Գլխաւոր խնդիրը՝ նոր իշխանութիւնների ձեւաւորում
ՀՅԴ հանրահաւաք՝ Աշտարակում
ՀՅԴ ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը սեպտեմբերի 29-ին Արագածոտնի մարզի կենտրոն Աշտարակ քաղաքում իրականացրեց մի հանրահաւաք, որը ուղղւած էր յատկապէս հասարակական անարդարութիւնների եւ քաղաքացու շահերի անտեսման դէմ:
Հանրաւաքին մասնակցում էին այպիսի անձինք, որոնք դուրս էին դրւել իրենց աշխատանքից՝ կուսակցական պատկանելութեան պատճառով:Հանրահաւաքի ընթացքում ՀՅԴ-ն ազդարարեց, որ կուսակցութիւնը գլխաւոր քաղաքական խնդիր է հռչակել նոր իշխանութիւնների ձեւաւորումը:
«Իշխանափոխութեան հասունացման գործընթացը պէտք է սկսւի մարզերից, որ ամէն հայ քաղաքացի հասկանայ Դաշնակցութեան ծրագրի էութիւնը, խորութիւնը եւ աջակցի նրան, որպէսզի կարողանանք ձեւաւորել իրական ազգային իշխանութիւն»,- ելոյթ ունենալով հանրահաւաքում՝ ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը՝ հաւաստիացնելով, որ Աշտարակում կայացած հանրահաւաքից յետոյ՝ նոյնատիպ հաւաքներ կը կազմակերպւեն նաեւ մարզ առ մարզ:
Անդրադառնալով արտագաղթի խնդրին՝ Ա. Ռուստամեանը կոչ արեց չնայած դժւարութիւններին՝ չլքել Հայրենիքը, այլ համախմբւելով՝ մեր խնդիրները լուծել մեր երկրում:Ա. Ռուստամեանը յիշեցրեց նաեւ, որ այս բոլոր սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների մասին Դաշնակցութիւնը խօսել է միշտ՝ նաեւ կոալիցիայի մաս կազմելու տարիներում:
Հանրահաւաքում ելոյթ ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, որը յիշեցրեց մարզին վերաբերւող բոլոր առաջարկները, որոնք անցեալ տարի ներկայացրել է Դաշնակցութիւնը: Անցեալ տարի հանրապետութեան բիւջէն հաստատելու ընթացքում Դաշնակցութեան ֆրակցիան չորս կարեւոր առաջարկ է արել Արագածոտնի մարզի վերաբերեալ, եւ որոնք մերժւել են զուտ քաղաքական դրդապատճառներով:
Դրանք են՝ Արագածոտնի մարզ Արտաշաւան համայնքի մսուր-մանկապարտէզի հիմնանորոգումը, որը, ըստ նրա՝ կարժենար ընդամէնը 42 մլն. դրամ: Արագածոտնի մարզում կարեւոր նշանակութիւն ունեցող Թալին-Կարմրաշէն-Ոսկեթաս-Զօրաւասար-Գառնահովիտ ճանապարհի հիմնանորոգումը, Արագածոտնի մարզի Աշնակ գիւղի ներհամայնքային ճանապարհի եւ նոյն համայնքի Գէորգ Չաւուշի անւան դպրոցի վերանորոգումը:
«Այս մարզում արել էինք այս չորս առաջարկը: Չորսն էլ մերժեցին: Չորսն էլ կառավարութիւնը չընդունեց: Ինչո՞ւ, որովհետեւ մենք այլեւս ընդդիմութիւն էինք: Եւ ուրեմն՝ այդ բոլոր մարդիկ, որ պէտք է օգտւէին այս ջրատարներից, ճանապարհներից, դպրոցից ու մսուրից, դրանից զրկւեցին միայն ու միայն քաղաքական դրդապատճառներով»:
Ըստ Վ. Յովհաննիսեանի՝ սա է ոչ միայն Արագածոտնի մարզում, այլեւ մեր հանրապետութիւնում վարւող քաղաքականութիւնը: Հանրահաւաքում ելոյթ ունեցած ՀՅԴ մարզային կառոյցի ներկայացուցիչները խօսեցին Արագածոտնի մարզպետի կողմից կատարւող անօրինականութիւնների մասին, որը մարզպետի պաշտօնը ստանձնելուց յետոյ՝ քաղաքական հայեացքների անհամապատասխանութեան դէպքում՝ մարդկանց ազատում է աշխատանքից:
Հանրահաւաքի ժամանակ ընդհարում տեղի ունեցաւ, ինչը հարթւեց հանրահաւաքի մասնակիցների եւ ոստիկանութեան աշխատակիցների կողմից:Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին իր խօսքում նշեց նաեւ ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Արծւիկ Մինասեանը: «Ժամանակն է համախմբւել եւ մեր երկրում հաստատել արդարութիւն, որը հնարաւոր է՝ օրէնքի իշխանութեան դէպքում:
Չպէտք է թոյլ տանք քաղաքացու հետ վարւել ինչպէս ցանկանան: Պէտք է երկրում հաստատենք ժողովրդի իշխանութիւն, հայ մարդու իշխանութիւն»:
Հանրահաւաքը լուսաբանում էին մի շարք լրատւամիջոցների ներկայացուցիչներ, նաեւ… ոստիկանութեան աշխատակիցները եւ քաղաքացիական հագուստով այլ ծառայողներ: Սակայն, ի տարբերութիւն լրագրողների, նրանք նկարում էին հանրահաւաքի մասնակիցներին:
«ԱԼԻՔ»
0 Պատգամ:
Post a Comment