Համահայկական հիմնադրամի
հեռուստամարաթոնը`
նոյեմբերի 25-ին
Այս տարւայ դրամահաւաքը նւիրւած է լինելու Լեռնային Ղարաբաղի
ջրամատակարարման համակարգի խնդիրների լուծմանը, ինչպէս նաև
կշարունակւեն Հայաստանի գիւղերի զարգացման ծրագրերը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի աւանդական հեռուստամարաթոնն այս տարի կը կայանայ նոյեմբերի 25-ին: Այսօր ասուլիսում Հիմնադրամի գործադիր տնօրէն Արա Վարդանեանը տեղեկացրեց, որ վաղւանից սկսւում է դրամահաւաքի աւելի բուռն ժամանակաշրջանը, որը կտևի մինչև դեկտեմբերի վերջ: Կիրառւելու են նաև նւիրատւութեան այլ ձևեր` Հայփոստի և sms հաղորդագրութիւնների միջոցով: Այս տարի նորութիւնն այն է, որ sms նւիրատւութիւնն իրականացւելու է բոլոր օպերատորների միջոցով` 8000 կարճ համարին ուղղարկւելու է հաղորդագրութիւն և տւեալ հաշւից գանձւելու է 500 դրամ: Հեռուստամարաթոնը 12 ժամ առանց գովազդների հեռարձակւելու է հայկական 3 հեռուստաալիքներով` Հանրային, Արմէնիա և Շանթ: Ուղիղ միացումներ են լինելու Ֆրանսիայից և, հնարաւոր է, նաև Ռուսաստանից: Հեռուստամարաթոնին նախորդելու է Մոսկւայում բարեգործական ճաշկերոյթ` ՀՀ և ԼՂՀ նախագահների մասնակցութեամբ:
«Խոշոր բարերարների հետ աշխատանքն իրականացւում է հէնց նախագահների կողմից: Իրենց գործուն աջակցութեան շնորհիւ է, որ իւրաքանչիւր տարի ունենում ենք մեծ նւիրատւութիւններ»,- շեշտեց Ա. Վարդանեանը:
Բարեգործական ճաշկերոյթ է լինելու նաև Արգենտինայում, իսկ նոյեմբերի 17-19-ին կը կայանայ համաեւրոպական ֆոնետոնը, որի ժամանակ շուրջ 600 բարերարներ զանգում են մեր հայրենակիցներին եւրոպական երկրներում և խնդրում նւիրատւութիւններ կատարել:
Ա. Վարդանեանը նշեց, որ 3 տարի շարունակ հիմնադրամի հեռուսատամարաթոնի գլխաւոր հովանաւորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որն այս ընթացքում 2 միլիոն 300 հազար դոլար գումար է յատկացրել: Այս տարի ընկերութիւնը յատկացնում է 163 միլիոն դրամ:
«Սա մի շատ կարևոր առաքելութիւն է, որ ՎիվաՍելն իրականացնում է և, համոզւած եմ, որ մեր համագործակցութիւնը լինելու է յարատև»,- ասաց Ա. Վարդանեանը:
Այս տարւայ դրամահաւաքը նւիրւած է լինելու Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի խնդիրների լուծմանը, ինչպէս նաև կշարունակւեն Հայաստանի գիւղերի զարգացման ծրագրերը:
«Ցանկացած լումայ, որ նւիրատրւում է, նւիրատրւում է ոչ թէ Համահայկական հիմնադրամին, այլ Հայաստանին և Ղարաբաղին: Մենք ուղղակի միջնորդ ենք»,- նշեց Ա. Վարդանեանը` հաւաստելով հիմնադրամի գործունէութեան թափանցիկութիւնը:
«Թափանցիկ որ չլինէիք, մենք ձեր կողքին չէինք կանգնի»,- նրան արձագանքեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը, յաւելելով, որ ընկերութիւնը 2005-ից միշտ մասնակցել է դրամահաւաքին և ամէն տարի ականատես է եղել, թէ ինչ ծրագրեր են իրականացւում Հայոց աշխարհում` Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում:
Հեռուստամարաթոնի հովանաւորներն են Ամերիաբանկը, Արդշինինւեստբանկը, Ակբաբանկը, Արցախբանկը և Հայփոստը:

ԱՅՍՕՐ, 12:29
Aysor.am

0 Պատգամ: