ԱԳ նախարար.–
Ադրբեջանի վարքագիծը
«հակասում է ՄԱԿ-ի
սկզբունքներին»
«Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցւածքին, նրա
ռազմական բիւջէի բազմապատկմանը, պատերազմական
հռետորաբանութեանը եւ սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի
անվտանգութեանը եւ կայունութեանը»
Սեպտեմբերի 21-ին սկսւեց արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի այցելութիւնը Նիւ-Եորք:
Ինչպէս յայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատւութեան վարչութիւնից, Միաւորւած ազգերի կազմակերպութեան կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց եւ ելոյթ ունեցաւ 2000 թ. ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակւած Հազարամեակի զարգացման նպատակների իրականացմանը նւիրւած գագաթաժողովին, որի ընթացքում անդրադարձաւ Հայաստանում այդ ուղղութեամբ կատարած եւ ձեռնարկւելիք քայլերին ու արձանագրւած առաջընթացին:
Սոյն համատեքստում Էդւարդ Նալբադեանը անդրադարձ կատարեց նաեւ անվտանգութեանն առնչւող հարցերին, յատկապէս Հարաւային Կովկասի տարածաշրջանում: Այդ առնչութեամբ նա մասնաւորապէս ասաց.
«Ընդունելով, որ անվտանգութիւնը եւ զարգացումը սերտօրէն միահիւսւած են, Հազարամեակի Հռչակագրում կառավարութիւնները յանձն են առնում ջանքեր չխնայել ապահովագրելու ժողովուրդներին պատերազմի արհաւիրքներից, ինչպէս երկրների ներսում, այնպէս էլ պետութիւնների միջեւ: Այդ առումով սպառազինութիւնների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն խաղաղութեան եւ անվտանգութեան, այլ նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Դժբախտաբար, մեր տարածաշրջանում էլ կան այդպիսի վտանգներ»:
ՀՀ ԱԳ նախրարը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերեալ համաձայնութեան գալու առաջարկը և նշել, որ «սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միաւորւեցին գալիք սերունդներին պատերազմի արհաւիրքից զերծ պահելու նպատակով»:
«Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցւածքին, նրա ռազմական բիւջէի բազմապատկմանը, պատերազմական հռետորաբանութեանը եւ սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգութեանը եւ կայունութեանը:
Մինչ մենք խօսում ենք Հազարամեակի զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրւած առաջընթացից եւ կիսում մեր մտահոգութիւնները դեռեւս չիրականացւած նպատակների շուրջ, կան ժողովուրդներ, որոնք միջազգային հանրութեան ուշադրութիւնից դուրս են մնացել», - ասել է Էդւարդ Նալբանդեանը:
Նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեռնարկում է առաւելագոյնը իր տարածքում աւելի բարենպաստ կեանքի պայմաններ ստեղծելու եւ մարդու իրաւունքների պաշտպանութիւնը ապահովելու համար:
«Եւ նա դա անում է առանց միջազգային հանրութեան աջակցութեան: Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակութեան ծրագրեր: Քանի դեռ անգործութեան արդիւնքում չի յաջողւում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամեակի Զարգացման բոլոր նպատակները իրականացւել են եւ համաշխարհային մակարդակով ապահովւել է հաւասարութիւն եւ արդարութիւն»:
Նիւ-Եորք այցելութեան ընթացքում արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը հանդիպումներ կունենայ ՄԱԿ-ի ղեկավարութեան, ինչպէս նաեւ տարբերի երկրների իր գործընկերների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սեպտեմբերի 25-ի երեկոյեան Էդւարդ Նալբանդեանը ելոյթ կունենայ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նստաշրջանում: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը կմեկնի Բոստոն, ուր հանդիպում կունենայ Հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Յաջորդ օրը նախատեսւած է Հայաստանի արտգործնախարարի ելոյթը Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցում:
ԱՅՍՕՐ, 11:15
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment