Tuesday, September 28, 2010

ՄԻ ԳԱՒԱԹ ԿԱՐՕՏ...

ՄԻ
ԳԱՒԱԹ
ԿԱՐՕՏ...
(Առաջին կում)

Նոյնպէս՝ որ կարօտը կարող է ունենալ բազմապիսի երանգներ, այնպէս էլ՝ կարելի է գաւաթով խմել ամէն ին՛չ նոյնիսկ՝ մի կում կարօ՜տ... Ժամանակներն անցնում են, ու այդ անցումային պրոցէսից մնում է միայն մի գաւաթ կարօտ՝ իր բոլոր գոյներով ու երանգներով։ Այլ խօսքով, ընդհանրապէս կարօտն ու յուշը այն բացառիկ «ունեցւածք»ներն են, որոնց կարող են ժառանգել նոյնիսկ ամենաընչազուրկ մարդիկ՝ աղքատ անցեալից։
Դրանք՝ քաղցր լինեն կամ՝ դառը, դարձեալ միակ ունեցւածքներն են, որոնք խցկւելով մարդու յուշերի շտեմարանում, զերծ են մնում գողացւելուց ու այդ բոլորը մերթ ընդ մերթ ծորում են կարօտի գաւաթից, եւ մերթ խանդավառում ու մերթ էլ թախիծով է պատում մարդուն։

+++
1964 թւականի աշնանը, երբ իր մէջ այնքան յուշեր փայփայած՝ Նոբահարի հինաւուրց ու նորութիւն բուրող կենտրոնատեղիի փոքրիկ բակում առաջին անգամ տեղի էր ունենում Համահայկական մարզական խաղերը, գուցէ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ դրանք դեռ շարունակւելու են՝ իրենց շառաւիղներով, աւելի քան՝ մօտ կէս դար...եւ դեռ շարունակում ենք։
Նոբահարի այդ (համեմատաբար) խղճուկ շէնքի փայտեայ յատակ ունեցող սենեակներում այնպիսի ճակատագրական որոշում առնւեց, որի արգասիքն այսօր ակնյայտ է: Բայց մենք դեռ երէկւայ փողոցներում ենք, այն փոքրիկ բակի պատերի մէջ, որտեղ խանդավառ երիտասարդներն ու մարզիկները, քայլերգի նւագակցութեամբ, տողանցում էին առաջին Համահայկական խաղերի բացումը կատարելու համար։
Պատկերացնում եմ երիտասարդ ու առոյգ քայլւացքով տողանցում են՝ Յուսիկ Ղուկասեանը, Ալէք Տէր–Պօղոսեանը, Կոլիա Ջաղարբեգեանը, Արա Ծատրեանը, Քուրքչեան եղբայրները՝ արդէն ախոյեան եւ... Անպայման այդ ժխորի անկիւններոմ ոտքի էին կանգնած՝ Հրայր Մարուխեանը, Վաչիկ Ղարաբէգեանը, Էմիլ Մարգարեանը, Սեւակ Սագինեանը, Անուշ Ղարաբէգեանը, Խաչիկ Շատիկեանը, Սիսակ Առաքելեանը եւ շատ ուրիշ հսկաներ։
«Դաշտ» կոչւող բակի մի անկիւնում Ղոլամը նստարաններ է տեղափոխում, Ներսէս (Աբդալեան)ը, որի «պարտականութիւն»ների մէջ էր պահակից մինչեւ Կենտրոնական վարչութեան հանգամանքները՝ հրահանգներ էր արձակում ու որոշումներ փոխանցում, մինչ իր իսկական պաշտօնը՝ կենտրոնատեղիի պահակութիւնն էր միայն։
Նրան յիշելը՝ այսօր էլ հաւատարմութեան յուշեր է փոխանցում։ Առաջին Համահայկականին, մասնակցել էին ընդամէնը՝ 210 մարզիկներ ինը միութիւններից, որոնցից մնացել է միայն մեր պանծալի՝ Հ.Մ.Ա.Կ.–ը։ Բացականերին յիշելը, անպայման անհրաժեշտ է, քանզի նրանք էլ իրենց մասնակցութեամբ ինչ որ կերպ նպաստել են այս տարեկան հոյակապ փառատօնի կայացման ու յարատեւմանը.– Հ. Մ. «Շահազիզ», Հ. Մ. «Սիս», Հ. Դ. Ընթացաւարտների եւ «Հախնազարեան» դպրոցին կից միւթիւնները։
Երբ խօսում ենք «Մի գաւաթ կարօտ»–ից, հնարաւոր չի մոռանալ այնպիսի պահեր ու ապրումներ, որոնք կարօտի իսկական դրսեւորումներն են։ Եւ որոնց արդիւնաւորմամբ կազմւեցին ընտանիքներ ու կերտւեցին սերունդներ... Այն օրերին էլ, միութենական պարտաւորութիւնների կողքին, երիտասարդութեան մօտ ամէն դէպքում առաջին խօսքը՝ ՍԷՐ–ն էր ասում։ Այս երեք տառերից բաղկացած հրաշք համադրութիւնը՝ ինչքա՜ն արցունքներ ու ինչքա՜ն ժպիտներ է պատճառել շատերին։
Անկեղծ ապրումներ, ու մաքուր սէր ու սիրահարութիւն, որոնց զգացական կողմը չի փոխւում նոյնիսկ դարերի ընթացքում։ Այն օրերին, Համահայկական խաղերը հանդիսացաւ առաջին բացառիկ առիթը, որտեղ մայրաքաղաքի տարբեր շրջաններից ու միւս քաղաքներից «ՆՈԲԱՀԱՐ» ժամանած երիտասարդ–ուհիները ընկերական շփումներ էին հաստատում ու սրտեր էին կապւում իրար... եւ դա թէեւ խաղերի ծրագրաւորման մէջ նախատեսւած չէր, սակայն տարիների ընթացքում, եւ մինչեւ այսօր... մնաց չնախատեսւած լուսանցքների կենտրոնում։

+++

Այսօր 46 տարիներ են անցնում այդ յանդուգն մեկնակէտից, եւ այդ սրբազան ու շքեղ երթն այսօր հասնելով իր պատկառելի տարիքին, իր անցեալն յիշելով՝ անկեղծութիւն, արդարութիւն, ըկերասիրութիւն, մտերմութիւն, միութիւն, հաւաքական կամքի իրագործման հաւատք, եւ ինչու չէ՝ անարատ մթնոլորտում հայ մարզիկին վայել մրցախաղերի անցկացում է յուշում։
Եւ անպայման յիշենք՝ թէ այս կէս դարեայ ժամանակամիջոցին, եւ այս տքնաջան երթի ընթացքում, ի՜նչ մարդիկ են եղել, ի՜նչ զոհողութիւններ են իրականացւել, ու ի՜նչ անուններ են մոռացւել... Եթէ յիշեցիք, մեզ էլ յուշէք։

+++

Եւ դեռ մնում են՝ չնախատեսւած լուսանցքային օրակարգները, այսօր՝ մարզաւանի Սասունցի Դաւթի նկարի տակ... Թող անոյշ լինի այս մի կում կարօտը՝ կարօտի գաւաթից։ Ամէն դէպքում, ինչ էլ որ ծորայ կարօտի գաւաթից, քաղցր է ու շարունակական երանիների ակնաղբիւր..


(Երկրորդ Կում)

Ընդհանրապէս առաջին կումը դժւար է կուլ գնում, նոյնիսկ՝ եթէ դա լինի մի կաթիլ յուշ՝ Կարօտի Գաւաթից։
Եթէ դա անցաւ դիւրին, ապա կարելի է ըմպել՝դարձեալ ու դարձեալ եւ ամէն կումից ստանալ կատարեալ հաճոյք, եւ այնպիսի հաճոյք, որը կարելի է ստանալ միայն Սասունցի Դաւթի պատկերի դիմաց կամ տակը կանգնելիս՝ իւրաքանչիւր սեպտեմբերին... նոյնպէս, ինչպէս տեսանք խաղերի բացման օրը։ Կատարւեց 42–րդ խաղերի բացման արարողութիւնը։
Հ.Մ.Ա.Կ.–ի կազմակերպած Համահայկական տարեկան մարզական խաղերը, Կարօտի Գաւաթի մէջ եւս, եղաւ մեր համայնքի կարեւոր իրադարձութիւնը՝ հասարակայնութեան եւ ազգային կեանքում։ Դա հասարակագիտութեան տեսակէտից էլ, լինելով միակ բացառիկ եւ ընծայւած առիթներից մէկը՝ փոխկապակցութեան պայմաններ ստեղծեց ոչ միայն ազգային քաղաքակրթութեան գործօններն ու նախադրեալները համայնքում համատարած դարձնելու համար, այլեւ մեծապէս նպաստեց համայնքի ազգային միասնականութիւնը եւ ազգային ու համայնական մէկ գաղափարի շուրջ միաւորւելու համար։
Նշւած գաղափարը, ոչ թէ քաղաքական իմաստով, այլ հասարակայնութեան տեսակէտից նշանակում է մէկ խօսքով՝ լինել ազգային արժէքների ու սրբութիւնների ջատագովը, եւ ամէն գնով պաշտպանել այդ՝ այլասերումից ու մշակութային ու մտային հաւանական ներխուժումներից։ Երբ նկատի ունենանք համայնքի ներկայ պայմաններն ու համայնքի միասնութիւնը խափանելու փորձ անող մարտահրաւէրները, ապա յստակօրէն կարող ենք ասել, որ նոյնիսկ մարզաւանի տարբեր ու «թոյլատրելի» անկիւններում ժպիտ արձակելն ու Սասունցի Դաւթի նկարի տակ կամ դիմաց շուրթերից ինչ որ ցանկալի խօսքեր շշնջալն էլ նպաստում են վերում նշւած նպատակներին։
Համահայկական մարզական խաղերը լինելով նաեւ բացառիկ առիթ, գաղութի միութիւների մարզական կարողականութիւներն ի յայտ բերելու համար, միաժամանակ չի էլ յաւակնում, որ մարզական դաշտերում երեւան են գալու համայնքի մարզական ամբողջ կարողութիւնները։ Այստեղ իրականութեան մէջ մարզանքի կողքին մենք առաւելաբար երեւան ենք հանում համայնքի այնպիսի կարողութիւններն ու հնարաւորութիւնները, որոնցով ամէն անգամից աւելի բարձր եւ պարզ ենք տեսնում մեր ճակատները, եւ դա մեր միասնականութեան հզօրութիւն է, որ յիշեցնում է այս յայտնի առակը՝ «Եթէ գեղը կանգնի, գերան կը կոտրի»։
Ու Համահայկական մարզական խաղերը յաւակնում է, որ եկել է գերան կոտրելու։ Գերանները միայն ֆիզիկապէս կաղնի ծառերի կտորներ չեն, այլ հակառակը՝ նրանք գերան լինելով հանդերձ շատ յաճախ աննշան ու փոքր են, բայց դրանց ծնկի բերելը երբեմն շատ աւելի դժւար է իսկական գերան կոտրելուց։ Համահայկական մարզական խաղերը համայնքում ստեղծում է գերաններ կոտրելու նպաստաւոր պայմաններ։
Այսօր մեր համայնքում՝ եսասիրութիւնը, ինքնահաւանութիւնը, թշնամութիւնը, քէնախնդրութիւնը, եսակենտրոն մտածելակերպը, ուրիշին թերագնահատելն ու իրեն գերագնահատելը, կեղծաւորութիւնը, չար նախանձը, բամբասանքը, եւ ամենից կարեւորը՝ աչքի մէջի գերանը չտեսնելը՝ ամենամեծ ու վտանգաւոր գերաններն են, որոնց կոտրելու համար նպաստաւոր պայմաններ են ստեղծում Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը եւ նրանից ծնունդ առած՝ Համահայկական մարզական խաղերը, առողջ ու աշխատունակ համայնք ունենալու համար։ Իսկ այս բոլորը համատարած դարձնելու համար էր, որ Հ.Մ.Ա.Կ.–ը դեռ շատ վաղուց, երբ դեռ չկային Համահայկական մարզական խաղերը, նպատակադրեց իր ծառայութեան սահմանները ընդարձակել ամբողջ երկրի տարածքում։
Վերելքն «Արարատ» կազմակերպութեան համար չի սահմանափակւում մի – միայն մարզական, մշակութային եւ այլազան բնագաւառներում նւաճումներ արձանագրելով, այլեւ՝ իր յաջողութիւնների ու նւաճումների բարեյաջող փորձառութիւնները նաեւ գաղութիս միւս համայնքներին փոխանցելու մէջ։ Իսկ առաւելաբար նախնական շրջանում որդեգրած քաղաքականութեան հիմունքով, որի ակնաղբիւրն էր հէնց կազմակերպութեան ճշտած նպատակը՝ համազգային ու ընկերական, մարզական ու միութենական շրջանակերի օղակը ընդարձակելու նպատակով էր, որ Կազմակերպութիւնը որոշեց մասնաճիւղեր ունենալ նաեւ Իրանահայ գաղութի միւս հահահոծ համայնքներում։
Եւ այսպիսով, կազմակերպութեան ցանցն ու ծառայութիւնները ընդարձակելու նպատակով, առաջին անգամ, 1949 թւականի յունիսի 8–ին, կազմակերպութիւնն իր առաջին մասնաճիւղն է ունենում Մասջէդ Սոլէյմանում։ 1949 թւականի օգոստոսի 28–ին հիմնադրւում է Հ.Մ.Ա.Կ.–ի մասնաճիւղը՝ Քերմանշահում եւ նոյն թւականի դեկտեմբերի 28–ին ծնունդ է առնում «Արարատ»–ի Ղազւինի մասնաճիւղը։
Հետզհետէ դրանց են միանում նաեւ Մաշհադի եւ Շիրազի մասնաճիւղերը։ Իսկ նկատի ունենալով համաշխարհային Բ պատերազմի թողած անցանկալի հետեւանքները, դրանցից ոմանք դադարում են աշխատելուց։ Այդ բոլորով հանդերձ «Արարատ» կազմակերպութիւնը չի ընկճւում, եւ անձնատուր չի լինում պայմանների թելադրանքներին ու վերջապէս երկրորդ անգամը լինելով մասնաճիւղերի յարաբերական կապերը սերտացնելու եւ հաւաքականութեան ուժի հզօրութիւնը շեշտաւորելու համար, 1954 թւականի ամռանը հիմնադրւում է Ուրմիոյ, Թաւրիզի ու Գեարդաբադի մասնաճիւղերը, եւ հէնց նոյն թւականի ամռանը՝ Ուրմիայում տեղի են ունենում միջ–մասնաճիւղային առաջին մրցութիւնները՝ Թեհրանի եւ երեք մասնաճիւղերի միջեւ։

+++

Անկասկած՝ միջմասնաճիւղային խաղերը եւս այն մտայղացման շարունակութիւնն էին, որով 1964 թւականից կազակերպեց Իրանահայութեան Համահայկական Մարզական խաղերը։
Այնուհետեւ Համահայկականն ու Միջմասնաճիւղային խաղերը դարձան մէկ գաղափարի ազդեցիկ ու ներգործօն շինարար ձեռքերը, որոնք յաջողութեամբ փորձեցին տեղայնական նեղ ու յետադիմական մտածելակերպերը յետ մղեն ու տիրական ու համատարած դարձնեն միասնութեան համընդհանուր գաղափարի շուրջ իրագործւող միասնականութեան գերագոյն նպատակը։
Այս ամէնից յետոյ Սասունցի Դաւիթն այստեղ ու արագիլն այնտեղ՝ դեռ այցելուներ է փնտրում...
Շատ խորանալով այս հարցում, չմոռանանք, որ Սասունցի Դաւիթը, միայն պատին դաճւած նկար չի, այլ նրա թիկունքի մասում նոյնանուն մարզական սրահն է, որտեղ ամէն օր մրցութիւններ են կազմակերպւում եւ մարզիկներն այնտեղ մեզ սպասում են իրենց քաջալերելու համար...

(Կում Երրորդ)
Համահայկական մրցութիւնների մէջ, իւրաքանչիւր մարզաձեւ իրենց ըստ էութեան բացատրութեան կողքին, ունենում են նաեւ իրենց իմաստը որ խորհուրդ ու պատգամ է փոխանցում։
Այդպիսի փոխանցումները կարող են լինել պատգամ՝ ինքը մարզիկին, մրցակցին եւ կամ ընդհանրապէս մարզասէր դիտողներին ու կամ ցանկացած հետաքրքրւողին։ Թերեւս դիպւածով, համահայկական խաղերի իւրաքանչիւր մարզաձեւը ամբողջ աշխարհի նման, կատարելագործւում է այն ժամանակ երբ դէպի յառաջ ձգտող՝ կամք է դրսեւորւում։
Թէեւ պայման չի այն, որ իւրաքանչիւր ձգտում պիտի յաջողութեամբ պսակւի, սակայն հենց նոյն ձգտումը իրականութեան մէջ խորհուրդ է պատգամում, եւ դա՝ մարզաձեւի ըստ էութեան իմաստի կողքին արտացոլւող մեկնաբանութիւնն է։ Կա՛մք, փո՛րձ, ձգտո՛ւմ եւ ե՛րթ։ Ու հէնց այդ երթից յաջողութեամբ անցնելով է, որ կերտւում է մարզիկը, ախոյեանը եւ անցնում է յաւերժութեան մէջ, որպէս անմոռանալի դէմք կամ տիպար։
Բայց իմաստի երթը այստեղ չի աւարտւում, այլ ընդհակառակը, նոր սկսւում է պատգամի շողարձակումները...

+++

42–րդ Համահայկական Խաղերի չգիտեմ քանիերորդ օրն է, եւ այս մտորումներով տարւած՝ քայլում եմ մարզաւանի դաշտի շրջափակի լայն անցքից։ Այտնեղից՝ ուր տասնեակ երիտասարդ աղջիկներ ու տղաներ աչքներն յառած արդէն սիրային արկածների խորհրդանիշ ու ժամադրավայր դարձած՝ աւանդական էպոս՝ «Սասունցի Դաւթի» պատկերին, եւ ինչ որ բանի են սպասում։
Դեռ չեմ ուզում յիշել այդ պատմական պատկերին կապւող կարօտով լի յուշերն ընդգրկող Կարօտի Գաւաթին, որոնցից իւրաքանչիւրրը կարող են Կարօտի մի քանի Գաւաթներից ծորող կում գնացող հալալ քաղցր հիւթեր լինեն։
... Ճիշտ հէնց այդ պահերին, միջավայրին շատ տարօրինակ կրակոցի ձայն է լսւում։ Տարւած պայմանների ազդեցութիւնից, նայում ենք մարզաւանի պատերին... ի՜նչ միամիտ եւ միաժամանակ յիմար ռէակցիա...
Այնքան ենք տարւել առօրեայ մանր ու հասարակ ու չնչին հարցերով, որ չենք էլ նկատում, որ մարգագետնի դաշտի շուրջ, վազքի մրցութիւններ են անցկացւում, եւ այդ կրակոցը ոչ թէ՝ մտահոգութեան առարկայ, այլ խանդավառութեան առիթ պիտի դառնար։ Միթէ՞ չէ որ այն ծացում, վազքի մրցութիւններ էին ու այդ կրակոցը երթի, թռիչքի, ցատկումի ու վերելքի ազդանշանն էր։
Երթ ու թռիչք ու վազք, որոնք այս մարզաձեւի միայն մէկ կողմը լինելով, շարժում, յառաջխաղացք, վերելք ու նւաճումներ են խորհրդանշում։

+++

Տեսնում եմ ժամանակի երկրի մակարդակի թեթեւ ատլետի ախոյեան, Իրանի հաւաքականի ժամանակի անդամ, եւ... Էդւարդ Սալմասիին, որի վազքը՝ 1970– ական թւականներին, ոչ միայն Համահայկական խաղերին, այլ նաեւ Իրանի եւ Ասիայի մակարդակի մրցոյթներում պակաս նման չէր սրնթաց Յովւազին, որն իր արագութեամբ օդը ճեղքելու հետ միասին, պատռում էր նաեւ բոլոր այն շղարշները, որոնք պիտի խոչընդոտէին իր երթը դէպի մարդկային բարձունքները։
Եւ նրա կողքին, սկսնակ թեթեւ ատլետիստների կողքին էին նաեւ ուրիշ վաստակաւոր եւ ռեկորդներ ջախջախող մարզիկ–մարզկուհիներ, որոնք ժամանակին չգնահատւելով հանդերձ, այսօր նոր սերնդին ոչ միայն թեթեւ ատլետի, այլ նաեւ «Իրական վազելու» եւ մարդկային արժէքների գագաթները նւաճելու օրէնքներն էին սերտել տալիս։ Միեւնոյն ժամանակ, որ յիշում ենք այս մարզաճիւղի վաստակաւորներին՝ Հերոս Քաջբերունի (Դանէշվար), Էդիկ Սալմասի, Վարուժ Արմէնեան, Սուրէն Ղազարեան, Վիկտոր Ղարիբեան, Յասմիկ Մանուկեան, Ռիմա Աշէղ, Ժանետ եւ Ժենիա Սուքիասեաններ, Քարմէն Ալլահվերդեան, Հելէն Հաթամեան, Ժուլիէտ Գէորգեան, Ժուլիէտ Ջուակիմ, եւ... շատ շատերին, որոնց մասին պիտի խօսենք առանձին, մտածում եմ, այն մասին, թէ՝ իսկապէս, կեանքի վազքում, երբ նպատակը պարզ է ու ճամբան յստակ, ո՞վ է դառնում իսկական ախոյեանը։ Երբ խօսում ենք այն մասին, որ իւրաքանչիւր մարզաձեւ, իր ըստ էութեան բացատրութիւնից բացի, ունի նաեւ փոխաբերական իմաստ ու պատգամ, ինչպէս նաեւ խորհուրդ, աւելի է շեշտաւորւում այն մոռացւած իրողութիւնը, որ մենք իւրաքանչիւրս, թէեւ ֆիզիկապէս չենք վազում մարզաւանի մարգագետնի շրջակայ եզերքներից, մանաւանդ հասարակական կամ մարդկային ոլորտներում, քանի՞ մետր–ժամ ենք վազում, եւ այդ վազքի արդիւնքում, մարդկային չափանիշներով քանի՞, եւ ինչ արժողութեա՞մբ մեդալիոններ ենք շահում...
+++
Ահա այստեղ է, որ գերազանց է գնահատւում Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան նախաձեռնած Համահայկական Խաղերի դերակատարութիւնը։ Նախ սերունդներին ուղղութիւն տալով թէ՝ ո՞րն է իրենց վազքի ուղին, ո՞րն է «սթարթ»ի եւ վերջապէս՝ «ֆինիշ» ի կէտերը։
Ո՞րն է վազքի սկիզբը, ո՞րն է վերջը, եւ թէ՝ ինչ ուղիո՞վ պիտի ընթանալ իդիալական նպատակակէտին հասնելու համար։ Եւ այս է եղել ու կը մնայ Հ.Մ.Ա.Կ.–ի Համահայկական Խաղերի իմաստը, խորհուրդը եւ պատգամը։ Եւ միաժամանակ, Մի Գաւաթ Կարօտ, որ Համահայկականի իւրաքանչիւր շրջան հրամցնում է իրենով հետաքրքրւողներին։
Այսօր մի կում էլ ըմպեցինք այդ կարօտի գաւաթից՝ յիշելով՝ Հերոս Քաջբերունուն, Էդիկ Սալմասիին, Վարուժ Արմէնեանին, Սուրէն Ղազարեանին, Վիկտոր Ղարիբեանին, Յասմիկ Մանուկեանին եւ շատերին, որոնք եթէ Մարզաւաի Սասունցի Դաւիթը չեն տեսել, գէթ ժամադրւել են Նոբահարի կենտրոնատեղիում՝ բասկետբոլի զամբիւղի տակ, կամ Խորէնի բուֆէում, գուցէ եւ թատրոնի փորձի պահին՝ արդէն հնամաշ քուլիսների առջեւ... Թող անուշ լինի այս կումն էլ...
Հ.Մ.«Արարատտ» Կազմակերպութեան կայքէջից՝

0 Պատգամ: