Անդրադարձ Թեհրանում կայացած
«Ադրբեջանի Հանրապետութիւն, անցեալի
փորձառութիւններ, ապագայի հեռանկարներ»
համագումարին
«ԱԼԻՔ» – Թւականիս սեպտ. 19-ին Թեհրանի Պետական համալսարանի «Ֆերդոսի» դահլիճում նախաձեռնութեամբ Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի կայացաւ «Ադրբեջանի Հանրապետութիւն, անցեալի փորձառութիւններ, ապագայ հեռանկարներ» խորագրով համագումար, որին ներ կայ էին իրանցի ու ադրբեջանցի փորձագէտներ, որոնք հանդէս եկան տարբեր զեկոյցներով:
Համագումարը հիմնականում բաղկացած էր երկու նիստերից՝ հետեւեալ խորագրերով՝ Իրան-Ադրբեջան երկկողմանի յարաբերութիւններ եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականութիւնը:Համագումարին, ուր ելոյթներով հանդէս են եկել իրանցի ու ադրբեջանցի փորձագէտներ եւ երկու երկրներում դեսպանները, հնչել են բազմաթիւ տեսակէտներ՝ երկու երկրների յարաբերութիւնների, նաեւ՝ Ղարաբաղի հիմնահարցի մասին:
Արծարծւած թեմաներին անդրադարձել են Իրանի, ինչու չէ նաեւ Հայաստանի լրատւամիջոցները,ինչպէս՝ ԻՍՆԱ-ն եւ «News.am»-ը*):Համագումարի բացման բաժնում ելոյթ է ունեցել Իրանի հանր. նախագահութեան խորհրդարանական հարցերով տեղակալ հոջ. Միրթաջէդդինը, որը խօսել է Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ՝ ադրբեջանամէտ եղանակով:ԻՍՆԱ-ն անդրադարձել է նրա ելոյթների որոշ բաժիններին, որը ներկայացնում ենք թարգմանաբար: Նա ասել է. «Ղարաբաղը իրականում Ադրբեջանին պատկանող տարածք է, որի բռնագրաւումը եւ մասնատումը չեմ ընդունում:
Իրանը իր ցանկութիւնն է յայտնել Ղարաբաղի հարցի կարգաւորման համար, որին Ադրբեջանն ընդառաջել է, սակայն Հայաստանը չի ընդառաջել»:Նա իր ելոյթի մի այլ բաժնում աւելացրել է. «Իրականում, Իրանի հիմնական խօսքը հետեւեալն է, որ հարեւան երկրները կարող են կարգաւորել այդ հարցը, եւ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը կարող են օժանդակել հակամարտութեան կարգաւորմանը: Իրականութեան մէջ, այդ երկրները կարող են միմեանց հետ համախմբւելով՝ կարգաւորել այդ հակամարտութիւնը»:
«NEWS.am»-ը իր հաղորդած լուրի մի բաժնում այսպէս է գրել. «Անդրադառնալով իրանա-ադրբեջանական յարաբերութիւններին՝ Սէյէդ Մոհամմադռեզա Միրթաջջէդինը նշել է, որ Իրանը կրօնական առումով ոչ մի նմանութիւն չունի իսլամական որեւէ այլ երկրի հետ: Ադրբեջանի բնակչութեան 95 տոկոսը շիա մահմեդականներ են: Փոխնախագահի ասութեամբ՝ Իրանում լաւ գիտեն, թէ Ադրբեջանում ինչ նշանակութիւն է տրւում կրօնին»:
Նա Ադրբեջանի ղեկավարութեանը կոչ արեց աւելի մեծ ուշադրութիւն ցուցաբերել այդ ոլորտին:Մէկօրեայ համագումարում ելոյթ ունեցողներից էր Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին: ԻՍՆԱ-ի համաձայն՝ Բահրամին իր ելոյթի մի բաժնում խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մասին՝ ասել է, որ Ղարաբաղի հակամարտութիւնը մի վէրք է տարածաշրջանում եւ աւելացրել. «Տարածաշրջանի թշնամիների ծրագրերում չի մշակւել այդ հակամարտութեան կարգաւորումը, այլ նրանք ցանկանում են դրա յարատեւումը եւ վէրքի է՛լ աւելի խորացումը, որի բացայայտ օրինակը Մինսկի խմբի դաւադիր քայլերն են, որոնք ոչ միայն չեն կարգաւորել Ղարաբաղի դժւարութիւնը, այլեւ աւելի խորացրել վէրքը»:
Դեսպան Բահրամին աւելացրել է. «Յուսամ, որ պրն. Մոթթաքիի առաջարկը՝ Թեհրանում մի եռակողմ նիստ գումարելու առթիւ, կարողանայ սկիզբ հանդիսանալ Իրանի դերակատարութեան համար՝ Ղարաբաղի դժւարութեան կարգաւորման հարցով եւ ականատեսը լինենք հարցի կարգաւորման. շնորհակալ ենք պրն. Ալիեւին՝ առաջարկն ընդունելու համար»:
Զեկուցաբերի ելոյթի մասին մէջբերում կատարելով՝ «NEWS.am»-ը հաղորդել է.«Ղարաբաղեան հակամարտութիւնն ուղիղ առումով ազդում է Իրանի ազգային քաղաքականութեան եւ շահերի վրայ՝ վնաս պատճառելով դրանց: Իրանա-ադրբեջանական 618- կիլոմետրանոց սահմանի 120 կիլոմետրը գտնւում է անջատողականների բռնազաւթման ներքոյ: Այս փաստը բացասաբար է ազդում Իրանի եւ տարածաշրջանի երկրների յարաբերութիւնների վրայ»,- իրանցի դիւանագէտի խօսքերն է մէջբերել ադրբեջանական «Trend» գործակալութիւնը:
ԻՍՆԱ-ի համաձայն՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը իր ելոյթի ընթացքում բարձր գնահատելով Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները՝ ասաց. «Իրանի ու Ադրբեջանի յարաբերութիւնները շատ լաւ մակարդակում են եւ երկու երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւններ են տիրում եւ նման յարաբերութիւն կարելի է տեսնել Իրան-Թուրքիա, Թուրքիա-Ադրբեջան, Իրան-Վրաստան եւ Վրաստան-Իրան յարաբերութիւններում»:
Խօսելով Ղարաբաղեան հիմնահարցի մասին՝ նա նշել է. «Մի առ ժամանակ է, ինչ Ղարաբաղում Ադրբեջանի հողերը բռնագրաււած են: Այս ժամանակաշրջանում Իրանը միշտ շեշտել է Ադրբեջանի հողային ամբողջականութիւնը եւ այդ խնդրին են անդրադարձել նաեւ Իրանի նախագահը եւ արտգործնախարարը»:Համագումարում ելոյթով հանդէս է եկել նաեւ Ադրբեջանի «Արան» գիտա-հետազօտական պարբերաթերթի գլխաւոր տնօրէն Հասան Գոլին, որը Ադրբեջան-Իրան յարաբերութիւնների ընդլայնման հարցով առգոյ արգելքներից մէկը համարեց պատմութեան նկատմամբ երկու երկրների տեսակէտների միջեւ տարբերութիւնը՝ նշելով, որ դա պէտք է վերանայ:
Ադրբեջանի հետազօտողներից Քամալ Ռուինթան Ֆարոխղիզին խօսելով ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցով Իրանի ջանքերի մասին՝ ասել է. «Անցեալում որոշ պատճառներով Ադրբեջանը մօտենալով Արեւմուտքին՝ հեռացաւ Իրանից, իսկ այսօր լաւ մակարդակում են երկու երկրների յարաբերութիւնները»:
Նա իր զեկոյցի մի այլ բաժնում այսպէս ասաց. «Մամուլում արեւմտեան երկրների կողմից փորձ է արւում Ղարաբաղը ռազմավարական առումով կարեւոր չդրսեւորել, սակայն պարզ է, որ Ղարաբաղը ռազմավարական առումով կարեւոր է, եւ այդ հարցը միւս կողմից կարեւոր է նաեւ Իրանի համար, քանզի Իրանը մտահոգ է այդ տարածաշրջանում բախման կապակցութեամբ եւ որեւէ հակամարտութեան դէպքում՝ դա կարող է ազդել Իրանի վրայ»:
Համագումարում Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան գլխաւոր քարտուղար Արազ Ալիզադէն այսպէս արտայայտւեց. «Չի կարելի տարանջատել ադրբեջանցիներին եւ ազերիներին, քանզի անցեալում նրանք իրար կողքի էին, ուստի՝ չպէտք է ուշադրութեան արժանացնել որոշ թերթերի լուրերը, քանի որ յիշեալ ազգերին չի կարելի տարանջատել միմեանցից»:Ահաւասիկ, այսպիսի արտայայտութիւններ են հնչեցւել «Ադրբեջանի Հանրապետութիւն. անցեալի փորձառութիւններ, ապագայ հեռանկարներ» մէկօրեայ համագումարում:
Յիշեցնենք, որ թւականիս օգոստոսի 4-ին նոյն վայրում ու նոյն ինստիտուտի (արտգործնախարարութեան Կովկասի հարցերի ուսումնասիրութեան կենտրոն) նախաձեռնութեամբ կայացել է «Հայաստանի Հանրապետութիւն 2010. անցեալի փորձառութիւններ, ապագայի հեռանկար» համագումարը:Նախատեսւում է՝ նոյնօրինակ համագումար կայացւի մօտ ապագայում՝ այս անգամ Անդրկովկասի երրորդ Հանրապետութեան՝ Վրաստանի վերաբերեալ:
*) Այս նիւթին կից ներկայացնում ենք հայաստանեան չորս քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների մեկնաբանութիւնները՝ մասնաւորապէս սոյն համագումարում հնչած նախագահի խորհրդարանական հարցերով օգնական Միրթաջէդդինի խօսքերի առնչութեամբ:
*) Այս նիւթին կից ներկայացնում ենք հայաստանեան չորս քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչների մեկնաբանութիւնները՝ մասնաւորապէս սոյն համագումարում հնչած նախագահի խորհրդարանական հարցերով օգնական Միրթաջէդդինի խօսքերի առնչութեամբ:
0 Պատգամ:
Post a Comment