Հայազգի աստղաֆիզիկոսն


ու նրա գիտական խմբի


անդամները ստացել են

500 հազար ԱՄՆ դոլար


մրցանակ






Սեպտեմբեր 17, 2010 20:50
Ակադեմիկոս, Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումեանի յիշատակը յաւերժացնելու, ինչպէս նաեւ նրա գիտական ժառանգութեան զարգացումը խթանելու նպատակով Հայաստանի նախագահի հրամանագրով հիմնւել է Վիկտոր Համբարձումեանի անւան միջազգային գիտական մրցանակ: Մրցանակը շնորհւում է աստղաֆիզիկայի, ինչպէս նաեւ դրան յարակից՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագաւառներում ակնառու գիտական աշխատանքի համար: Քիչ առաջ Գիտութիւնների ազգային ակադեմիայում տեղի ունեցաւ 2010 թւականի մրցանակակիրների պարգեւատրումը: Մրցանակին արժանացել են շւէյցարացի հանրայայտ աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Միշել Մայորն ու նրա գիտական խմբի երկու անդամները՝ Կանարեան կղզիների աստղաֆիզիկայի ինտիտուտի աշխատակից Գարիկ Իսրայէլեանն ու Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոնի աշխատակից Նունօ Սանտոսը:
Միշել Մայորը արեգակնային տիպի աստղի շուրջ պտտւող առաջին արեգակնային մոլորակի համայայտնաբերողն է: Նրա գիտական խմբի անդամներն ակնառու ներդրում են ունեցել մոլորակնային համակարգերի եւ նրանց կենտրոնական աստղերի հետազոտման բնագաւառում:
Նշենք, որ մրցանակակիրներին ընտրել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանի ղեկավարած՝ 9 հոգուց բաղկացած միջազգային յանձնաժողովը: Մրցանակ ստնալու համար առաջադրւել է 14 յաւակնորդ՝ աշխարհի տարբեր երկրների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից:
Մրցանակը, որը հիմնւել է նախագահ Սերժ Սարգսեանի 2009 թւականի ապրիլի 16-ի հրամանագրով, կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար:

Լուրեր Հայաստանից - NEWS.am


0 Պատգամ: