Պղտոր պատմութիւն

եկեղեցու խաչի շուրջ.

«Նեզավիսիմայա Գազետա»



12:27 • 20.09.10
Կիրակնօրեայ պատարագը Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում, Անկարայի մտայղացմամբ, պէտք է ցոյց տար աշխարհին Թուրքիայի մարդասիրութիւնը, սակայն դա Անկարայի մօտ այնքան էլ չստացւեց։ Այս մասին գրում է «Նեզավիսիմայա Գազետան»։
Թուրքիայի կառավարութիւնն ակնկալում էր, որ Հայաստանից և սփիւռքից մի քանի տասնեակ հազար մարդ կայցելի այդ օրը Վան, մինչդեռ ուխտաւորների և զբօսաշրջիկների ընդհանուր թիւը հազարի մօտ էր։ Դեռ մի քանի ամիս առաջ Թուրքիայի իշխանութիւնների այդպիսի սպասումներն արդարացւած կարելի էր համարել, բայց ամէն ինչ փոխւեց, երբ պարզւեց, որ վերականգնւած եկեղեցու գմբէթին խաչ չի տեղադրւի։
Դա բաւական պղտոր պատմութիւն է՝ կարգի բերել եկեղեցին և չհասցնել տեղադրել խաչը։ Թուրքիայի իշխանութիւնները խոստացան այն տեղադրել պատարագից յետոյ։ Հայերը չհաւատացին։ Այնուհետև թուրք բարձրաստիճան պաշտօնեաներից մէկը «բերանից թռցրեց», թէ վերականգնելիս եկեղեցու գմբէթն այնպէս է կառուցւել, որ դրա վրայ հնարաւոր չէ խաչ տեղադրել, ու որ այն տեղադրելու համար անհրաժեշտ է այն քանդել ու նորից կառուցել։ Յետոյ Անկարան առաջարկեց ժամանակաւոր փայտէ խաչ տեղադրել, միայն թէ պատարագը չտապալւի։ Հայերը չհամաձայնեցին։ Ի վերջոյ, թուրքական կողմը կղզի բերեց 200 կգ կշռող մետաղեայ խաչ, բայց այն տեղադրեց եկեղեցու կողքին։ Վանի գործարարներն առաջարկեցին վճարել գմբէթի թերութիւնը վերացնելու և խաչը տեղադրելու համար, սակայն խօսքը գործ չդարձաւ. կամ իսկապէս տեխնիկապէս անհնար էր դա անել, կամ էլ գործարարների պոռթկումը հանդիպել էր ինչ–որ շատ աւելի դժւար յաղթահարելի խոչընդոտի, քան ինժեներական բարդութիւններն են։
Արդիւնքում այդ ուղևորութիւնից հրաժարւեցին Հայաստանի իշխանութեան և քաղաքական իսթեբլիշմենթի մեծ մասը, մայր Աթոռ սուրբ Էջմիածինը, ապա նաև՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը և Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը։ Արդիւնքում պատարագը մատուցեցին Հայ առաքելական եկեղեցու Պոլսոյ պատրիարքարանի ջանքերով, որը չի ցանկանում փչացնել յարաբերութիւնները Թուրքիայի իշխանութիւնների հետ։
Tert.am

0 Պատգամ: