Հոլիվուդում
Վարդան Մամիկոնեանի
մասին ֆիլմ են
նկարելու

Սեպտեմբեր 15, 2010 13:59
Հոլիվուդում աշխատող հայազգի Ռոջեր Կուպելեանը, ով ընդգրկւած է եղել շուրջ 50 հոլիվուդեան ֆիլմերի արտադրութիւնում, այդ թւում՝ «Մատանիների տիրակալը» եռապատումը եւ «Տերմինատոր 4»-ը եւ այլն, եղբօր՝ Արմէն Կուպելեանի հետ միասին Հոլիվուդում ձեռնարկել են Վարդան Մամիկոնեանի մասին պատմական ֆիլմի ստեղծումը։
Fugitive Studios Entertainment ընկերութեան ղեկավարներ` Կուպելեան եղբայրների ֆիլմի տեսահոլովակի (թրէյլերը) հայաստանեան շնորհանդէսը տեղի կունենայ հէնց «ՌեԱնիմանիա 2010» միջազգային անիմացիոն կինոփառատօնի MarAni բիզնես- ֆորումի ժամանակ։
Կուպելեան եղբայրներն արդէն եօթ տարի է աշխատում են Վարդան Մամիկոնեանի մասին պատմող ֆիլմի սցենարի եւ նախապատրաստական աշխատանքների վրայ, բանակցութիւններ են վարել հոլիվուդեան յայտնի ստուդիաների հետ։
Ֆիլմի ստեղծման գաղափարը շատերին է հետաքրքրել՝ անգամ օսկարակիր դերասանների, յայտնի ֆիլմ արտադրող ստուդիաների՝ այդ թւում Մել Գիպսոնի M power production ընկերութեանը եւ մի շարք այլ ստուդիաների, որոնք համագործակցութեան ցանկութիւն են յայտնել, սակայն, այդուամենայնիւ, ֆիլմի նկարահանման աշխատանքները դեռեւս չեն սկսել։ Fugitive Studios Entertainment գործառնական տնօրէն, ֆիլմի հեղինակներից Արմէն Կուպելեանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց, որ արդէն եօթ տարի է աշխատում են ֆիլմի վրայ, ստեղծել են ֆիլմի տեսահոլովակը (թրէյլերը), սակայն, բուն ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ է 40-50 միլիոն դոլար, որը դեռեւս չի գտնւել։
Ա. Կուպելեանի խօսքով՝ որեւէ արտասահմանեան ֆիլմարտադրող ստուդիա, որը ցանկանում է համագործակցել եւ որոշակի ֆինանս տրամադրել ֆիլմի նկարահանման համար, նախ եւ առաջ ցանկանում է, որպէսզի 40-50 տոկոս ֆինանսաւորումն արդէն լինի, իսկ մնացած գումարը ինքն է յատկացնում։
«Մեր երիտասարդութեանը հերոս է պէտք, իսկ հայութեան մէջ մենք ունենք այնպիսի հերոսներ, որոնք դժբախտաբար ճիշտ ձեւով չենք ներկայացրե, իսկ արդիւնքում երիտասարդները հերոսներ են փնտրում դրսում»,-ասաց Ա. Կուպելեանը՝ յաւելելով, որ ֆիլմի կարեւոր է յատկապէս Հայ երիտասարդների համար, ու նաեւ հնարաւորութիւն է օտարներին մեր եւ մեր պատմութեան մասին տեղեկացնելու։
Ա. Կուպելեանի խօսքով՝ ուրիշ երկրների կառավարութիւնները՝ օրինակ՝ Ռումինիա, Բուլղարիա, աւելի հետաքրքրւած են այս նախագծի իրականացմամբ, Ռումինիայի կառավարութիւնը անգամ հրաւիրել է այնտեղ նկարահանումներ իրականացնելու, սակայն Հայ ֆիլմարտադրողները նախընտրում են ֆիլմը նկարահանել հէնց Հայաստանում, եւ ֆիլմի ստեղծման աշխատանքներում օգտագործել հայերին:
«Հետաքրքրական է, որ ուրիշ երկրների կառավարութիւնները աւելի հետաքրքրւած են ֆիլմի ստեղծմամբ, քան մեր կառավարութիւնը»,-ասաց Ա. Կուպելեանը՝ յաւելելով, որ մինչեւ անգամ «Խիզախ սիրտը» կամ «Գլադիատորը» ֆիլմերում նկարահանւած Հայ դերասանները մեծ ցանկութիւն ունեն եւ ոգեւորւած են այս գաղափարով։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: