Անկախ Հայաստանը

19 տարեկան է


ՇՆՈՐՀԱՒՈՐ՝ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ



09:15 • 21.09.10
Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակման 19-րդ տարին:
Հայաստանի Գերագոյն խորհուրդը 1991թ. մարտի 1-ին ընդունեց Հայաստանի Հանրապետութեան տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերեալ հանրաքւէ անցկացնելու մասին որոշումը։ ԽՍՀՄ օրէնսդրութեանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածում անցկացւեց հանրաքւէ՝ «Համաձա՞յն էք, որ Հայաստանի Հանրապետութիւնը լինի անկախ ժողովրդավարական պետութիւն ԽՍՀՄ-ի կազմից դուրս» հարցով։ Հանրաքւէին մասնակցելու իրաւունք ունեցող 2 միլիոն 56 հազար 758 քաղաքացիներից 2 միլիոն 42 հազար 627-ը (94.39%) Հայաստանի անկախութեանը «այո» ասացին։ Գերագոյն խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրաքւէի արդիւնքների հիման վրայ Հայաստանի հանրապետութիւնը հռչակեց անկախ պետութիւն։

ՀՀ Անկախութեան հռչակագիր

Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը՝ արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատւութիւնը Հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայութեան իղձերի իրականացման և պատմական արդարութեան վերականգնման գործում, ելնելով մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, զարգացնելով 1918 թւականի մայիսի 28-ին ստեղծւած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

Անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանւանւում է Հայաստանի Հանրապետութիւն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետութիւնն ունի իր դրօշը, զինանշանը և հիմնը:
2. Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան պետութիւն է՝ օժտւած պետական իշխանութեան գերակայութեամբ, անկախութեամբ, լիիրաւութեամբ: Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը և օրէնքները:
3. Հայոց պետականութեան կրողը Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդն է, որն իր իշխանութիւնը իրագործում է անմիջականօրէն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան և օրէնքների հիման վրայ: Հանրապետութեան ժողովրդի անունից հանդէս գալու իրաւունքը պատկանում է բացառապէս Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդին:
4. Հայաստանի Հանրապետութեան տարածքում բնակւող բոլոր քաղաքացիների համար սահմանւում է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւնը: Արտերկրի հայութիւնը Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան իրաւունք ունի: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները գտնւում են նրա պաշտպանութեան և աջակցութեան ներքոյ: Հայաստանի Հանրապետութիւնը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրաւահաւասար զարգացումը՝ անկախ ազգութիւնից, ռասայական պատկանելութիւնից և դաւանանքից:
5. Հայաստանի Հանրապետութիւնը իր անվտանգութիւնը և սահմանների անձեռնմխելիութիւնը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագոյն խորհրդին ենթակայ սեփական զինւած ուժեր, ներքին զօրքեր, պետական և հասարակական անվտանգութեան մարմիններ: Հայաստանի Հանրապետութիւնը ունի ԽՍՀՄ սպառազինութեան իր մասնաբաժնի իրաւունքը: Հայաստանի Հանրապետութիւնն ինքն է որոշում իր քաղաքացիների զինւորկան ծառայութեան կարգը: Այլ երկրների զօրամիաւորումները, նրանց ռազմական բազաները և շինութիւնները կարող են տեղաբաշխւել Հայաստանի Հանրապետութեան տարածքում միայն նրա Գերագոյն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերը կարող են օգտագործւել միայն նրա Գերագոյն խորհրդի որոշմամբ:
6. Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս միջազգային իրաւունքի սուբեէկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականութիւն, անմիջական յարաբերութիւններ է հաստատում այլ պետութիւնների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմաւորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպութիւնների գործունէութեանը:
7. Հայաստանի Հանրապետութեան ազգային հարստութիւնը՝ հողը, ընդերքը, օդային տարածութիւնը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտաւոր, մշակութային կարողութիւնները, նրա ժողովրդի սեփականութիւնն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշւում է Հայաստանի Հանրապետութեան օրէնքներով: Հայաստանի Հանրապետութիւնը ունի ԽՍՀՄ ազգային հարստութիւն, այդ թւում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալիւտային ֆոնդերի մասնաբաժնի իրաւունք:
8. Հայաստանի Հանրապետութիւնը սեփականութեան բազմաձևութեան հիման վրայ որոշում է իր տնտեսավարման սուբյէկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայութիւններ:
9. Հայաստանի Հանրապետութիւնը իր տարածքում ապահովում է՝ խօսքի, մամուլի, խղճի ազատութիւն. օրէնսդիր, գործադիր և դատական իշխանութիւնների իրաւահաւասարութիւն, իրաւապահ մարմինների և զինւած ուժերի ապաքաղաքականացում:
10. Հայաստանի Հանրապետութիւնը ապահովում է հայերէնի, որպէս պետական լեզւի, գործառութիւնը հանրապետութեան կեանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթութեան, գիտութեան և մշակոյթի սեփական համակարգ:
11. Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում և Արևմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:
12. Սոյն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան մշակման, իսկ գործող սահմանադրութեան մէջ՝ փոփոխութիւնների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունէութեան, հանրապետութեան նոր օրէնսդրութեան մշակման համար:

Tert.am

0 Պատգամ: