէականութեան մասին՝ յաւելելով, որ հոգեւոր դպրոց, որն ունենալու է իր ուսումնական ծրագիրը, ոչ անշուշտ որպէս կոլէջ, բայց հիմնական տարրական ուսուցումները փոխանցելու եւ այսպէս ասած՝ այցելողները կամ աշակերտները, որոնց մէջ, անշուշտ, կը լինեն թեկնածուներ, որոնք պատրաստ կը լինեն քահանայութեան եւ սարկաւագութեան, կուսանեն, կը թրծւեն եւ ապա նրանց Անթիլիասի հոգեւոր այդ մթնոլորտում ամբողջապէս կոփելու համար՝ վեց ամսով կը գործուղեն այնտեղ, որոնք յետոյ կը ծառայեն համայնքին՝ որպէս կրօնականներ:
Եւ վերջում աւելացնենք, որ այս հեռանկարային ծրագրին նպաստելու նպատակով՝ Արամ Ա Վեհափառ Հայրապետին դիմում է կատարւել խնդրանքով, որպէսզի միաբան տրամադրի դպրոցին՝ ծրագիրը լիակատար իրականացնելու համար: Անդրադարձ եղաւ նաեւ Բումեհէնի հայ ազգաբնակչութեան հոգսերին վերահասու լինելու խնդրին, որը ենթադրում է Թեմական եւ Կրօնական խորհուրդների եւ Իրանի Իսլ. խորհրդարանում հիւս. իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանի համատեղ ջանքերը՝ նրանց երեխաներին Թեհրանում հայկական դպրոցներ յաճախելու հնարաւորութիւն ընձեռելու, ազգային-կրօնական տօներին նրանց փոխադրամիջոցներ տրամադրելու, որպէսզի կարողանան մասնակից լինել նախաձեռնւած միջոցառումներին:
Այստեղ ակնկալւում է Բումեհէնի ազգաբնակչութեան համագործակցութիւնը: Ապա ժողովն անցաւ Թ. Հ. Թեմական խորհրդի մէկամեայ գործունէութեան զեկոյցի լսմանը (31 մայիսի 2009 առ 31 մայիսի 2010), որտեղ ներկայացւած էր 12 գլուխներից, կցւած փաստաթղթերից եւ վիճակագրական պատկերներից կազմւած գործունէութեան համապարփակ փաթեթը՝ բաժանւած ենթագլուխների:
Այն օրէնսդրի ուշադրութեանը յանձնեց Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեանը եւ քանի որ զեկոյցը ծաւալուն էր եւ դրանից բխող լուսաբանական հարցումները բազմապիսի՝ այդ իսկ պատճառով՝ ժամանակը չբաւարարեց ամբողջական զեկոյցի ներկայացման համար. այն ընդհատւեց 7-րդ կէտում՝ երեկոյեան ժամը 23:00-ին: Զեկոյցի ամբողջական ունկնդրումը՝ օրէնսդրի կողմից, կը կայանայ յաջորդ երեքշաբթի, սեպտեմբերի 21-ին գումարւելիք նիստի ընթացքում:
Ժողովին ներկայացւած գլուխները արծարծեցին գործունէութեան հետեւեալ ոլորտները՝ կրթական, տնտեսական, շինարարական, արտագաղթ, հանրային սպասարկութիւններ: Այստեղ տեղին է անդրադառնալ, որ պատգամաւորների կողմից հարցումները հիմնականում միտւած էին կրթական ոլորտի վերադասաւորման ծրագրին յաջորդող գործընթացի իրազեկմանը, որի մասին, որպէս օրաթերթ, մենք եւս դեռ օրեր առաջ էինք անդրադարձել, որ ունենք տեղեկատւութեան բաց, որը գալիս է գործադիր մարմինների թերացումներից՝ ընթացիկ գործընթացը ժամանակ առ ժամանակ չիրազեկելու առումով:
Հարցեր կային նաեւ ազգային կալւածների տնօրինման գործին, Նոր Բուրաստան գերեզմանատան հետ կապւած հարցերին, արտագաղթին, ինչպէս նաեւ Դատական խորհրդի գործունէութեանը վերաբերող: Պատգամաւոր Գուրգէն Յարութիւնեանը հարց բարձրացրեց, որ «Ռոստոմ» դպրոցի ծնողների հետ վերջին հանդիպմանը, ուր նրա ասութեամբ՝ ասէկոսէների թեմա է դարձել ծնողների ներկայութեան թւային պատկերը, նշւում են տարբեր թւեր:
Հարցի լուսաբանմանը միջամուխ եղաւ Պատգամաւորական ժողովի ատենապետ Գէորգ Աբուլեանը, որը նշեց, թէ բոլոր ծնողներն են հրաւիրւած եղել. խնդիրը կապ է ունեցել այն աշակերտներին, որոնք իրենց ուսումը պէտք է շարունակէին նոյն դպրոցում եւ ուրեմն՝ ուղեցոյցի երրորդ դասարանը նոյն դպրոցում արդէն իսկ չէր շարունակելու եւ, բնականաբար, ժողով հրաւիրւած ազգային մարմինները նրանց հետ այս խնդրով արծարծւող թեմա չունէին եւ համաձայնութեան գալու հարց չկար:
Ժողովին պէտք է ներկայ լինէին ուղեցոյցի առաջին եւ երկրորդ դասարանների աշակերտների ծնողները եւ արդիւնքում՝ 107 ընդհանուր թւային պատկերից եթէ ուղեցոյցի երրորդ դասարանի թւային պատկերը պակասեցւի, բնականաբար, 70-ից ցած ծնողների թւային պատկեր կը ստացւի: Այստեղ պրն. Աբուլեանի կողմից նշւեց նաեւ, որ սրահը լեցուն էր եւ եթէ կային բացականեր, ապա դա ենթակայ անհատների ազատ կամքով դրսեւորւած մի երեւոյթ է եղել, այնպէս որ՝ այստեղ որեւէ ասէկոսէի տեղիք չկայ եւ նման ասէկոսէներն անհիմն են:Ինչպէս նշեցինք արդէն, ժողովն իր նիստն աւարտեց ժամը 23:00-ին:
Յաջորդ նիստը կը կայանայ սեպտ. 21-ին, որտեղ կը լսւի Թեմական խորհրդի զեկոյցի շարունակութիւնը, եւ արդէն օրէնսդիրը կունկնդրի Հաշւեքննիչ մարմնի զեկոյցը, ապա կանցնի քննարկման:
0 Պատգամ:
Post a Comment