Զրոյց-դասախօսութիւն`
Հայ ազգագրական երգերի շուրջ
Երէկ՝ չորեքշաբթի Նարեկացի արւեստի միութիւնում տեղի կունեցաւ զրոյց-դասախօսութիւն Հայ ազգագրական երգերի ծագումնաբանութեան, կատարման և մեկնաբանութիւնների շուրջ` «Սասուն» ազգագրական համոյթի գեղարւեստական ղեկավար Անդրանիկ Մանուկեանի մասնակցութեամբ:
Ինչպէս յայտնում են միջոցառման կազմակերպիչները, զրոյց-դասախօսութիւնը տեղի ունեցաւ ժամը 19.00-ին` Նարեկացի Արւեստի միութիւնում:
Նարեկացի արւեստի միութիւնը Երևանի մշակութային կեանքի յայտնի ու ակտիւ կենտրոններից մէկն է: Այն բարեգործական կառոյց է, որը ստեղծւել է 2004 թ.-ին: ՆԱՄ-ի գլխաւոր նպատակն է հասարակութեան լայն զանգւածներին հասանելի դարձնել մեր հարուստ մշակութային ժառանգութեանն ու մեր պատմութեանը: ՆԱՄ-ը կազմակերպում և իրականացնում է մշակութային տարբեր նախագծեր և միջոցառումներ` ներառեալ բազմաթիւ ցուցահանդէսներ, երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրում, գրքերի շնորհանդէսներ և մասնագիտական դասընթացներ: Բոլոր ծառայութիւնները արւեստագէտներին տրամադրւում են անվճար, և միջոցառումների մուտքն ազատ է լայն հասարակութեան համար:
Իր գործունէութեան ընթացքում ՆԱՄ-ը նաև հրատարակել է մի շարք գրքեր, ալբոմներ, ձայնային և պատկերային խտասալիկներ (CD և DVD), ստեղծել յատուկ կայքէջեր արւեստի տարբեր բնագաւառների գործիչնեի մասին: Այն Երևանում գործող եզակի մշակութային կառոյցներից է, որտեղ հաշմանդամների ազատ տեղաշարժման համար ստեղծւած են բոլոր անհրաժեշտ պայմանները` հնարաւորութիւն ընձեռելով նրանց մասնակից դառնալու ՆԱՄ-ում ծրագրւող և իրականացւող բոլոր ձեռնարկներին:

ԱՅՍՕՐ, 09:11
Aysor.am

0 Պատգամ: